Աշխարհի տարբեր ծագերում կորցնում ենք հայ գիտության մեծերին։ Էլի մի կորուստ. իր մահկանացուն կնքեց հայ ցեղասպանագիտության ռահվիրան, նվիրյալը, նահապետը՝ Վահագն Դադրյանը (Տատրյանը)։
Նրա՝ բազմագոչ, հուզական շղարշից զերծ (հենց որպիսին նա ուզում էր, հորդորում էր տեսնել հայ ցեղասպանագիտությունը) գիտական, փաստագրական ստույգ, չոր իրողությունների վրա հիմնված կապիտալ, դասական գործերը, իրենք արդեն լինելով մեծագույն ներդրում հայ ցեղասպանագիտությանը, նաև մթնոլորտ էին ստեղծում այդ գիտության մեջ՝ նրան օժտելով գիտական անհերքելիության այդքան կարևոր հատկանիշով։
Ու էլի՝ մի անգերագնահատելի ներդրում հայ ցեղասպանագիտությանը, որ չգիտես ինչու չի նշվել նույնիսկ նրա մահախոսականում։ Լինելով համեմատական ցեղասպանագիտության հիմնադիրներից, հետևորդը, ջատագովը, ներդնողը հայ ցեղասպանագիտության մեջ նա, փաստորեն, դարձավ, և սա շատ կարևոր է, հայ ցեղասպանության ուսումնասիրման մեթոդաբանության հեղինակը, հիմնադիրը, կրողը։ Մեթոդաբանություն, որը, ցավոք, դեռ մինչև վերջ մարսված, ընկալված չէ և միշտ չէ, որ կիրառվում է մեր ցեղասպանագիտության մեջ։
Գիտական այդ ոլորտի դադրյանական հանրագիտակ իմացությունը, գիտնական-վերլուծաբանի նրա տաղանդը, միջազգային բարձր վարկանիշը նրան դարձրել էին միջազգային ցեղասպանագիտական միջավայրի հեղինակություններից մեկը, որը նրան առիթ էր տվել դառնալ նաև այդ ոլորտի ճանաչված փորձագետ՝ միջազգային մի շարք դատական ատյաններում։ Սա Դադրյան-գիտնականից բացի նաև Դադրյան-քաղաքացու անգերագնահատելի ներդրումն էր Հայոց ցեղասպանության միջազգային հանրայնացմանը։
Մեր ազգային այս ողբերգության իրողությունը դիտարկելով Միջազգային իրավունքի տեսանկյունից՝ նա կարողացավ Հայոց ցեղասպանությունը դուրս բերել նեղ ազգային իրողության շրջանակներից, նրան միջազգային-համամարդկային հնչեղություն հաղորդել։ Հենց միջազգային իրավունքի տեսանկյունից Հայոց ցեղասպանություն իրողության դիտարկման անհրաժեշտության մասին նա հաճախ էր նշում, որպես հայ ցեղասպանագիտության կարևոր կողմնորոշում, և որը, կրկին ցավոք, հաճախ պակասում է մեր ցեղասպանագիտությանը։
Կարդացեք նաև
Երջանկահիշատակ Լավրենտի Բարսեղյանի շահագրգիռ միջնորդությամբ (նրանք բազմամյա լավագույն բարեկամներ էին) ես առիթ եմ ունեցել լինել նրա հոդվածների հրատարակիչը, և այդ ընթացքում սեղանի շուրջ նրա հրատարակվելիք հոդվածների քննարկում-աշխատանքները, գիտաժողովներում նրա հետ հանդիպումները, այդ ինքնատիպ, մեծ գիտնականի հետ յուրաքանչյուր առնչում մեծագույն բավականություն էր, եթե կուզեք՝ վարպետաց դասեր։
…. Կորցրեցինք էլի մեկին՝ հայ գիտության մեծերից… Դե իսկ մեզ բոլորիս, ի մասնավորի՝ հայ ցեղասպանագետներին, մնում է խոնարհվելով նրա անգերագնահատելի վաստակի, քաղաքացիական բարձր նկարագրի առջև, կարողանալ հայ ցեղասպանագիտության միջազգայնացման ուղությունը զարգացնել հենց դադրյանական նախանշած կողմնորոշիչներով։
Էմիլ ԴԱՆԵՂՅԱՆ
https://www.facebook.com/armlinkarmenian/videos/2440379829352556/UzpfSTEwMDAwNjE4NTIwMzUzMjoyMzMzMzQ1Nzg2ODgxNTcy/