«Ստամբուլյան կոնվենցիայի բուն իմաստը բռնության դեմ պայքարն է: Եթե մեկ հոգի էլ բռնության է ենթարկվում, պետք է հանուն նրա կոնվենցիան ընդունվի»,- «Մեդիա կենտրոնում» ՝«Տարաձայնություններ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ. ինչի՞ մասին է այն» թեմայով քննարկմանը հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Նա թվարկեց կոնվենցիայի մի շարք նպատակներ՝ կանանց պաշտպանություն բռնությունից, կանանց նկատմամբ բնության և ընտանեկան բռնության կանխարգելում, խտրականության վերացում, կանանց և տղամարդկանց միջև իրական հավասարության հաստատում: Արթուր Սաքունցի կարծիքով՝ կոնվենցիայի հետ կապված բուռն քննարկումներ չկան, միայն շահարկումներ են՝ ելնելով ինչ-որ անգամ ոչ քաղաքական նպատակներից. «Կան ընդամենը ինքնահաստատման, ինքնադրսևորման, ինքնագնահատման տարօրինակ ձևեր, որոնք բացարձակ հիմքեր չունեն այդ կոնվենցիայի հետ: Սա հերթական մանիպուլյացիան է»:
Անդրադառնալով Կոնվենցիայի մտահոգիչ 3-րդ հոդվածին՝ Արթուր Սաքունցն ասաց, որ այն շահարկողները մինչև վերջ չեն կարդում ու պարզաբանեց. «Գենդերային պատկանելություն նշանակում է սոցիալական դերեր, վարքագծի տիպեր, գործունեության տեսակներ և հատկություններ, և չեն կարդում, որ գրված է, որոնք տվյալ հասարակությունը դիտարկում է որպես պատեհ կանանց և տղամարդկանց համար: Գենդերային այդ պատկանելիությունը թե որտեղի՞ց են վերցնում, հորինում մի ինչ-որ գործոն կամ հասկացություն, որն այս կոնվենցիայի հետ կապ չունի: Այս կոնվենցիան պետք է ընդունենք. այն մեզ կօգնի, որ մեր իրավապահ մարմինները, պետական ինստիտուտները, հասարակությունը կարողանան հաղթահարել բռնության այն դրսևորումները, որոնք կան»:
Ըստ Արթուր Սաքունցի՝ այս հարցերը չպետք է թողնել ներքին քաղաքական կոնյուկտուրայի հույսին:
Կարդացեք նաև
Արթուր Սաքունցը քննադատներին վստահեցրեց՝ այս կոնվենցիան նույնասեռականների մասին չէ ու ասաց. «Այնպես չէ, որ մենք սեռական փոքրամասնությունների կամ նրանց ներկայացուցիչների իրավունքների հարցերով մտահոգված չենք, սարսափած ենք: Եթե սա վերաբերեր նրանց, ուրեմն նրանց էլ կվերաբերեին դրույթները: Բայց նրանց չի վերաբերում կոնվենցիան: Այդ խնդիրներով մենք նույնպես պետք է զբաղվենք, քանի որ ցանկացած անհատի իրավունք պետք է պաշտպանված լինի: Բայց կոնվենցիան վերաբերում է ընտանիքին կամ զուգընկերոջը, տրամաբանության մեջ ընկած է հենց այն, որ զուգընկերն ընտանիքն է: Սահմանադրությամբ սահմանված է ընտանիքը, ի՞նչ եք հոգեխանգարումների մեջ ընկել: Կարող եք ջանքեր գործադրել բոլոր սեռական փոքրամասնություններին վերացնելու, մեկ է՝ այդ մարդիկ էլի լինելու են: Պետք է այնքան գրագետ լինել, որ հասկանալ՝ ոչնչացնելով ոչ մեկ չի հասել ինչ-որ բանի»:
Այն պնդումների առնչությամբ, թե Կոնվենցիան ընտանիքի այլ կառուցվածք է պարտադրում, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Կարապետյանը վստահեցրեց. «Իրականում Կոնվենցիայի տեքստը շատ պահպանողական է. սկանդալային նոր բան մեր օրենսդրության մեջ չի մտցվում: Մենք ունենք Ընտանեկան բռնության մասին օրենք, արդեն մեր Սահմանադրության մեջ ունենք կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների մասին դրույթ, արդեն վավերացրել ենք կանանց դեմ բռնությունների մասին փաստաթղթեր: Ընտանեկան բռնությունը և կանանց նկատմամբ բռնությունները պետք է առանձին ոլորտներ լինեն և նման քննարկումներում այդ հարցերի պատասխանները պետք է տրվեն»:
Հարցին՝ Կոնվենցիան կա՞ ՀՀ ԱԺ աշնանային նստաշրջանի օրակարգում, Մերի Կարապետյանը պատասխանեց. «Կոնվենցիան չկա ԱԺ օրակարգում: Երբ գա ԱԺ օրակարգ, կվերսկսվեն քննարկումները, սակայն այս խոսակցությունը կարևոր է : Անկախ նրանից՝ ԱԺ օրակարգում կա, թե ոչ, հարկավոր է խոսել սրա մասին: Իսկապես բռնության մերժումը սերտորեն կախված է ՀՀ-ում ժողովրդավարության հաղթանակի հետ»:
Ըստ Մերի Կարապետյանի՝ որպես ինքնիշխան պետություն, մենք պետք է դադարեցնենք մեզ պահել որպես գաղութ՝ կարծես դրսից պահանջում են ընդունել այս կոնվեցիան: Պատգամավորը պարզաբանեց, թե որտեղից է գալիս Կոնվենցիան ընդունելու պարտավորությունը. «Հայաստանը ԵԽ-ի անդամ պետություն է, այս Կոնվենցիայի ստեղծման համար ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնց մասնակցել են մեր նախկին կառավարության անդամները, տասնյակ տարիներ աշխատանքներ են տարվել այս Կոնվենցիայի պատրաստման համար: Այսինքն՝ Կոնվենցիան ընդամենը միջազգային հանրության որպես անդամ փոխադարձ պարտավորությունների մասին է խոսքը, մեր քաղաքացիների՝ այլ երկրներում պաշտպանված լինելու մասին»:
Փաստաբան Արա Ղարագյոզյանը նկատեց՝ ամեն ինչ քննարկում են՝ բացի Ստամբուլյան կոնվենցիայի անհրաժեշտությունը: Փաստաբանը նշեց. «Ի վերջո, այս Կոնվենցիան ասում է, որ պետք է ընտանիքում համերաշխություն լինի, որևէ մեկը բռնության չենթարկվի, կինը թե երեխան խոշտանգումների և վատ վերաբերմունքի չպետք է ենթարկվեն: Տարիներ շարունակ դեպքեր ենք ունեցել, որ ոստիկանությունը ժամանակին միջամտություն չի ձեռնարկել, որ այդ ընտանեկան բռնությունը տեղի չունենա: Չեմ հասկանում այն փաստաբանների ջանասիրությունը, որ արշավ են սկսել և փորձում են Ստամբուլյան կոնվենցիայի ոչ իրական պատկերը ներկայացնեն: Նույն երրորդ սեռի մասին են ասում, թե իբր երրորդ սեռը հաստատվելու է և կարող են նույնասեռականները երեխա որդեգրել: Չեմ հասկանում՝ այդ նորմը որտեղի՞ց է վերցված: Մանրամասն ուսումնասիրել եմ Ստամբուլյան կոնվենցիան. որևէ նորմ երրորդ սեռի մասին չկա: Կոնվենցիայում որևէ կետով չկա սահմանված երրորդ սեռ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի