Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն իր ասուլիսում խոսելով ընդդիմախոսների մասին` hատկապես առանձնացրեց Գագիկ Շահնազարյանին, որը ֆեյսբուքի իր էջում գրել էր, թե ռեկտոր դառնալու համար Հայրապետյանը կեղծել է իր կենսագրությունը:
Ռուբեն Հայրապետյանի ասելով՝ եւ սա այն մարդն է, որի վերաբերյալ ուսանողները նամակ են ուղարկել` կցելով համապատասխան լուսանկարը` քննության ժամանակ խաչապուրի ուտելիս:
«Ուսանողը գրել է, որ նա զուրկ է էթիկայի տարրական կանոններից եւ ուղարկել է լուսանկար, թե ինչպես է դասախոսը խաչապուրի խժռում: Այդ մարդը, որը կեղծ տեղեկատվություն է ներկայացրել ու հասարակությանն ուղղակի գցել թյուրիմացության մեջ, բացատրագիր պետք է ներկայացներ, թե ինչու է այդպես արել , եւ ինչու են ուսանողները դժգոհ: Գուցե ինքս մեծ ողբերգություն չապրեի, եթե ուսանողի զայրույթը չլիներ եւ նկար կցված չլիներ, որտեղ ինքը դասախոսին անհարիր կեցված է դրսեւորել: Բացատրագրում նշվում է, որ ընդմիջում էր անում, որոշել էր մեկ գավաթ սուրճ ըմպել»,-ն շեց ռեկտորի պաշտոնակատարը:
«Ուսանողին շնորհակալություն եմ հայտնել, որ այնքան բարձր գիտակցություն է ունեցել, որ այդ նկարը ֆեյսբուքում հրապարակելու փոխարեն, ուղարկել է մեր ինֆո հասցեին, որպեսզի դասախոսը խայտառակ չլինի: Եվ այդ դասախոսը ներկայացնում է խայտառակ սուտ փաստեր իմ մասին»,-ասաց Ռուբեն Հայրապետյանը:
Կարդացեք նաև
Նա հավելեց, որ տարբեր շահարկումների, այդ թվում իրեն գրագող անվանելու փաստով փաստաբանների հետ քննարկում է դատական հայց ներկայացնելու նպատակահարմարությունը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հ. Գ. Աշխատանքի և տնտեսագիտության ամբիոնի դասախոս Գագիկ Շահնազարյանը «Հրապարակին» ասել է, որ ողջ օրը դասի է եղել, հոգնած է եղել, դասերից հետո էլ գնացել է քննություն անցկացնելու․
« Դեպքը եղավ այն ժամանակ, երբ իրենց նոր կանոնակարգի համաձայն դասերը ավարտվեցին ժամը երկուսն անց հինգ, իսկ քննությունները նշանակված էին ժամը երկուսին, դրա համար ես, բնականաբար, առանց ընդմիջում անելու գնացել եմ քննության։ Ես առավոտից դասի եմ եղել, հոգնած եմ եղել։ Որպեսզի ուսանողներին չսպասեցնենք, որ ես գնամ սուրճ խմեմ, մտա քննության, լաբորանտը սուրճ բերեց։ Ուսանողները քննությունից առաջ վերցնում են տոմսերը և պատրաստվում քննության, որը տևում է մոտ կես ժամ, այդ ընթացքում սուրճը դրված էր, ուղղակի խմեցի այդ սուրճը»։