Լրահոս
Օրվա լրահոսը

Ուշագրավ փոփոխություններ խոշոր հարկատուների ցանկում

Օգոստոս 12,2019 17:43

Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մեկ հորիզոնականով իջել է՝ դիրքերը զիջելով «Գրանդ տոբակո» ընկերությանը: Այս մասին տեղեկանում ենք` ուսումնասիրելով 1000 խոշոր հարկատուների ցանկը, որը հրապարակել է Պետական եկամուտների կոմիտեն: «Գազպրոմ Արմենիա»-ն այս տարի ցանկի երրորդ տեղում է, նախորդ տարվա երկրորդի փոխարեն: Չնայած, որ երրորդ տեղում գտնվելով գազամատակարար ընկերությունն այս տարվա երկրորդ եռամսյակում ավելի շատ հարկ է վճարել: Եթե 2018-ի երկրորդ եռամսյակում՝ hունվար-հունիս ամիսներին, գտնվելով 2-րդ հորիզոնականում «Գազպրոմ Արմենիան» վճարել է 20 միլիարդ 736 միլիոն 254 հազար դրամ հարկ, ապա, այս տարվա վճարած հարկերը կազմել են 22 միլիարդ 794 միլիոն 377 հազար դրամ:

Ցանկի առաջին տեղում թե՜ անցյալ տարի թե՜ այս տարի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է: Այս ընկերության վճարած հարկերը նույնպես աճել են: Այս տարվա երկրորդ եռամսյակում կոմբինատը վճարել է 29 միլիարդ 504 միլիոն 850 հազար դրամ: Նախորդ տարի՝ 24 միլիար 642 միլիոն 594 հազար դրամ հարկ:

«Գազպրոմ Արմենիայից» առաջ անցած «Գրանդ տոբակոն» այս տարվա նույն ժամանակահատվածում վճարել է մոտ 12 միլիարդ դրամով ավելի հարկ: Սա, հավանաբար, պայմանավորված է, ակցիզային հարկի բարձրացմամբ, ինչի հետեւանքով նաեւ ծխախոտը թանկացավ: Այս տարվա նույն ժամանակահատվածում ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերությունը վճարել է 28 միլիարդ 281 միլիոն 404 հազար դրամ, անցյալ տարի՝ 16 միլիարդ 699 միլիոն 540 հազար դրամ հարկ:

Հարկատուների ցանկի 10-րդ հորիզոնականից այս տարի 4-րդում հայտնված «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունը, նույնպես գրեթե կրկնակի ավելացրել է վճարած հարկերը: 2018-ի հունվար-հունիս ամիսներին վճարել է 5 միլիարդ 839 միլիոն 461 հազար դրամ, այս տարի՝ 9 միլիարդ 455 հազար դրամ:

«Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը,ճիշտ է այս երկրորդ եռամսյակում մեկ հորիզոնականով դիրքերը զիջել է,անցյալ տարվա ցանկի համեմատությամբ՝ այս տարի գտնվելով 5-րդ տեղում, այդուհանդերձ վճարած հարկերը մի բան էլ ավելացել են: Եթե 2018-ի երկրորդ եռամսյակում վճարել է 8 միլիարդ 871 միլիոն 429 հազար դրամ հարկ, այս տարի վճարած հարկերը կազմել են 9 միլիարդ 127 միլիոն 544 հազար դրամ:

Այս տարի իր դիրքը զգալի բարելավել է եւ խոշոր հարկատուների ցանկի տասնյակում է հայտնվել «Ֆլեշ» ընկերությունը: Անցյալ տարվա հունվար-հունիս ամիսներին, գտնվելով ցանկի 14-րդ տեղում, «Ֆլեշը» վճարել է 4 միլիարդ 839 միլիոն 849 հազար դրամ: Այս տարի 7-րդ տեղում է եւ վճարել է 7 միլիարդ 601 միլիոն 578 հազար դրամ:

Փոխարենն «Ալեքս հոլդինգն» է ցանկի 7-րդ հորիզոնականից իջել եւ այս տարի հայտնվել 21-րդ տեղում: Այս ընկերության վճարած հարկերն էլ զգալի նվազել են: Անցյալ տարի «Ալեքս հոլդինգը» վճարել է 7 միլիարդ 678 միլիոն, 256 հազար դրամ, այս տարի՝ 3 միլիարդ 335 միլիոն 462 հազար դրամ:

Խոշոր հարկատուների տասնյակում են նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որի վճարած հարկերը կազմել են 7 միլիարդ 793 միլիոն 184 հազար դրամ հարկ: Էլցանցի վճարած հարկերը նույնպես աճել են: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում այս ընկերությունը վճարել է 6 միլիարդ 518 միլիոն 982 հազար դրամ հարկ:

Այս եռամսյակում խոշոր հարկատուների տասնյակում է հայտնվել նոր ընկերություն՝ «Ակվիլոն թրեյդը», որը վճարել է 6 միլիարդ 553 միլիոն 59 հազար դրամ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031