Ռուսաստանի իշխանությունները երկրում ցույցեր հրահրելու մեջ մեղադրում են Google-ին և YouTube-ին:
Մասնավորապես, «Ռոսկոմնադզորը» հայտարարել է, որ պահանջել է Google-ից թույլ չտալ «գովազդել չարտոնված (անօրինական) զանգվածային միջոցառումները» YouTube-ում:
Գերատեսչությունը հայտարարել է, որ «մի շարք կառույցներ… YouTube-ից ձեռք են բերում գովազդային գործիքներ», մասնավորապես փուշ-ծանուցումներ, որպեսզի տարածեն չարտոնված և իբր Մոսկվայի քաղաքային խորհրդի ընտրությունների տապալմանն ուղղված ցույցերի մասին տեղեկատվությունը: Այդ ծանուցումները, ըստ գերատեսչության, ստանում են անգամ այն մարդիկ, ովքեր բաժանորդագրված չեն յութուբյան այդ ալիքներին:
Գերատեսչությունը Google-ին սպառնացել է «համապատասխան արձագանքով» այն անգործության դիմաց, որը Ռուսաստանը գնահատում է որպես «միջամտություն պետության սուվերեն գործերին», «թշնամանական ազդեցություն և խոչընդոտում Ռուսաստանում ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը»:
Կարդացեք նաև
Google-ի մամուլի ծառայությունից հրաժարվել են մեկնաբանել իրավիճակը:
Հիշեցնենք, Մոսկվայում հուլիսի կեսերից շարունակվում են բողոքի ցույցերը, որոնց պատճառ է դարձել Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններում անկախ թեկնածուների գրանցման մերժումը ԿԸՀ-ի կողմից:
Օգոստոսի 10-ին Սախարովի հրապարակում տեղի է ունեցել վերջին տարիների ամենախոշոր ցույցը, որին հավաքվել է տարբեր հաշվարկներով 50-60 հազար մարդ: Ոստիկանությունը ցույցի մասնակիցների թիվը գնահատում է 20 հազար: Ցուցարարները պահանջում էին դադարեցնել անկախ թեկնածուների դեմ հարուցված քրեական գործեր: Ոստիկանությունը բերման է ենթարկվել ավելի քան 250 մարդ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ