Սկիզբը կարող եք կարդալ այստեղ՝ ԳԼՈՒԽ 1, ԳԼՈՒԽ 2, ԳԼՈՒԽ 3, ԳԼՈՒԽ 4, ԳԼՈՒԽ 5, ԳԼՈՒԽ 6, ԳԼՈՒԽ 7, ԳԼՈՒԽ 8
ԳԼՈՒԽ 9
Քայլ
Քամի…
Կարդացեք նաև
Հողմը ծեծում է դռնե՜ր…. դռնե՜ր…. դռնե՜ր…
Ի՞նչ կա այնտեղ՝ երբ կոպերն են խուփ, իսկ մարդը՝ բացակա։
Եվ որտե՞ղ է արտասովոր ոգեշնչման այն եզերքը, որից կյանքի աղբյուրներ են բխում։
Օ՜ մեծագո՛ւյն ունայնություն…
Օ՜ անմատնահար սիրո անձրևներ, որ իջնում եք փշրված նավերի վրա։
Քամի…
Եվ ճկվում են հողմախռիվ ծառեր, և ունայնությունը վախեցնում է մարդուն։ Նա սկսում է ճանաչել խորհրդածության խորհուրդը, սակայն չկա հիշողություն, որից կյանքն է սկզբնավորվել։
Ո՞վ գիտի, թե ինչպես է բաբախում սիրտը, երբ թարթիչներն են ձույլ, իսկ միտքը գոյատևում է այնտեղ, ուր չկա հասկացողություն և իմաստ չկա։
Մարդն ապրում է կյանքին շղթայված, ապրում է ակամա՝ ենթագիտակցության մեջ ըմբռնելով մեկ այլ ժամանակ, մեկ այլ տարածություն և գոյություն մեկ այլ։
Ի՞նչ կա այնտեղ, ո՞վ է քո անձից դուրս բնակվողը, ո՞վ է մեկ այլ կյանքով ու բանականությամբ ապրող քո ես-ը։
Դո՞ւ ես արտացոլում Աստծո պատկերը, թե՞ նա։
Նա՞ է արարված Արարչի պատկերով, թե՞ դու։
Հողմը ծեծում է դեմքե՜ր…. դեմքե՜ր…. դեմքե՜ր…
Իսկ անկողնու սպիտակեղենի մեջ աննշան մարդը չի ուզում արթնանալ, քանզի ատում է իրականության մերկապարանոց ճշմարտությունը։
Բացվել էր չորրորդ օրվա առավոտը, սակայն Ալեքսանդր Գոմեսը չէր սթափվում խորնիխոր քնից։ Գթության քույրերը զօր ու գիշեր հերթապահում էին նրա մահճակալի մոտ, սննդարար հեղուկը կաթիլ-կաթիլ կյանք էր լցնում երակի մեջ, իսկ բժշկական թանկարժեք սարքը սրտի աշխատանքն էր կարգավորում։ Մղձավանջը չէր լքում նրան, գետնափոր մենախցի ավերակներում անթեղված միտքը չէր վերադառնում։ Սա ամերիկյան բանակի գլխավոր հոսպիտալն էր։ Այստեղ բուժօգնություն էին ստանում ամենածանր վիրավորները։ Նրանց տեղափոխում էին UN-1 ուղղաթիռներով, որոնք առանձնահատուկ կարևորություն ունեին Վիետնամի պատերազմում, քանզի իրականացնում էին շեշտակի գրոհներ, զինվորներ էին կորզում շրջափակումից և կամ հատուկ ծառայության ջոկատներ էին տեղաբաշխում՝ մեծապես ընդլայնելով պատերազմի լայնածավալ գործողությունը։
Մենք բոլորս գիտենք, թե մարդն ինչպես է վերադառնում մղձավանջից, ուստի չեմ նկարագրի կապիտան Գոմեսի չարչարանքը։ Կսկսենք այն պահից, երբ բժիշկը քննում էր նրա բանականությունը՝ զանազան հարցեր տալով, և ֆիզիկական վիճակին էր անդրադառնում՝ շոշափելով աղիներն ու ոտնաթաթերը։
– Որտե՞ղ է կապիտան Հենրի Լեսսինգը,- հանկարծ և շեշտակի հարցրեց Ալեքսանդրը։- Նա՛ էր ինձ փրկողը, ճի՞շտ է։
– Ճիշտ է, բարեկամ։- Բժշկից խաղաղություն էր ճառագում։- Քո փրկությունը թանկ նստեց մերոնց վրա։ «Թունելային առնետներից» ութ հոգի զոհվեցին, բայց Հենրի Լեսսինգը ողջ է։ Հիշո՞ւմ ես վերջին իրադարձությունները։
Կապիտան Գոմեսը սարսափում էր «վերջին իրադարձություններ» բառակապակցությունից։ Հուշերի յուրաքանչյուր ակնթարթը ցավ էր, և հիմա ցավն էր կառչել նրա մարմնից՝ շամփրելով փթանոց, կապտասև խոցերով ոտնաթաթերը։
– Ցավազրկող տվեք, խնդրում եմ։- Ալեքսանդրը զգում էր, որ հոգնել է անտանելի, որ մղձավանջը քամել է վերջին ուժերը։ Սակայն ամենից առաջ ու հետո՝ հյուծվել էր բարոյապես։- Ես դիմացա անմարդկային տանջանքներին ու չմատնեցի՛ մերոնց։ Բայց կորցրեցի ոտքերիս տասը մատները։ Ճիվաղնե՛ր…
Բժիշկը շարունակում էր մանրակրկիտ իր ուսումնասիրությունը։
– Բախտդ բերել է։ Եվս մի քանի օր, և փտախտը պատրաստ էր։ Բայց հիմա ամեն բան ետևում է։ Կկազդուրվես այստեղ, քայլել կսովորես նորից ու տուն կգնաս։ Պատերազմը քե՛զ համար վերջացած է։
Քույրը ցավազրկող ներարկեց կատարյալ վարպետությամբ։ Թվում էր՝ ասեղը բնավ չի ծակել մաշկն ու հյուսվածքները։
– Դե լավ,- գործն ավարտելով՝ շարունակեց բժիշկը,- վիճակդ տանելի նորմալ է։ Ահա թե ի՛նչ խորհուրդ կտամ. պայքարիր մտքերի՛դ դեմ, որպեսզի շուտ ապաքինվես։ Այստեղ թուղթ ու գրիչ եմ դրել, նամակներ գրիր ձերոնց, զբաղվիր ինչ-որ բանով։ Եթե ուզենաս՝ գիրք կուղարկեմ։
– Այո, իհարկե։ Շնորհակալ եմ։- Ալեքսանդրը փորձում էր դիմադրել, փորձում էր հաղթահարել անիծյալ մաղձը, որ բուն էր դրել կոկորդում ու խեղդում էր անխռով համառությամբ։- Ասում եք՝ ութ հոգի՞…
Եվ կապիտան Գոմեսը լաց եղավ հանկարծ՝ ինքն իր վրա զարմանալով, բնավ չթաքցնելով խոշոր, պսպղուն արցունքները, որոնք մանկության մեջ էին կուտակվել և գերեվարված մնացել էին գետնափոր բանտախցում։
Օրերն անցնում էին ձանձրալի, միանման։ Կապիտանը կարդում էր «Անգլուխ ձիավորն» ու փորձում էր նամակներ գրել, սակայն բառերը լռել էին նրա կոկորդում։ Խոսում էր լոկ այնժամ, երբ բուժքրոջը պատասխան տալու պահն էր հասունանում, երբ գլուխ էր բարձրացնում ինչ-որ բան խնդրելու անհրաժեշտությունը։ Չկային զգացմունքներ, չկար սեր և բնական կապվածություն չէր զգում որևէ մեկի հանդեպ։ Հիշում էր կնոջն ու Միքայելին, մտաբերում էր երեխա որդեգրելու օրերն ու իրադարձությունները, բայց հիմա բնավ չէր ուրախանում այն ճշմարտությամբ, որ տանը չորսամյա տղա կար։
«Ես չպետք է անեի այդ բանը։- Այս միտքը հաճախ այցելում էր նրան, իսկ հետո սկսվում էին արտասովոր խորհրդածություններ, որոնք բոլորն էլ մեկ ելակետ ունեին։- Հիմարություն էր ուրիշի երեխային տուն բերելը։ Հետո՞ ինչ, որ Գասպար Սուրենյանցը ընկերս էր։ Դե լավ, թքա՛ծ։ Ոտքս չեմ կապել, թող կինս զբաղվի իր խաղալիքով, իսկ ես ազա՛տ մարդ եմ։ Բայց մի՞թե կարող եմ ազատ լինել երբևէ, և ո՞ւր կարող է գնալ հաշմանդամ անպիտանը։ Ինքս բեռ եմ, իսկ ուրիշի հոգսերով բեռնավորվել չեմ ցանկանում բնավ…»։
Ահա և հանեցին ոտնաթաթերի վերջին փաթաթանները։
Գարուն էր։ Եղրևանու ճյուղը կառչել էր պատուհանից՝ տարածելով ճերմակ ծաղիկների բույրն ու ներս մտնելու խնդրանքը։ Սենյակը շնչում էր զարթոնքի քմահաճույքով. օդում մեղուների բզզոց կար։
Ժամանակ առ ժամանակ նայելով իր անմատն ոտնաթաթերին, Ալեքսանդր Գոմեսը հիշում էր ու զարմանում։ Նա չէր կարողանում հասկանալ, թե ինչպես են բացահայտվում թաքուցյալ այն ուժերը, որոնք քնած են մարդ հողեղենի էության խորքում, սակայն գլուխ են բարձրացնում հանկարծ՝ կյանքի կոչելով գերագույն կամք, կորով ու տոկունություն։
Որտե՞ղ է սահմանը։
Կամ, միգուցե, փորձադաշտ է այս մոլորակը, և մարդը թողնված է բախտի քմահաճույքին, որպեսզի փորձությա՛մբ ի հայտ գան նրա բնույթը, սերը, մղումներն ու ցավին դիմանալու կարողությունը։
«Սիրի՛ր մերձավորիդ, ինչպես ինքդ՝ քեզ»։ Սակայն մարդն ի՞նչ սիրով է սիրում իր անձն ու անհատականությունը, երբ մեղք ունի իր մեջ ի ծնե և մեղսագործելու հակում ունի։ Չէ՞ որ սեփական ես-ն անմնացորդ սիրելու դեպքում նա անխուսափելիորեն ընդունում է նաև մեղքով հղի իր էությունը։ Ապա, ուրեմն, նա չի կարող սիրել ինքն իրեն երկվության մեջ, իսկ սեփական անձի ամբողջականությունն անխուսափելիորեն ենթադրում է մեկ այլ ճշմարտություն. մերձավորիդ սիրելով, դու պիտի ընդունես նրա մեղսածին էությունը, քանզի հաշտվել ես ինքդ քեզ հետ, որպեսզի կարողանաս սիրել նրան, ով տրված է քեզ՝ իբրև մերձավոր։ Այլ խոսքով, պիտի սիրես քո անձը յուր մեղքերո՛վ հանդերձ, և այդժամ կսիրես մերձավորիդ՝ քո անձի պես։
«Ես պարտքեր չունե՛մ։- Կապիտանը ժամերով չէր կտրում հայացքը առաստաղի սարդոստայնից, և այս միտքն օրըստօրե հաստատվում էր նրա էության խորքում ։- Այո, ես հաշվետու չեմ որևէ մեկին, և ոչ ոք չի կարող ինչ-որ բան ակնկալել ինձանից։ Բայց ինչպե՞ս եմ ապրելու վաղը։ Անշուշտ, շատ ավելի գերադասելի կլինի մենությունը, քանզի մարդիկ սիրում են մտնել քո գաղտնիքների մեջ ու սրտիդ մեջ, և անում են դա ամեն տեսակ հիմարություններ դուրս տալով։ Իսկ նրանք կգան, անպայման կգան, որպեսզի փորփրեն վերքերս, որպեսզի հիանան իմ տառապանքով և ծափահարությամբ ողջունեն խեղճությունս։ Մարդիկ… Բուժքույրը շատ լավիկն է, արտասովոր գեղեցկուհի, իսկ աչքերի մեջ վախ կա ու կարեկցանք կա, երբ խոսքի է բռնվում հետս։ Ես ինքնամոռաց կսիրեի նրան, եթե մի տասն օրով հայտնվեինք ծովափնյա քաղաքում, բայց ինչպե՞ս եմ քայլելու բոկոտն՝ ներբաններիս տակ ճանաչելով բարկ ավազի հաճույքը։ Էլմիրա՛։ Չէ՞ որ դու այնուամենայնիվ գթության քույր կմնաս մինչև իսկ քո սիրո մեջ»։
Ահա պառկած էր Ալեքսանդր Գոմեսը բաց աչքերով, ահա գարուն կար սենյակում, երբ ներս մտավ Էդվին Բրաունը, հիվանդանոցի ամենաազդեցիկ վիրաբույժը։
– Դե, տեսնենք, թե այսօր ինչ վիճակում է մեր Լեգենդը։
Մոտենալով մահճակալին՝ Էդվինը հեռացրեց վերմակն ու Ալեքսանդրի ոտնաթաթերը զննելով՝ ասաց.
– Դու մարդ չես, պողպա՛տ ես։
Կապիտանը փորձեց ժպտալ։ Անհաջող դիմակ էր ժպիտը, սակայն բժիշկը դրան ուշադրություն չէր դարձնում։ Ալեքսանդրի աչքերին նայելով՝ նա թերևս սուզվեց նրա անորոշ հայացքի մեջ, ինչ-որ մրթմրթաց քթի տակ ու ասաց.
– Վե՛ր կաց։
– Ե՞ս։- Այս հիմար հարցը դուրս թռավ ակամա, քանզի մեծ զարմանք ու հեռավոր վախ կար կապիտանի դեմքին։- Ինչ անե՞մ։
– Ասում եմ՝ ոտքերդ իջեցրու մահճակալից ու փորձիր կանգնել։
Առարկություն բացառող հրամանին ենթարկվելով՝ Ալեքսանդրը հնազանդվեց։
Մարդու կառուցվածքը կատարյալ է, մարմինը՝ եզակի ներդաշնակություն։ Ոտքերի մատները անփոխարինելի են նախ և առաջ՝ հավասարակշիռ քայլվածք ունենալու տեսանկյունից, և աշխատում են իբրև յուրահատուկ զսպանակներ՝ անփոփոխ պահպանելով շարժման մեջ գտնվողի ծանրության կենտրոնը։ Վազքն անհնար է դառնում ոտնամատներ չունեցողի համար, քանզի շարժման արագությունը պայմանավորված չէ զուտ թաթերի աշխատանքով, այլ շարժումը սկսվում է այն պահից, երբ կրունկն է կտրվում գետնից, իսկ մատների մկանները պրկվում են՝ զորություն հաղորդելով վազորդի շարժմանը։ Մարդու քայլվածքը անխուսափելիորեն կապված է նրա բնավորության ու ներաշխարհի հետ։ Եզակի են ոչ միայն մարդկանց մատնահետքերը. քայլքը եզակի է նույնպես։ Բոլոր այս ճշմարտություններն ավելորդ են մարդու կյանքում։ Մենք երբեք չենք ունենում այս ամենի շուրջ խորհրդածելու անհրաժեշտությունը, քանզի մարդու մարմինը եզակի ներդաշնակություն է, իսկ խոհն ու տեղեկացված լինելու պահանջը գլուխ են բարձրացնում այնժամ, երբ մարդը հանկարծ սկսում է հասկանալ, թե ողբերգական ինչ ճշմարտություններ կարող են լինել ապադաշն ներդաշնակության մեջ։
Ահա թե ինչի առջև էր կապիտան Գոմեսը հիմա, երբ ոտքերը կախել էր մահճակալից, բայց չէր հավատում, թե կարող է կանգնել։
– Դե, ի՞նչ,- Ալեքսանդրի բազուկը բռնելով՝ ասաց Էդվինը,- առաջին քայլը ևս հերոսություն է պահանջում։ Գնացի՛նք։
– Մի րոպե։- Կապիտանը մարտնչում էր վախի ու անորոշության դեմ։- Հիմա…
Նա ոչ մի կերպ չէր գտնում ներբանը հատակին հպելու կամքը։ Այս հոգեվիճակը քաջածանոթ էր բժշկին։
– Էլմիրա, մոտեցիր,- խնդրեց բժիշկը։
Գթության քույրը գիտեր, թե ինչ կարող է ենթադրել Էդվինի խնդրանքը։ Մահճակալի առջև պպզելով՝ նա զգուշությամբ վերցրեց Ալեքսանդրի ոտնաթաթն ու ուժ գործադրելով՝ մոտեցրեց հատակին։ Ներբանի մաշկը զգայուն էր։ Պաղ հպումից ճերմակ սարսուռներ վազեցին ողնաշարն ի վեր, և Ալեքսանդրն ակամա ետ քաշեց ոտքը։
– Լսիր, բարեկամ,- ջերմորեն շարունակեց բժիշկը,- սա այն պահն է, երբ ինքդ քեզ ճանաչելու ես վերստին։ Մոռացիր, որ վազել ես ու պարել։ Կքայլես անշուշտ, ժամանակի ընթացքում շարժումներդ կձուլվեն մեկ ներդաշնակության մեջ։ Ու դրանից հետո միայն կկարողանաս հիշել, թե ով ես եղել։ Բայց հիմա երեխա ես, իսկ առաջին քայլը քեզ մանկության հուշեր է բերելու։ Գերագույն փորձություններ հաղթահարած քաջերն անգամ չեն կարողանում հաղթահարել հոգեբանական այս խոչընդոտը, բայց ապրել պետք է։ Իսկ դու պայքարել ես, որպեսզի ապրես։
– Ջուր կտա՞ք,- խնդրեց Ալեքսանդրը նվազ ձայնով։
Էլմիրան մոտեցրեց ջրով լի բաժակը, իսկ երբ կապիտանը խմել-վերջացրել էր՝ սրբեց նրա քրտինքն ու գթության իր թաշկինակով չորացրեց բերանի անկյունում պսպղուն կաթիլը։
– Դե՞…
Բժիշկը սկսել էր նրան անկողնուց կտրելու ծանր գործը։
2000 տարի առաջ, երբ Հիսուս Քրիստոսը քնած գտավ իր առաքյալներին Գեթսեմանի այգում, բնավ չկշտամբեց նրանց, այլ գնահատեց իրավիճակը հանճարեղ ճշմարտությամբ, քանզի գիտեր մարդու հնարավորություններն ու նրա խեղճությունը գիտեր։ Փորձանքի ժամին էին քնել առաքյալները՝ փորձության մեջ մենակ թողնելով իրենց վարդապետին։ Եվ Հիսուսն ասաց. «Ոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար»։ Այս բառերը առավել քան տեղին էին հիմա՛, Ալեքսանդր Գոմեսի պարագայում։ Ծանրամարմին, առողջ տղամարդը դողում էր ճագարի պես։ Էդվին Բրաունը բարձրացնում էր նրան՝ ուժ գործադրելով, իսկ Էլմիրան կենդանի անթացուպ էր նրա անութի տակ։
Քա՛յլ։
Կյանքը սկսվում էր նորից, բայց երբևէ անավարտ ո՞ր քայլից էր սկզբնավորվելու կյանքը։
Կանցնեն օրեր, և Ալեքսանդր Գոմեսը կհրաժարվի անթացուպերից՝ կատարելապես տիրապետելով ոտնաթաթերը կառավարելու տեխնիկային։ Մարդիկ կշրջվեն հետևից՝ նրան հարբածի տեղ դնելով, իսկ կանայք չեն հավատա, թե անշնորհք շարժուձևով այս մարդը կարող է և պարել։ Հոսպիտալը կմնա անցյալում, իսկ Ալեքսանդր Գոմեսը տուն կվերադառնա բոլորովին ուրիշ մարդ դարձած։
(շարունակելի)
Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ
«Ով է Աստծո նման» վիպակը վաճառվում է «Նոյյան տապան» (Աբովյան 8) և «Բուկինիստ» (Մաշտոցի 20) գրախանութներում: