Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեկտորի պաշտոնակատարը` գիտական աստիճանից հրաժարվելու եւ դիվերսիոն դաժանությունների մասին

Օգոստոս 12,2019 15:23

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն ասուլիսում խոսեց տարեսկզբից մեկնարկած բարեփոխումներից, բուհի զարգացման ծրագրերից, անդրադարձավ ՀՊՏՀ-ում անցկացված գիտամանկավարժական կազմի թափուր պաշտոնների մրցույթին, իր ատենախոսության վերաբերյալ աղմուկին: Նրա ձեւակերպմամբ, խնդիրը ներկայացված է այնպիսի քողի ներքո, որ մարդիկ լսեն ու ասեն` վա՜յ արտագրված է:

«Ի դեպ, ամենաակտիվ բողոքողներից մեկը, որի բողոքի ընդհանուր տրամաբանությունը հարգում եմ, այն բանից հետո երբ մի հարցազրույցում ասել էի, որ գիտեմ, որ որոշ մարդիկ իրենց ատենախոսության հեղինակը չեն, բայց նման պնդումներ են կատարում իմ մասին, նույն օրը գնացել է իր ատենախոսության հեղինակի մոտ ճշտելու` ինչ-որ մեկը դրա մասին գիտի՞, թե՞ ոչ…»,-ասաց ռեկտորի պաշտոնակատարը:

 Մանրամասները` տեսանյութում:

«Ես կարողացել եմ հետազոտություններս ուղարկել ազդեցության գործոն ունեցող ամսագրերի, այն դեպքում, երբ մեր շատ գործընկերներ չեն կարող ասել, թե ազդեցության գործոն կոչվածն ինչ է: Անտրամաբանական կարծիքներ են հնչում, թե քանի որ խնդիրներ կան ատենախոսության մեջ, ապա պետք է գիտական աստիճանից զրկել… Այս տեսակի զրույցներն ուղղակի զավեշտալի են, նախ այն պատճառով, որ մեր երկրում այդ կարգը չկա, որ ԲՈԿ-ը կամ այլ մարմիններ կարողանան հետադարձ ուժով որոշում կայացնել ու մարդուն զրկել ատենախոսությունից…»,-տարակուսանք հայտնեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը:

Բացի այդ, նրա ձեւակերպմամբ, որեւէ կարգ գոյություն չունի, որպեսզի այն մարդիկ, որոնք զրոյական արժեքով ատենախոսություններ են պաշտպանել, սեփական ցանկությամբ հրաժարվեն գիտական աստիճանից: «Ի տարբերություն իմ ատենախոսության, շատերի գիտական արդյունքն ուղղակի արտագրված է, իսկ իմ գիտական արդյունքները 100 տոկոսով իմն են»,-հայտարարեց Հայրապետյանը:

«Իմ նշանակվելուց հետո տարբեր մարդիկ այստեղ-այնտեղ ասում են, որ իբր իրենց ջանքերով եմ պաշտպանել ատենախոսությունս, մինչդեռ ես ոչ միայն ոչ մեկից չեմ խնդրել այդ գիտական աստիճանը, այլեւ այն վնասից բացի ինձ ոչինչ չի տվել: Ես ներկայացրել եմ ատենախոսություն, որը շատ ավելի լավն է եղել, քան այդ մարդկանց ատենախոսությունները, որոնք զուգահեռաբար պետք է ենթարկվեմ փորձաքննության, որպեսի այս աղմուկի մեջ գոնե չնչին տրամաբանություն լինի»,- պնդում է Ռուբեն Հայրապետյանը: Նաեւ հավելում է, որ երբեւէ չի բացառել, որ իր ատենախոսության մեջ եղել են ինչ-ինչ խնդիրներ եւ այդ խնդիրներն են պատճառը, որ համապատասխան կարգի առկայության դեպքում պատրաստ է հրաժարվել գիտական աստիճանից:

Մանրամասները` տեսանյութում:

Նա իր դեմ կատարվող գործողությունները որակում է մանիպուլյացիոն հնարքներ, դիվերսիոն դաժանություններ, որոնց արդյունքում աղճատված տեղեկատվություն է տրամադրվում հանրությանն ու մամուլին: Ռուբեն Հայրապետյանը հայտարարում է, որ իրականությանը չի համապատասխանում իր ընդդիմախոսների տարածած այն տեղեկատվությունը, թե իր իրականացրած բարեփոխումների արդյունքում 200 դասախոս գործազուրկ է դառնում. «Ընդամենը 58 դասախոս է, որ չի ստացել մրցութային հանձնաժողովի երաշխավորությունը, եւ 20 հոգի չի մասնակցել մրցույթի, ինչը նշանակում է, որ այս պահին խոսքը վերաբերում է 78 հոգու: Սրան զուգահեռ 100 նոր դասախոս է մուտք գործելու համալսարան»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031