Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, BBC-ի ռուսական ծառայության թղթակից Գրիգոր Աթանեսյանը, որը Մարտի 1-ի գործին առնչվող եւ վերջին օրերին ակտիվ քննարկվող հոդվածի հեղինակն է, լրատվամիջոցի հերթական թողարկումներից մեկում օրերս ասել է. «Մենք չգիտենք, թե ով է կրակել ցուցարարների վրա։ Մենք գիտենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունն ինչ-որ պահի տվյալներ է ստացել այն մասին, որ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, հայտնի Օգանովսկի անվամբ, կարող էր ինչ-որ դեր ունեցած լինել այդ իրադարձություններում»: Այնուհետեւ Գրիգոր Աթանեսյանը նկատել է` դժվար է ասել, թե Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վրա ինչպես կանդրադառնա քննչական մարմնի այն վարկածը, թե գներալ-մայոր Սամվել Կարապետյանի` մարտյան իրադարձությունների ժամանակ Երեւան եկած զինվորականների խմբին այցելել են նշյալ նախագահները։
«Նախորդ տարի Օգանովսկին հարցաքննվել է 4 ժամ, այդ լուրջ տվյալները քննչական մարմինն առաջադրել է, բայց նա մնացել է վկայի կարգավիճակում։ Ուստի մենք չգիտենք` քննությունը գտա՞վ այդ ամենի հավաստիացումը, թե ոչ։ Եթե քննության այդ տվյալները հաստատվեն, բնականաբար, պետք է որ ազդեցություն ունենան երկու նախագահների վրա»:
Աթանեսյանն անդրադարձել է նաեւ իր հոդվածի առնչությամբ ներհայաստանյան արձագանքներին` ասելով, որ կարծիքները տարբեր են. «Դավադրությունների տեսությունների մասին խոսակցություններ են շրջանառվում, որոնք ցույց են տալիս հանրության անառողջ լինելը եւ դավադրությունների տեսություններով «վարակված» լինելը, բայց եթե հատուկ քննչական ծառայությունը ինչ-որ տեղեկություններ է ստացել տվյալ անձի մասին, ապա նա հիմա պետք է մեկնաբանի դրանք»:
Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ