Այն պահին, երբ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ներսում ընթանում էր ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի ասուլիսը, շենքից դուրս էլ լրագրողների հարցերին էին պատասխանում նրա իրականացրած փոփոխություններից դժգոհ դասախոսները:
Նրանցից Հայկ Հակոբյանը հայտնեց, որ մրցույթի արդյունքներն իրենցից գաղտնի են պահվում, եւ իրենք չգիտեն, թե կոնկրետ որ հարցի համար ինչ միավոր են ստացել: Լրագրողներից մեկի հարցին` փորձե՞լ է հարցը քննարկել Հայրապետյանի հետ, դասախոսը պատասխանեց. «Այնպիսի բաներ է ասել, որ հրապարակման ենթակա չէ»: Նրա համոզմամբ, «վերեւից» ցուցակներ են եկել, թե ով պետք է աշխատանքի ընդունվի, եւ այդ «ցուցակների» մարդիկ էլ աշխատանք են ստացել: Aravot.am-ի հարցին, իր կարծիքով` ինքն ինչու է անցանկալի, Հայկ Հակոբյանը պատասխանեց. «Ես չգիտեմ էլ` անցանկալի՞ եմ, թե՞ ոչ»:
Ալբերտ Հայրապետյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ որեւէ անձնական շահագրգռություն չունի: «Ինձ հասած տեղեկություններով, ես անցել եմ մրցույթը, ավելին` ներգրաված եմ եղել գիտահետազոտական ծրագրերի մեջ, իմ գործընկերների հետ ԵՄ-ից մեկ գրանտային ծրագիր եմ կարողացել բերել` լինելով առաջին տարվա աշխատակից:
Ինչ վերաբերում է մրցույթի կանոնակարգին, չեմ կարող ասել, որ անթերի է կամ էլ խայտառակություն է: Ինձ համար ավելի կարեւոր խնդիր կա այստեղ` ակադեմիական ազնվությունը: Եթե նույնիսկ համարենք, որ կանոնակարգով իդեալական է, այս մարդկանց պահանջները չունեն որեւէ լեգիտիմ հիմք, ապա այն մարդը, որը 50 էջ արտագրել է իր ատենախոսությունում, արդա՞ր է, որ լինի բարձրագույն ուսումնագիտական հիմնարկի, հաստատության ղեկավար:
Կարդացեք նաև
Եթե նույնը կրկնի ուսանողը, դրա համար ստանա կշտամբանք, կարող է մատնանշել համալսարանի ռեկտորին: Այսպիսի իրավիճակում, երբ մեր բուհը բոլոր խնդիրներով հանդերձ` հայտնվել է ԶԼՄ-ների առաջին էջերին եւ ցավոք սրտի ոչ դրական իմաստով, կարո՞ղ է առաջ գնալ: Այս իրավիճակը շարունակվելու է, եւ մեր այն երազանքը, որի համար ես անձամբ աշխատում եմ, արձանագրել եմ չափելի ցուցանիշներ, չենք կարողանա իրականացնել եւ այդպես էլ չենք հայտնվի աշխարհի առաջատար եթե այս ամենը մնա անձնական մակարդակում եւ վերանձնային մակարդակով չլուծենք հարցերը»,-ասաց Ալբերտ Հայրապետյանը:
Նա հավելեց, որ դատական գործընթացներում ինքը ներգրաված չէ, մրցույթի արդյունքներն էլ չի վիճարկել, իր համար ավելի կարեւոր խնդիրներ կան, որոնք դուրս են եկել ակադեմիական միջավայրից: «Շատ ավելի կարեւոր հարցեր կան, քան այն, թե այստեղ կլինի պարոն Հայրապետյա՛նը, մեկ այլ պարոն, կամ մեկ այլ տիկին»,-ասաց նա:
Դասախոսներից Հասմիկ Հարությունյանն էլ ասաց, որ Ռուբեն Հայրապետյանը հովանավորվում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի կողմից, քանի որ նախարարը մի քանի անգամ հրապարակավ ասել է, որ ողջունում է բուհում ընթացքող այն քայլերը, որոնք իրականացնում է Ռուբեն Հայրապետյանը:
Գոհար Հարությունյանը եւս տեղյակ չէր` արդյոք անցել է մրցույթը, թե ոչ, ասաց, որ ինքն ուղղակի հրաժարվել է պատասխանել որեւէ հարցի: Նրա խոսքերով ռեկտորի կողմից ամբողջ մրցութային գործընթացն ի սկզբանե ուղղորդված է եղել:
Ռուբեն Հայրապետյանի ընդդիմախոսները նաեւ ասացին, որ կան դասախոսներ, որոնց վերաբերյալ բողոքներ կան, սակայն քանի որ նրանք ռեկտորի պաշտոնակատարի ծանոթներն են, դրույքից ավել դասաժամեր են ստացել: Ոմանց համոզմամբ էլ՝ Արայիկ Հայրապետյանը հավանաբար տեղյակ չէ բուհում ընթացքող իրական գործընթացներին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ