Իջեւանում համայնքապետի ընտրությունները նշանակվել են դեկտեմբերի 8-ին ու սա տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք էր տվել առ այն, որ Իջեւանում ծառահատումների թեմայով բողոքի ցույցերից հետո այնտեղ սասանվել է Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը եւ նրա հրահանգով ընտրությունները հետաձգել են:
Aravot.am-ի հետ զրույցում Իջեւանի ավագանու անդամ Թաթուլ Աթաբեկյանն ասաց, որ գործող քաղաքապետի լիազորությունն ավարտվում է դեկտեմբերի 22-ին, ուստի ոչ մի օրենք չի խախտվել ու որեւէ խախտում չի եղել:
Ավագանու անդամ Խաչատուր Համզյանի խոսքով՝ «Իջեւանի քաղաքապետի ընտրությունները շուտ են եղել, բայց լիազորությունը սկսել է դեկտեմբերից, դրա համար լիազորությունների ավարտը դեկտեմբերին է, ոչ թե սեպտեմբերին»:
Ավագանու անդամները վստահեցրին, որ որեւէ հրահանգ չի եղել ու առավել եւս՝ Նիկոլ Փաշինյանի հեղինակության անկում չկա Իջեւանում: Համզյանն ասաց. «Ի՞նչ իմաստ ունի սեպտեմբերին ընտրություններն անել, եթե միեւնույն է, լիազորությունները պետք է գործեն դեկտեմբերից»: Մեր դիտարկմանը՝ դա այսպես է մեկնաբանվում, որ ընտրությունները պետք է սեպտեմբերին լինեին, բայց քանի որ ծառահատումների խնդրի հետ կապված մտավախություն կա, որ Փաշինյանի նախընտրած իշխանական թեկնածուն չի անցնի, դրա համար հետաձգել են՝ Աթաբեկյանը պատասխանեց. «Նախընտրած թեկնածուի առումով ոչինչ չեմ կարող ասել, բայց կոնկրետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկում Իջեւանում չեմ կարծում, որ կա, ընդհակառակը»:
Կարդացեք նաև
Հարցին՝ ճի՞շտ է, որ իշխանական թեկնածուն լինելու է Փաշինյանի ընկեր ու կնքահայր Հայկ Ղալումյանը՝ նախկին մարզպետ Վահե Ղալումյանի եղբայրը՝ Աթաբեկյանը պատասխանեց, որ քանի դեռ որեւէ որոշում չկա այդ մասին, ոչինչ չեն կարող ասել. «Այստեղ խոշորացման հարցն էլ է քննարկվում, դրա համար ընտրությունների հետ կապված որոշակի անորոշության խնդիր կար: Մարզում միայն Իջեւանն է, որ խոշորացված չի, այդ առումով քննարկումներ էին գնում եւ հնարավոր է, որ այդ հետաձգում ասածը դրա հետ էլ կապված լինի: Բայց օրենքի խախտում այստեղ չկա, որովհետեւ դեկտեմբերի 22-ին նոր ավարտվում են քաղաքապետի լիազորությունները ու նա ժամանակավոր պաշտոնակատար չէ»:
Աթաբեկյանը նշեց, որ քաղաքապետի թեկնածուների որոշ անուններ շրջանառվում են, բայց հստակություն չկա: Հարցին՝ համենայնդեպս, Ղալումյանի անունը շրջանառվո՞ւմ է՝ նա պատասխանեց. «Հա, շրջանառվում է ե՛ւ իր անունը, ե՛ւ գործող քաղաքապետինը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ