«Սխալ ճանապարհի կեսից հետ կանգնելն էլ է տղամարդկություն». ժող. ասացվածք
Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում այս տարվա առաջին կիսամյակում անկում է արձանագրվել։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները այս տարվա հունվար-հունիսին, 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 7.4 տոկոսով՝ կազմելով 247 մլրդ 951 մլն դրամ, ինչը և օրինաչափ էր և սպասելի։ Բացի այդ նկատվում են գյուղատնտեսական շատ մթերքների՝կարտոֆիլի, բանջարեղենի, մրգերի գնաճ: Իհարկե, լուրջ չի լինի ասել, թե դրանք միանշանակ պայմանավորված է կառավարության կառուցվածքի փոփոխությամբ, սակայն դա կարող էր նույնպես իր ազդեցությունը թողնել և մեզ խորհելու տեղիք է տալիս:
Անհրաժեշտ էր այս հարցին շատ զգույշ և պատասխանատվությամբ վերաբերվել, քանի որ կառավարության օպտիմալ կառուցվածքով է նաև մեծապես պայմանավորված երկրի կառավարման համակարգի, կառավարության գործունեության արդյունավետությունը, տնտեսության առանձին ճյուղերի զարգացման և մշակութային, սոցիալական ու ազգային անվտանգության խնդիրների լուծման հեռանկարները: Կառուցվածքը կառավարությունում քննարկելիս և ազգային ժողովում հաստատելիս, կարծում եմ, անհրաժեշտ էր առանձնահատուկ զգուշությամբ վերաբերվել մշակույթի և գյուղնախարարություններին:
Հատկանշական է նաև այն, որ կառավարության կառուցվածքի՝ այդքան սկզբունքային հարցի վերաբերյալ հաշվի չառնվեց մարդկանց կարծիքը, չծավալվեցին հանրային քննարկումներ, այն ինչպես հարկն է չքննարկվեց ո՛չ ոլորտների մասնագետների և ո՛չ էլ գիտական շրջանակների հետ: Սա նշանակում է, որ մենք ինչպես հարկն է չենք արժևորում որոշ ոլորտների կարևորությունը: Ելնելով երկրի համար ռազմավարական կարևորությունից՝ կարծում եմ, ցանկացած պետության առանցքային նախարարությունների թվում պետք է, անպայման, լինեն մշակույթի ու գյուղատնտեսական նախարարությունները: Այսօր մենք արժեհամակարգի ու բարոյականության հետ կապված խնդիր ունենք: Հետխորհրդային տարիներին մենք ունեցանք բարոյական անկում՝ խեղաթյուրվեցին ազգային նկարագիր ունեցող սովորութային-բարոյական արժեքները, հետևողականորեն արժեզրկեցինք պետական ինստիտուտներն ու պաշտոնները, գիտելիքն ու կրթությունը, կոչումներն ու պարգևները, մարդկանց ծառայություններն ու վաստակը:
Կարդացեք նաև
Տեղի են ունենում սոցիալական հիերարխիայի փլուզման միտումներ և կամաց-կամաց սկսում են պակասել ավագ սերնդի և մանկավարժ-դաստիարակների նկատմամբ ձևավորված տրադիցիոն-մշակութային պաշտամունքը: Դրան հակառակ խրախուսվեց ցածրարժեք մշակույթը, անբարոյականությունը՝ սուտ խոսելն ու քցելը, քծնելը, նյութապաշտությունը, փառասիրությունը, ծառայամտությունը, լկտիությունը,քաղքենիությունը և այլն: Կարծում եմ , նոր Հայաստանում մեր բոլորիս առաջնահերթ խնդիրը պետք է լինի նոր արժեհամակարգի և բարոյական միջավայրի ձևավորումը, իսկական հայի կերպարի վերականգնումը, օրինականության ու արդարության հաստատումն ու արժանապատիվ քաղաքացու դաստիարակումը,ինչը առաջին հերթին կրթության ու մշակույթի ոլորտի հիմնական խնդիրը պետք է լինի: Իսկ գյուղատնտեսությունը դարեր շարունակ հանդիսանում է մարդկության գոյության հիմնական աղբյուրը:
Գյուղատնտեսության առաջնայնության գաղափարը դեռևս գիտականորեն հիմնավորվել է ֆիզիոկրատների կողմից` հանձինս ֆիզիոկրատների ամենակարկառուն ներկայացուցչի` Ֆրանսուա Քենեի, ըստ որի հարստություն ստեղծում են միայն գյուղատնտեսության մեջ ստեղծված արժեքները: Թեև ֆիզիոկրատներից մինչև այսօր գիտությունը և քաղաքակրթությունը հսկայական թռիչք են ապրել, այնուամենայնիվ գյուղատնտեսության հիմնահարցերը չեն կորցրել իրենց կարևորությունը, առաջնայնությունը և արդիականությունը: Գյուղատնտեսությանը պետք չէ վերաբերվել սոսկ միայն որպես բիզնեսի՝ այն ոչ միայն նյութական արտադրության ռազմավարական ճյուղ է և երկրի համար ունի ոչ միայն քաղաքական, սոցիալ-տնտեսական,պարենային անվտանգության, այլ նաև պատմա-մշակութային, ժողովրդագրական, բարոյահոգեբանական և պաշտպանական կարևոր նշանակություն: Ֆրանսիացի փիլիսոփա, գրող Ժան Ժակ Ռուսսոն գտնում էր, որ «Անկախության պայմաններում պետությունը պահելու միակ միջոցը դա գյուղատնտեսությունն է: Տիրապետեք թեկուզ աշխարհի ողջ հարստությանը, միևնույն է, դուք կախված եք ուրիշներից, եթե չունեք ուտելու ոչինչ… Առևտուրը ստեղծում է հարստություն, իսկ գյուղատնտեսությունն ապահովում է ազատություն»: Այս տեսակետից կարծում եմ գյուղնախարարության լուծարումը և ներառումը էկոնոմիկայի նախարարության կազմում որևէ կերպ արդարացված չէր:
Առանց այն էլ ներկայումս գյուղատնտեսության ոլորտում առկա են հրատապ լուծում պահանջող բազմաթիվ խնդիրներ՝ ցածր են ոլորտի զարգացման տեմպերը, պայմանավորված ժամանակակից տեխնիկայի անբավարարությամբ և աշխատատար գործընթացների մեքենայացման ցածր մակարդակով, նյութատեխնիկական անբավարար բազայով, բնական ռեսուրսների /հողի, ջրի/ անարդյունավետ օգտագործմամբ, իրացման համակարգի անկատարությամբ, ապահովագրության բացակայությամբ, ֆերմերային տնտեսությունների փոքր չափերով և տնտեսվարման առաջադիմական ձևերի բացակայությամբ, բարձր տեխնոլոգիաների և ընդհանրապես գիտական նվաճումների դանդաղ ներդրմամբ, աշխատանքի և արտադրության կազմակերպման ցածր մշակույթով, ագրարային կրթության ու գիտության վրա կատարվող ներդրումների անբավարարությամբ, տեղեկատվական և խորհրդատվական սպասարկման ծառայությունների ցածր արդյունավետությամբ, իրավական դաշտի անկատարությամբ, գյուղական տարածաշրջաններում շուկայական, արտադրական և սոցիալական ենթակառուցվածքի զարգացման ցածր մակարդակով, իրականացվող ծրագրերի ցածր արդյունավետությամբ և այլն:
Ենթադրվում էր, որ Հայաստանում 1991 թ.-ին իրականացված ագրարային ռեֆորմի շարունակությունը պետք է լիներ տնտեսվարման ձևերի կատարելագործումը՝ օպտիմալ չափեր ունեցող ֆերմերային տնտեսությունների և կոոպերատիվների ձևավորումը, դրամավարկային, ապահովագրական, իրավական, խորհրդատվական–տեղեկատվական համակարգերի ձևավորումն ու կատարելագործումը, շուկայական, արտադրական և սոցիալական ենթակառուցվածքի զարգացումը , պետական աջակցության հիմնարար սկզբունքների ու կառուցակարգերի մշակումն ու իրականացումը, ագրարային ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը , տեխնիկական պարկի վերազինումը, աշխատանքի և արտադրության կազմակերպման առաջադիմական մեթոդների արմատավորումը, ագրարային գիտության ու կրթության զարգացումը և այլն: Սակայն իրականում դա տեղի չունեցավ և Հայաստանում բարեփոխումներն, ըստ էության, սահմանափակվեցին հիմնականում սեփականաշնորհմամբ, չապահովվեց ռեֆորմների շարունակականությունը և չունեցանք ակնկալվող առաջընթաց:
Արդյունքում, ռեֆորմներից շուրջ 28 տարի անց գյուղատնտեսական շատ ցուցանիշներով զիջում ենք մինչռեֆորմյան տարիների մակարդակը: Մինչդեռ ագրարային ռեֆորմների միջազգային փորձը ցույց է տալիս , որ ռեֆորմներից 5-7 տարի անց արձանագրվում են գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների շեշտակի աճ: Օրինակ Ստոլիպինյան ագրարային ռեֆորմի արդյունքում, որն իրականացվեց 1906 թ.-ին՝ Ռուսաստանում, գյուղատնտեսական մթերքների ապրանքաշրջանառությունը 1913 թ. ավելացավ 46%-ով, ՆԷՊ-ի տարիներին ՝ 1921-1928 թ.-ն ընկած ժամանակահատվածում գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալներն աճեցին 2,1-2,2 անգամ:
Չինաստանում 1978 թ.-ին սկսված ագրարային ռեֆորմներից վեց տարի անց՝ 1984թ.-ին գյուղատնտեսական մթերքների ծավալներն ավելացան 1,6 անգամ: ՀՀ ագրարային ոլորտի ձախողումների պատճառը կարծում եմ առաջին հերթին պայմանավորված է հետռեֆորմյան տարիներին ոլորտում իրականացվող ոչ գրագետ քաղաքականությամբ՝ անարդյունավետ կառավարմամբ և պետական աջակցության ոչ բավարար մակարդակով: Գյուղատնտեսությանը լուրջ հարված հասցրեցին նաև ռեֆորմի ընթացքում թույլ տրված մարտավարական սխալները, կադրային սխալ նշանակումները ու բազմաթիվ կամայական և չարդարացված կառավարչական որոշումները: Ներկայումս շուրջ 150000 հեկտար վարելահող դուրս է մնացել ակտիվ շրջանառությունից և օգտագործվում է որպես խոտհարք կամ արոտավայր:
Մենք չենք կարողանում կերակրել մեր 2.5-3 միլիոն բնակչությանը սեփական գյուղմթերքներով և Հայաստանում գյուղատնտեսական մթերքներով ինքնաբավության մակարդակը կազմում է ընդամենը 65%:Զարգացած գյուղատնտեսություն ունեցող երկրներում գյուղատնտեսության ոլորտի մեկ աշխատող կերակրում է 100-150 համերկրացու, իսկ Հայաստանում՝ ընդամենը 6-7 մարդու, չնայած նրան, որ աշխարհում այն եզակի երկրներից ենք, որ ունենք չորս ամենակարևոր գործոնները գյուղատնտեսության զարգացման համար՝մաքուր օդ, երկարատև արև, մաքուր ջրի հարուստ պաշարներ և բերրի հող, իսկ Հայաստանում արտադրվող գյուղմթերքներն աչքի են ընկնում համային յուրահատուկ որակներով:
Գյուղնախարարության՝ որպես ինքնուրույն կառուցվածքային միավորի պահպանումը նաև արդարացված է նրանով, որ Հայաստանում ագրոարդյունաբերական համակարգին բաժին է ընկնում երկրի ՀՆԱ-ի մոտ 20%-ը, այդ թվում ագրարային հատվածին՝ շուրջ 16%-ը: Արտաքին ապրանքաշրջանառության մեջ գյուղատնտեսական արտադրատեսակների տեսակարար կշիռը կազմում է շուրջ 29%: ՀՀ բնակչության մոտ 36%-ը ապրում է գյուղական բնակավայրերում, իսկ ագրարային հատվածում զբաղված են ընդհանուր զբաղվածների շուրջ 37%-ը: Բացի այդ գյուղատնտեսությունը բաց երկնքի տակ վարվող ճյուղ է, որն ավելի շատ է ենթարկվում բնական աղետների ազդեցության, աչքի է ընկնում արտադրության սեզոնային բնույթով ու բարձր ռիսկայնությամբ և ճյուղը դարձնում է ոչ մրցունակ, ոչ եկամտաբեր և ցածր արդյունավետ: Միաժամանակ, գյուղատնտեսությունն աշխատանքի արտադրողականության, մեքենայացման, արտադրողական ուժերի զարգացման աստիճանով և տնտեսական ու տեխնոլոգիական պայմաններով զգալիորեն հետ է մնում տնտեսության մնացած ճյուղերից: Կապիտալ ներդրումներն այստեղ ավելի դանդաղ են հատուցում տալիս, քան տնտեսության մնացած ճյուղերում, որի հետևանքով ճյուղն աչքի է ընկնում ներդրումների ցածր գրավչությամբ:
Այստեղ տեղին է կես կատակ, կես լուրջ մեջբերել անգլիացի ազնվական, կոմս, 19-րդ դարի գեներալ-գուբերնատոր ՈՒիլյամ Պիտտ Ամհերստի խոսքերը. «Հին,վատ օրերին կար սնանկացման երեք հեշտ մեթոդ՝ դրանցից ամենաարագը գնաճն էր, ամենահաճելին՝ կանայք, իսկ ամենահուսալին ՝ գյուղատնտեսությունը»: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ այն երկրներում, որտեղ պետությունը գյուղատնտեսությանը ցույց է տալիս համակողմանի աջակցություն, նպաստում է ոլորտի զարգացմանը, այդ երկրներում որպես կանոն լուծված են պարենային անվտանգության խնդիրները: Պատահական չէ, որ զարգացած երկրներում մշակված և ներդրված են պետական աջակցության հատուկ մեխանիզմներ, որոնք ապահովում են գյուղատնտեսական արտադրության մրցունակությունը և ֆերմերների նվազագույն եկամուտները:Որոշ երկրներում պետական բյուջետային ներդրումները գյուղատնտեսության մեջ 1.5-2 անգամ գերազանցում են ֆերմերների կողմից ստացված արտադրանքի արժեքը։ Մեկ ֆերմերային տնտեսության հաշվով պետական աջակցությունը կազմում է Եվրոմիությունում՝ 10-11 հազար, ԱՄՆ-ում՝27-28 հազար,Նորվեգիայում՝ 30-33 հազար ԱՄՆ դոլար: Զարգացած երկրներում բյուջետային աջակցությունը տատանվում է գյուղատնտեսության ոլորտի համախառն արտադրանքի արժեքի 40-95% սահմաններում: Համեմատության համար նշենք, որ Հայաստանում այն կազմում է ընդամենը 1-1.5% ։
Այնուամենայնիվ արդյունավետ կազմակերպման և բարձր տեխնոլոգիաների կիրառման, պետական աջակցության կառուցակարգերի կատարելագործման, տնտեսավարման արդյունավետ ձևերի ներդրման շնորհիվ գյուղատնտեսությունը կարող է ապահովել մեծ եկամուտներ և պատահական չէ, որ գնալով ավելանում են մեր երկրում հողեր ձեռք բերելու և Հայաստանի գյուղատնտեսությունում ներդրումներ կատարելու ցանկություն հայտնող օտարերկրացիների թիվը:
Մենք պետք է դեմքով շրջվենք դեպի գյուղը, վերականգնենք երբեմնի ուշադրությունը և ընդգծված հարգանքը հայ գյուղացու նկատմամբ՝ որպես բարիք ստեղծող ու արարող մարդու: Գյուղատնտեսության զարգացումը հնարավորություն կտա երկրի համար լուծել նաև ազգային անվտանգության շատ կարևոր ժողովրդագրական՝ սահմանամերձ գյուղերի բնակեցման խնդիր: Սա առավել հրատապ և կարևոր է այսօր, երբ դատարկվում են սահմանամերձ գյուղերը: Սրանք մեզ կարծում եմ խորհելու լուրջ տեղիք պետք է տան և ազգովի պետք է լավ իմանանք, որ հայոց պետականության ակունքներում հայ գյուղացին է կանգնած և մեր երկրի ու պետության կայունությունն, անկախությունն ու անվտանգությունը մեծապես պայմանավորված են հենց նրանով: Կասկած չունեմ, որ վաղ թե ուշ մենք հետ ենք կանգնելու գյուղնախարարությունը որպես ոլորտը համակարգող, առանձին կառուցվածքային միավորի՝ լուծարելու որոշումից և որքան շուտ, այնքան լավ: Հակառակ դեպքում կխորացնենք առանց այդ էլ ոլորտում առկա անմխիթար վիճակը, իսկ հետևանքները կարող են լինել պարզապես անդառնալի:
Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ
ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ