Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 12-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովին՝ ծննդյան 90-ամյակի կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Հարգարժան Վլադիմիր Նիկոլայի,
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի՝ ծննդյան 90-ամյակի կապակցությամբ:
Կարդացեք նաև
Ձեր ապրած տարիները թույլ են տալիս ընդգծել, որ հասել եք նշանակալի բարձունքների աշխատանքում, շատ բան եք տեսել, անցել եք բազում փորձությունների ու դժվարությունների միջով: Եվ ամբողջ կյանքի ընթացքում Դուք անձնվիրաբար ծառայել եք Ձեր երկրին, հաստատակամորեն պաշտպանել եք նրա շահերը, հավատարիմ եք եղել Ձեր ընտանիքին եւ ընկերներին:
Անգնահատելի է Ձեր ավանդը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման գործում:
Արցախում միշտ հատուկ վերաբերմունք է եղել Ձեր նկատմամբ: Դուք վայելում եք մեր ժողովրդի անկեղծ հարգանքը:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ, մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն, խաղաղություն եւ բարեկեցություն Ձեզ, Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ