Օգոստոսի 7-ին և 8-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, իրականացրել են չնախատեսված խուզարկություններ, որոնց արդյունքում տարբեր խցերից հայտնաբերել են 7 բջջային հեռախոս, 6 լիցքավորիչ, 4 բաժանորդային քարտ, 1 wi-fi սարք, 1 մարտկոց, 4 ականջակալ, 8 կտրող-ծակող գործիք, ինքնաշեն 4 պարան, գործարանային արտադրության 2 և ինքնաշեն 1 տրցակ խաղաքարտեր:
Օգոստոսի 8-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները շրջայցի ժամանակ բնակելի գոտում՝ նոր փխրեցված հողի տակից, հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ՝ 4 բջջային հեռախոսով և 4 զառով։ Նույն օրը ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրականացնելով չնախատեսված խուզարկություններ, խցերի թաքստոցներից հայտնաբերել են 4 բջջային հեռախոս։
Նշված փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
************************
Կարդացեք նաև
Օգոստոսի 7-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության օպերատիվ բաժնի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում իրականացրել են չնախատեսված խուզարկություններ, որոնց արդյունքում խցերից հայտնաբերել են ինքնաշեն 2 պարան և 2 պարսատիկ, 1 բջջային հեռախոս, 1 մարտկոց, 3 լիցքավորիչ, 2 ականջակալ, 3 զառ, 36 գործարանային և 32 ինքնաշեն եղանակով պատրաստված խաղաքարտեր:
Նշված փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
************************
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, օգոստոսի 7-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, իրականացրել են չնախատեսված խուզարկություն, որի արդյունքում հիմնարկի խցերից մեկի պահարանում՝ պլաստմասե տարայի միջից, հայտնաբերել են «Lyrica 50mg» և «Lyrica 75mg» տեսակի հոգեմետ 2 դեղահաբ՝ 0,4 գր ընդհանուր քաշով, ու բաց գույնի դեղահաբի մանրացրած, 3,9 գր քաշով 64 կտոր:
Նշված փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
***************************
ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները օգոստոսի 5-ին՝ ժամը 09։10-ի սահմաններում, իրականացրել են չնախատեսված խուզարկություն, որի արդյունքում հիմնարկի 3-րդ մասնաշենքի խցերից մեկում՝ հատակում ներկառուցված թաքստոցից, հայտնաբերել են արգելված իրեր՝ 11 բջջային հեռախոս, խաղաթղթի 11 տրցակ, բջջային հեռախոսի 6 մարտկոց, 2 USB լար, համակարգչային 1 մկնիկ, լիցքավորման սարքի 1 գլխիկ, 20 լիտր ինքնաշեն եղանակով պատրաստված ոգելից խմիչք և 0,750 լիտր բժշկական սպիրտ:
******************************
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցները, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ԱԱԾ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում օգոստոսի 4-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, կանխել են ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի բուժակ Վ. Ա.–ի կողմից խոշոր չափի թմրամիջոցի, հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի և արգելված այլ իրերի ներթափանցման փորձը քրեակատարողական հիմնարկ:
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի վարչական տարածքում Վ. Ա.-ի կայանած ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներին փոխանցելու համար նախատեսված արգելված մի շարք իրեր, այդ թվում՝ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 40գր դեղնականաչավուն չոր բուսական զանգվածով 2 փաթեթ, «Lyrica 30mg» տեսակի հոգեմետ 50 դեղահաբ, 5 բջջային հեռախոս և բջջային հեռախոսի 2 լիցքավորման սարք, 124.000 ՀՀ դրամ, գործարանային արտադրության 1լ տարողությամբ 1 շիշ կոնյակ, 1լ տարողությամբ 6 շիշ գարեջուր։
Նախապատրաստված նյութերը փոխանցվել են նախաքննական մարմնին, ազատազրկման ձևով պատիժը կրելու վայրում իրացնելու նպատակով թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր ապօրինի ձեռք բերելու, փոխադրելու և առաքելու, ինչպես նաև խոշոր չափի թմրամիջոցներն ու հոգեմետ նյութերը «Արմավիր» ՔԿՀ-ում պատիժը կրող անձանց կողմից ապօրինի ձեռք բերելու փորձի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասով և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի բուժակ Վ. Ա.–ն ձերբակալվել է։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչություն