«Արայիկ Հարությունյանի հետ երեւի արդեն հինգ անգամ հանդիպել եմ՝ որպես քաղաքական ուժեր: Պետք է բանակցեինք, որովհետեւ Արայիկ Հարությունյանը խորհրդարանում մեծամասնություն ունի, իսկ խորհրդարանը պետք է դիրքորոշում հայտնի մեր փաստաթղթի վերաբերյալ»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումներին, ասաց Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:
Հիշեցնենք, որ Բաբայանի գրասենյակը նախաձեռնել է ստորագրահավաք՝ Արցախի սահմանադրությունում փոփոխություն կատարելու նպատակով, որպեսզի ՀՀ քաղաքացի հանդիսացող անձը եւս իրավունք ունենա որպես թեկնածու հանգես գալու նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում:
Անդրադառնալով խոսակցություններին, թե Սամվել Բաբայանն ու Արայիկ Հարությունյանը պայմանավորվածության են եկել՝ հետագայում Արցախում իշխանությունն իրար միջեւ կիսելու նպատակով, Սամվել Բաբայանը նշեց, որ «պատվիրողներն» են նման խնդիրներ ձեւակերպում. «Դա իրականության հետ կապ չունի: Ես որեւէ մեկի հետ ինչ-որ բան կիսելու բանակցություն չեմ ունեցել: Ես իմ նախընտրական ծրագիրն եմ ներկայացրել, որը պարտադիր կատարելու եմ»:
Հավելենք, որ Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքը հատել է 23.000-ի սահմանը, Արցախի ԿԸՀ-ն էլ ստացել է ստորագրահավաքի փաստաթուղթը: Արցախում 2020թ.-ին սպասվում են նախագահական ընտրություններ: Բակո Սահակյանը հայտարարել է, որ չի առաջադրվելու:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ