Գյումրու պատմական փողոցներով երեկ ճեմող վարչապետին՝ Նիկոլ Փաշինյանին «ազգին խաբելու մեջ» մեղադրող կինը՝ Մարիամը, դարձել է համացանցի բուռն քննարկման թեման։ Նրան շատերն են քննադատում՝ վստահություն հայտնելով, որ «ուղարկածներից է»։
Ըստ ականատեսների, կինը փողոցի ծայրից ճչալով, գոռգոռալով է մոտեցել վարչապետին։ Նույնիսկ մեզ տեղեկություններ հասան այն մասին, որ վարչապետ Փաշինյանին քննադատելուց հետո Գյումրու կենտրոնական շուկայում, որի խանութներից մեկում Մարիամն աշխատում է որպես հավաքարար՝ լոլիկներ են շպրտել նրա հետևից։
Մեզ այսօր չհաջողվեց հանդիպել Մարիամին, եղանք այն խանութում, որը մատնացույց էին անում որպես Մարիամի աշխատավայր։ Աշխատակիցներից մեկն ասաց, որ նա մշտական աշխատող չէ, այլ օրվա պատահական ժամերի գալիս, հավաքված ցելոֆոններ է տանում։ Աշխատակցի փոխանցմամբ, իրենք ևս Մարիամից հետաքրքրվել են, թե ինչո՞ւ այդքան բարձր, ագրեսիվ տոնով էր խոսում վարչապետի հետ, մի՞թե չէր կարելի քննադատել ավելի հանգիստ տոնով։ Նրանք անգամ հարցրել են, թե վրդովվա՞ծ էր, կոնկրետ բողոք ունե՞ր, որ չկարողացավ արտահայտել։ Ըստ մեր զրուցակցի, Մարիամը իրենց ոչ մի հստակ պատասխան չի տվել։ «Ինքն էլ չէր հասկանում՝ ինչ է ուզում»,- ասացին խանութից։
Կարդացեք նաև
Ինչևէ, ո՞վ է Մարիամը, որը Բավրա գյուղում հայտնի է նաև Ֆատիմա անունով։
Բավրայի նախկին գյուղապետ Կորյուն Սումբուլյանն Aravot.am-ին ասաց, որ Մարիամը ծնունդով Գյումրիից է։ Ի դեպ, նրա խոսակցական լեզվի հնչյունաբանությունը տարբերվում է Գյումրու բարբառից, որը և առիթ է տվել օգտատերերին մտածելու, որ կինը գյումրեցի չէ։ Բավրայի նախկին գյուղապետը, սակայն, ասաց, որ նա ծնվել է Գյումրիում՝ բազմազավակ, չքավոր ընտանիքում, նրան 70-ական թվականների սկզբներին, դեռ 40 օրական հասակում մի հոյակապ ընտանիք որդեգրել ու բերել է Բավրա։ Նա, ըստ Կորյուն Սումբուլյանի, մեծացել, դաստիարակվել է նորմալ պայմաններում․ հայրը՝ գյուղի ակումբի էլեկտրիկն ու կինոցուցադրողն էր․ հնդկական ֆիլմերի ազդեցության տակ էլ Մարիամին սկսել են գյուղում Ֆատիմա անվանել։
Ըստ մեր զրուցակցի, Մարիամն ազնիվ, պարզ կին է, նա ամուսնացել է Գյումրիում, երկու երեխաներ ունի, տղան շուտով բանակ կգնա։ Ամուսինն էլ ազնիվ մարդ է, մշտական աշխատանք չունի, տարբեր տեղերում է աշխատում։ Մարիամը ևս, ըստ Կորյուն Սումբուլյանի, մի քանի տեղ հավաքարար է աշխատում, որ կարողանա ընտանիքը պահել։
«Դիտելով տեսանյութը՝ ես այսպես հասկացա․ նա կոնկրետ խնդիր ունի, սկզբում չթույլատրեցին մոտենալ, ինքն էլ բարձր խոսող է, գիտեք ինքը ոչ թե Փաշինյանի վրա էր գոռում, այլ իր խոսակցականն է այդպիսին, իր համար սովորական տոն էր, բայց մի քիչ էլ վրդովմունք կար, պարզ է, որ իր ասելիքն ու պահանջը չկարողացավ ձևակերպել։ Մի քիչ քաշքշել, հրել , դուրս էին հանել, նորից ուզել էր գալ, բայց արդեն իրեն կորցրել էր, իր ասելիքը լրիվ ուրիշ բան դարձավ։ Միգուցե անձնական խնդի՞ր ուներ, թաքուն բա՞ն էր ուզում ասել Փաշինյանին, հո չէր կանգնելու այդքանի ներկայությամբ բարձրաձայներ, և հետո պետք չէ այդպես վրա տալ մարդուն՝ առանց ճշտելու, թե ի՞նչ է եղել, ի՞նչ խնդիր ունի»,-ասաց նախկին գյուղապետը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Այս միջադեպը կցուցանե, որ երկար տարիներ ծանր կացության մեջ գտնվող այս կինը, հեղափոխություն բառը լսելիս, կարծում էր, որ հաջորդ օրվանից նրա բոլոր տանջանքների վերջը գալու է։ Եվ նրա նման թշվառները քիչ չեն Հայաստանում։ Ովքեր արդեն սպառել են սպասելու և հավատալու հոգեբանական ռեսուրսը։ Այդ հուզական դրվագը դրա վառ ապացույցն է։ Սակայն այն հանգամանքը, որ այդ միջադեպը դարձել է ցինիկ շահարկումների առարկա և տարածվել Հայոց աշխարհի լրատվական դաշտում կցուցանե ևս մի տխուր իրողություն՝ թե լրատվության և թե հասարակության մարդկային և բարոյական մակարդակի խիստ անկում։ Կարելի՞ է մարդկային տառապանքը շահարկումների և գումար վաստակելու առիթ դարձնել։ Կարող եմ հասկանալ վարձու լրատվության կողմից հետապնդվող նպատակները, նրանք և իրենց տերերը բարոյականությունիցել են հեռու, երկրի վիճակից էլ՝ նրանց գործը թալանն էր, իսկ այսօր կաշին փրկելն է։ Բայց դուք, որտե՞ղ է ձեր լրագրողական էթիկան։ Դուք ի պաշտոնե պարտավոր եք հասարակության համար օրինակ լինել։