«Արդեն երրորդ անգամ է՝ Վերաքննիչ դատարանը հայցը չի ընդունում վարույթ, այսինքն` այս գործընթացն այնքա՜ն սխալ են կազմակերպում… Իրականում կատարյալ մրցույթի պարագայում էլ մարդիկ իրավունք ունեն դժգոհելու եւ դիմելու դատարան: Մենք ասում ենք, որ մեր մրցութային կարգն իրավական առումով որեւէ խնդիր չունի:
Սեպտեմբերի 1-ից բնականոն հունով դասընթացները կազմակերպվելու են եւ կազմակերպվելու են այնպիսի ակնհայտ բարձր մակարդակով, որ հոկտեմբերին կամ նոյեմբերին մեր զրույցից հետո մենք կորոշենք, թե ինչ ենք անում: Կորոշենք նաեւ իմ ճակատագիրը»,- օգոստոսի 12-ին կայացած ասուլիսում հայտարարեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը` խոսելով իր իրականացրած փոփոխությունների ու ՀՊՏՀ դասընթացների թափուր դասաժամերի համար մրցույթի մասին, որի համար մի խումբ դասախոսներ իրեն դատի էին տվել:
«Նորից ասել եմ եւ ասում եմ, որ իմ ներկայությունը որեւէ կերպ չեմ պարտադրելու, բայց ուսանողների, շահառուների, բիզնեսի ներկայացուցիչների եւ պետական կառավարման մարմինների ամբողջ արձագանքը, թե ինչքան էական եւ կարեւոր փոփոխություններ են տեղի ունենում այստեղ, թե ինչպիսի շղթայական փոփոխություններ ենք ունենալու բուհական համակարգում, եթե նույն մեխանիզմներն աշխատեցին, ինձ պարզապես պարտադրում եւ ստիպում են, որ շարունակեմ այս գործընթացը ու շարունակեմ 20 ժամ աշխատել եւ ամբողջ դժվարությունների միջով անցնեմ ու չընկճվեմ, որովհետեւ հասկանում եմ, թե արդյունքն ինչքան մեծ է լինելու»,-ասաց ռեկտորի պաշտոնակատարը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ