Այսօր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ցույց էին անում Բարձրագույն դատական խորհրդի գրասենյակի դիմաց: Քոչարյանի աջակիցները հայտարարեցին՝ Քոչարյանի գործը քննող դատավորների նկատմամբ իրականացվում է ճնշում եւ անօրինական գործողություններ։ Ցուցարարներն ասացին, որ արդեն 3-րդն օրն է՝ իրենք ցույց են անում, սակայն ԲԴԽ-ից արձագանք չկա: Ցույցի մասնակիցները ԲԴԽ-ին կոչ արեցին ապահովել դատական համակարգի անկախությունը:
Նրանք պահանջում էին ԲԴԽ նախագահը դուրս գա եւ իրենց հետ հանդիպի, պատասխանի իրենց հարցերին: ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն այդպես էլ դուրս չեկավ: Սակայն նրանց հետ հանդիպեց ԲԴԽ մամուլի ծառայության ղեկավարը եւ առաջարկեց իրենց հարցերը գրավոր ներկայացնել, ԲԴԽ-ն դրանց կպատասխանի:
Ցույցի մասնակիցներից ամենաակտիվը բանավոր հնչեցրեց իրենց հարցերը՝ ակնկալելով դրանց հրապարակային պատասխանը, իսկ վաղն առավոտյան այդ հարցերը կներկայացնեն նաեւ գրավոր:
Քոչարյանի աջակիցների հարցերը հետեւյալն են. «Ինչպիսի՞ միջոցներ են ձեռնարկվում նախագահ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործով ներկա պահին դատարանի չկազմավորվելու հետ կապված: Ձեր կողմից նորաթուխ նշանակված ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը ինչո՞ւ չի կարողանում գործի դնել համակարգիչը, որը պետք է ընտրի դատավորին, որն էլ պետք է քննի Ռոբերտ Քոչարյանի կալանքի ու առհասարակ, գործը քննի:
Կարդացեք նաև
Նախագահ Քոչարյանի գործի վերաբերյալ ստեղծված կոլապսային իրավիճակը՝ կապված գործի հանրային հնչեղությամբ, առաջնային է՝ անկախ նրանից նրա աջակիցներն են, թե՝ ոչ, բոլորին հետաքրքրում է՝ գործն ի՞նչ փուլում է, ինչո՞ւ է արհեստականորեն ձգձգվում, ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը, ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում իրավիճակը շտկելու համար, մինչեւ հիմա ձեր անգործությունն ինչո՞վ է պայմանավորված:
Մեզ հետաքրքրում է՝ «վնգստոց», «փետով տալ դատավորների գլխին» եւ այլն. ԲԴԽ-ն կոչված է երաշխավորելու արդարադատությունն ու դատարանների անկախությունը, ինչո՞վ է պայմանավորված ձեր անգործությունն այս արտահայտությունների վերաբերյալ:
Օրենսդրական մի նախագիծ է շրջանառության մեջ դրվել, որով Սահմանադրական դատարանի դատավորներին հնարավոր է առաջարկվի մինչեւ պաշտոնավարման ավարտը փոխհատուցել աշխատավարձի չափով՝ հրաժարականի դեպքում: Ձեր դիրքորոշումը սրա նկատմամբ, մի՞թե սա կոռուպցիա չէ, պետական մակարդակով կաշառք, միթե արդարադատության հետ սահմանակցող վտանգներ չկան»:
Ցուցարարներն այս հարցերը հնչեցնելուց հետո դադարեցրեցին ցույցը:
Իսկ մինչ այս, ցուցարարները վանկարկում էին «Քոչարյան, հերոս», «Գրպանային ԲԴԽ-ին ասում ենք՝ ո՛չ»:
Քոչարյանի աջակիցների շարքում մի տարեց կին էլ պարբերաբար վարչապետ Փաշինյանին էր անդրադառնում, հիշեցնում էր Փաշինյանի՝ մարզային այցերի ժամանակ ցուցահանդեսներին նրա հյուրասիրվելը. «Լավաշը պոկեց՝ կեսը՝ էս մարզպետին, կեսն՝ էն մարզպետին… Էրեխեք ջան, Սերժը ինչ էր, ինչ՝ չէր, կիրթ, համեստ, չափված- ձեւած, դիվանագետ, կոստյում էր հագնում՝ սազում էր»: Այս նույն կինը ցույցի «թեժ» պահերին նաեւ ասաց.« Լսե՛ք, էդ դասալիք, փողոցային ուտողը էնքան պիտի հասցնի՝ մինչեւ Քոչարյանին ինֆարկտը խփի»:
Քոչարյանի աջակիցներից մեկն էլ ասաց. «Սերժ ջան, տեղդ երեւում ա»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ