Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկապես համաշխարհային ազգ ենք

Օգոստոս 11,2019 12:00

Երբ տարիներ առաջ նորանկախ Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը մի առիթով հայտարարեց, որ հայերը համաշխարհային ազգ են, շատերը վարչապետի այդ հայտարարությունը Վազգեն Մանուկյանի կողմից ազգային սնապարծություն ու գոռոզամտություն որակեցին: Եթե «Համաշխարհային ազգ» ասելով՝ Վազգեն Մանուկյանը նկատի ուներ, որ հայերը աշխարհի մասշտաբով նշանավոր ու ճանաչված ազգ են, կարծում ենք՝ առանձնապես չի սխալվել:

Հայերին համաշխարհային ազգ համարողները հիմնականում նկատի ունեն այն հանգամանքը, որ հայերն աշխարհին համաշխարհային կարգի մեծություններ են տվել՝ Գրիգոր Նարեկացի, Արամ Խաչատրյան, Մարտիրոս Սարյան, Վիկտոր Համբարձումյան, Արշիլ Գորկի եւ շատ ուրիշներ, որոնց մի պահ անգամ չես վարանի դնել համաշխարհային ամենաբարձր կարգի մեծություններին համահավասար եւ որոնցով ոչ միայն հայերս ենք պարծենում ու հպարտանում:

Ի տարբերություն արվեստի ու գիտության ասպարեզների, քաղաքականության մեջ Հայաստանն ու հայերը չափազանց համեստ տեղ են ունեցել: Բայց Նիկոլ Փաշինյանն ու Նիկոլի թիվն ապրած ու տեսած հայերը քաղաքական մեծ ճանաչում բերին մեր երկրին: Սինգապուրի սինգապուրցիների պես: Սինգապուրն ու սինգապուրցիներն արվեստի ու գիտության բնագավառներում Հայաստանի ու հայերի չափ ճանաչում չունեն, բայց Սինգապուրն ու սինգապուրցիներն արվեստի մակարդակի բարձրացրին քաղաքականությունն ու երկրի կառավարման գործը:
Կեղծ համեստություն չանենք: Հայերս, փաստորեն, ի տարբերություն սինգապուրցիների, հիմա գրեթե բոլոր բնագավառներում ենք համաշխարհային ազգ: Առանձնապես չենք չափազանցնում: Քաղաքականության մեջ նույնպես որոշակիորեն աչքի ենք ընկել:

Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանն ու հայերը հանուն Հայաստանի անկախության չափազանց մեծ ակտիվություն հանդես բերեցին: Եթե Ղազախստանը, միջինասիական երկրներն ու Բելառուսը քաղաքական չափազանց համեստ ու հայեցողական կողմնորոշում ունեին եւ լռելյայն հետեւում էին, թե ուր է տանում գորբաչովյան պերեստրոյկան, ապա Հայաստանը, ի դեմս Ղարաբաղյան շարժման, չափազանց մեծ ակտիվություն էր հանդես բերում՝ հանուն Հայաստանի ու խորհրդային մյուս հանրապետությունների անկախության եւ, կարելի է ասել, քաղաքականապես առաջ էր ընկել գորբաչովյան պլաններից եւ ուղղակիորեն ու անմիջականորեն էր նպաստում Խորհրդային Միության փլուզմանը, եւ Ղարաբաղյան շարժման շնորհիվ Հայաստանն ու հայերը դասվեցին հետխորհրդային քաղաքական առաջադեմ երկրների ու ազգերի շարքում, եւ առ այսօր Արեւմուտքը, Եվրոպան, ողջ առաջադեմ աշխարհը մեզ հենց այդ աչքով են նայում՝ իբրեւ առաջադեմ աշխարհի ներդաշնակ ու անբաժանելի մաս, իբրեւ յուրային, եւ սխալված չենք լինի, եթե ասենք, որ առաջադեմ աշխարհը Լեռնային Ղարաբաղն էլ է յուրային համարում, եւ չնայած Լեռնային Ղարաբաղն իբրեւ երկիր ու պետություն դեռեւս ճանաչված չէ, բազմաթիվ հանգամանքներից զգացվում է, որ առաջադեմ աշխարհի համակրանքը հենց Լեռնային Ղարաբաղի կոմն է, այլ ոչ թե՝ Ադրբեջանի, եւ դրա հիմքերն ու պատճառները բազմաթիվ են. առաջին հերթին այն, որ Լեռնային Ղարաբաղը, չճանաչված պետություն լինելով հանդերձ, բազմաթիվ քաղաքական եւ հատկապես ժողովրդավարական առումներով նկատելիորեն ու զգալիորեն առաջ է անցել ճանաչված երկիր Ադրբեջանից:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին ու թավշյա հեղափոխությանը, դրանք միանգամայն այլ որակ էին հայ քաղաքական մտքի պատմության մեջ եւ դրանց առանձին ու ամենայն մանրամասնությամբ կանդրադառնանք: Որ դրանք ողջ առաջադեմ աշխարհի ուշադրության կենտրոնում էին, դրանում երկու կարծիք լինել չի կարող, բայց որ այսքանով հեղափոխության ու Փաշինյանի անելիքներն ավարտված չեն, դրանում նույնպես երկու կարծիք չի կարող լինել: Նույնիսկ կարելի է ասել՝ շատ բան նոր-նոր է սկսվում: Կամ՝ ոչինչ չի ավարտվել:

Մենք, ճիշտ է, շատ բնագավառներում ենք Սինգապուրից ու սինգապուրցիներից ավելի համաշխարհային ազգ, բայցեւ նույն Սինգապուրից ու սինգապուրցիներից սովորելու շատ բան ունենք: Հենց թեկուզ երկրի կառուցման ու կառավարման հարցերում: Հարցեր, որոնք առաջ են եկել հեղափոխության հաղթանակի արդյունքում եւ որոնց ճիշտ լուծումներից է կախված մեր հեղափոխության ճշմարիտ ու իրական գնահատականը:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ

09.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031