Շատերին է հայտնի, որ ոսկորների առողջության պահպանման, օստեոպորոզի կանխարգելման համար հզորագույն ազդեցություն ունի վիտամին D-կալցիում զույգը։ Վիտամին D-ի անհերքելի առավելություններից մեկն այն, որ վերջինս նպաստում է կալցիումի ավելի լավ յուրացմանը, սակայն կան նաև տվյալներ, որոնց համաձայն եւս մեկ վիտամին կա, որն առանցքային դեր ունի ոսկորների առողջության համար՝ վիտամին K-ն, մասնավորապես՝ К2-ը։
Սննդարար հզոր նյութերի եռյակը, որը կօգնի նվազեցնել օստեոպորոզի վտանգը
Osteoporosis International-ում հրապարակված հետազոտության տվյալների համաձայն վիտամին K1-ի, K2-ի, D3-ի և կալցիումի ընդունման շնորհիվ ամբողջ կյանքի ընթացքում նվազում է կոտրվածքների վտանգը և բարելավվում է կանանց վիճակը դաշտանադադարից հետո։ Դաշտանադադարից հետո առաջին 10 տարվա ընթացքում ոսկրային մասսայի կորուստը կտրուկ արագանում է, և այդ ընթացքում է, ամենայն հավանականությամբ, օստեոպորոզ զարգանում։
Շատերը սխալմամբ կարծում են, որ բժշկի կողմից նշանակված դեղամիջոցը կալցիումի հետ զուգորդմամբ կերաշխավորի ոսկորների առողջությունն ու ամրությունը, սակայն առողջ սննդին հետևելով, ճիշտ ժամանակին արևի տակ գտնվելով ու ճիշտ հավելումներ ընդունելով՝ շատ ավելի լավ արդյունքի կարելի է հասնել։
Կարդացեք նաև
К1 և К2 վիտամիններ․ ո՞րն է ավելի օգտակար ոսկորների համար
Վիտամին К-ի 2 տեսակ կա և շատ կարևոր է իմանալ այդ երկուսի տարբերությունը։
Վիտամին К1 – պարունակվում է կանաչ բանջարեղենի մեջ, անմիջականորեն լյարդին է փոխանցվում և օգնում է պահպանել արյան առողջ մակարդելիության աստիճանը։ (Սա К վիտամինի այն տեսակն է, որն անհրաժեշտ է նորածինների արյան մակարդելիության լուրջ խանգարումները կանխարգելելու համար)։
Վիտամին К2 – К վիտամինի այս տեսակն արտադրում են բակտերիաները։ Այն մեծ քանակությամբ առկա է աղիքներում, սակայն, ցավոք, այդտեղից չի ներծծվում և դուրս է գալիս կղանքի հետ։ Լյարդից բացի այն անմիջապես փոխանցվում է անոթների պատերին, ոսկորներին ու հյուսվածքներին։
Վիտամին К2-ը մի քանի տարատեսակներ ունի՝ МК4, МК7, МК8 և МК9։ Առողջության համար առավել արժեքավոր է МК7-ը, որը ստացվում է նատտո անունը կրող ճապոնական ֆերմենտացված սոյայի արտադրանքից։ МК7-ի հարուստ աղբյուր հանդիսացող նատտոն բավականին մատչելի է և լայնորեն վաճառվում է ասիական շուկաներում։ Սակայն այն, այնուամենայնիվ, հասանելի չէ բոլորին, ինչպես նաև կտրուկ բույր և լպրծուն կազմվածք ունի, ինչը շատերին կարող է վանել։ MK7 կարելի է ստանալ հավելումների միջոցով, ինչպես նաև ֆերմենտացված պանիրներ օգտագործելով, քան որ վերջիններիս կազմում ևս այն առկա է։
K2-ի՝ օստեոպորոզի դեմ ազդեցությունն ուսումնասիրող մի շարք կարևոր հետազոտություններ են անցկացվել։
Ճապոնացիների կողմից անցկացված մի շարք հետազոտությունները ցույց են տվել, որ վիտամին K2-ն ամբողջությամբ վերացնում է ոսկրային մասսայի կորուստը, իսկ որոշ դեպքերում էլ՝ օստեոպորոզ ունեցող մարդկանց մոտ ավելացնում է ոսկրային մասսան։
Ճապոնական 7 հետազոտության ընդհանուր եզրահանգման համաձայն վիտամին K2-ը 60 տոկոսով նվազեցնում է ողերի կոտրվածքները, 80 տոկոսով՝ այլ կոտրվածքները։
Նիդերլանդների հետազոտողները ցույց են տվել, որ K2-ը K1-ից 3 անգամ ավելի արդյունավետորեն է բարձրացնում օստեոկալցինի մակարդակը, որը կարգավորում է ոսկրային հյուսվածքի աճը։
Ինչո՞ւ է վիտամին K-ն այդքան կարևոր կալցիումի ու վիտամին D-ի ընդունման ժամանակ
Եթե դուք կալցիում ու վիտամին D եք ընդունում ոսկորների ամրացման համար, ապա շատ կարևոր է նաև վիտամին K ստանալը։
Այս 3 սննդանյութերը սիներգիկ էֆեկտով են օժտված, որին հնարավոր է հասնել միայն երեքի համադրմամբ։
Փորձենք պարզել, թե վիտամին K-ի ընդունմամբ ինչպե՞ս է մեծանում կալցիումի և վիտամին D-ի դրական ազդեցությունը․
- Կալցիում– Բազմաթիվ ապացույցներ կան, որ հենց վիտամին K-ն (մասնավորապես K2) է կալցիումը հասցնում ոսկորներին՝ կանխելով դրա կուտակումը սխալ տեղերում, այսինքն՝ օրգաններում, հոդերում ու զարկերակներում։ Զարկերակային խցանների մեծ մասը կազմված են կալցիումի կուտակումներից (աթերոսկլերոզ), այստեղից էլ «զարկերակային կարծրացում» տերմինը։
K2 վիտամինն ակտիվացնում է օստեոկալցին սպիտակուցային հորմոնը, որն անհրաժեշտ է ոսկորներում կալցիումի կապակցման համար։ Օստեոկալցինը նաև նպաստում է զարկերակներում կալցիումի կուտակման կանխարգելմանը։
Այսպիսով, վիտամին K-ն օգնում է պաշտպանել արյունատար անոթների պատերը կալցիֆիկացումից։
- Վիտամին D3– Ինչպես արդեն նշվեց, վիտամին D-ն մեր օրգանիզմին օգնում է յուրացնել կալցիումը, բայց վիտամին K-ն այդ կալցիումը հասցնում է կմախքի այն հատվածներին, որոնք ունեն դրա կարիքը։ Պատկերավոր ասած՝ վիտամին D-ն «դռնապահն» է, իսկ վիտամին K-ն՝ «կարգադրիչը», որն ուղղորդող դեր է կատարում։ Առանց «կարգադրիչի» ակտիվ շարժումը խցանումներ ու քաոս է առաջացնում։
Այլ կերպ ասած՝ վիտամին D-ի օգնությամբ արդյունավետորեն օրգանիզմ ներթափանցող կալցիումն առանց K2-ի կարող է աշխատել օրգանիզմի դեմ՝ կուտակվելով պսակաձև զարկերակներում, ոչ թե ոսկորներում:
Ինչպե՞ս ստանալ այդ սննդարար նյութերը բնական աղբյուրներից
Կալցիումը, K2-ը և D3-ը, իհարկե, հասանելի են հավելումների տեսքով, սակայն դուք այդ նյութերը կարող եք ստանալ սննդից ու արևից։
Մասնավորապես կալցիումն ավելի լավ է յուրացվում օրգանիզմի կողմից, եթե այն ստացվում է սննդի միջոցով։ Կալցիումով հարուստ են թարմ կաթն ու արածող կովերի կաթից ստացված պանիրները, կանաչ բանջարեղենը, ցիտրուսայինների պտղամիսը, քունջութի սերմերը։
Իսկ այ վիտամին D-ի ամենաարդյունավետ աղբյուրը արևն է։
Վիտամին K2-ի մակարդակն օպտիմալացնելու համար նախապատվությունն արժե տալ կանաչ բանջարեղենին, ֆերմենտացված մթերքներին, տնական պանրատեսակներին, ինչպես նաև ընդունել K2 վիտամին՝ հավելումների տեսքով, եթե սննդի միջոցով նշված վիտամինի արդյունավետ քանակ ստանալու հնարավորությունը բացակայում է։ Սակայն պետք է զգուշություն ցուցաբերել վիտամին K2-ի հետ կապված, եթե ընդունում եք հակամակարդիչ (անտիկոագուլյանտ) դեղամիջոցներ, իսկ եթե առողջական վիճակը նորմալ է, ապա խորհուրդ տրվող օրական նորման 150-300 մկգ է։
Վիտամինը, որը նույնքան լավ է նվազեցնում զարկերակային ճնշումը, որքան ուժեղ ազդեցություն ունեցող դեղամիջոցները։
Վիտամին D3-ի մակարդակն օպտիմալացնելու խորհրդին հետևելով՝ ոսկորների առողջության մասին հոգալուց զատ դուք մի շարք առողջական խնդիրներ ևս կհաղթահարեք։
Լոնդոնում հիպերտոնիայի եվրոպական միության համաժողովին ներկայացված հետազոտության տվյալներից ելնելով գիտնականները, որոնք ուսումնասիրել են վիտամին D3-ի ազդեցությունը սրտի առողջության վրա, հայտնել են, որ զարկերակային բարձր ճնշում ունեցող հիվանդների վիճակը նշանակալիորեն թեթևացել է վիտամին D-ի ընդունման շնորհիվ։
Հետազոտության մասնակիցներից մեծ մասի մոտ վիտամին D-ի պակաս է եղել, ու թեև գիտնականները խորհուրդ չեն տվել հրաժարվել զարկերակային ճնշման դեմ պայքարող դեղերից, այնուամենայնիվ, անհերքելի են համարում վիտամին D-ի կարևորագույն դերը սրտի առողջության պահպանման համար։
Ինչպես D3-ը, այնպես էլ K2-ը կարևոր են սրտի առողջության համար, քանի որ միասին են «աշխատում» արյունատար անոթները կալցիֆիկացումից պաշտպանող Matrix GLA (կամ MGP) սպիտակուցի մակարդակի բարձրացման համար։
Առողջ զարկերակներում MGP-ն հավաքվում է միջին թաղանթի էլաստիկ մանրաթելերի (զարկերակների լորձաթաղանթը) շուրջ՝ դրանք պաշտպանելով կալցիումի բյուրեղներից։
4 քայլ ցանկացած տարիքում ոսկորների առողջության պահպանման համար
Ոսկորների ամրության պահպանման ամենալավ երաշխիքը բնական հանքանյութերով հարուստ թարմ սննդամթերքի օգտագործումն է, բացի դա, անհրաժեշտ է պարբերաբար գտնվել արևի ներքո ու չմոռանալ ֆիզիզկական վարժությունների մասին։
Այսպիսով՝
- Օպտիմալացրեք վիտամին D3-ի մակարդակը։
- Օպտիմալացրեք К1-ի և K2-ի մակարդակը։
- Կատարեք ֆիզիկական վարժություններ՝ օգտագործելով այնպիսի ծանրություն, որն արդյունավետ է հենց ձեզ համար։
- Օգտագործեք ձեր տեղանքում աճող ու արտադրվող թարմ սննդամթերքներ՝ ներառյալ բանջարեղեն, ընդեղեն, սերմնահատիկներ, տեղական միս ու ձու, թարմ կաթնամթերք և այլն։ Նվազեցրեք շաքարի ու ռաֆինացված մթերքների օգտագործումը։
Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթ է կրում և չի հետապնդում բուժում նշանակելու նպատակ։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Հետաքրքիր է,որ ոսկրերին ամրություն տվող ամենակարևոր տարրի՝ֆոսֆորի մասին ոչին չեն ասում կամ գրում:
Հարգելի Սեյրան, հանքանյութերի, մասնավորապես ֆոսֆորի դերին ու առանձնահատկություններին հակիրճ անդրադարձել ենք այս հոդվածում՝ https://www.aravot.am/2019/03/24/1030909/, առաջիկայում ավելի մանրամասն կդիտարկենք այդ կարևոր հանքանյութի նշանակությունը օրգանիզմի առողջության համար, շնորհակալություն մեկնաբանության համար։