Մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում ընթացող «Միջազգային բանակային խաղեր 2019»-ի շրջանակում այսօր ադրբեջանական պատվիրակության անդամները սադրանք են հրահրել:
Մասնավորապես` զորավարժարանում այսօր հայտարարված «Հայաստանի օրվա» շրջանակում մեր երկրի տաղավարում հնչել են հայկական երգեր, հայկական ազգային պարեր են կատարվել, կազմակերպվել է հայկական ավանդական կերակրատեսակների հյուրասիրություն և այլն:
Ադրբեջանական պատվիրակության անդամներն ինչ-որ պահի փորձել են խանգարել երգերի կատարմանն ու բարձրաձայն վանկարկել են «Ադրբեջան»՝ զուգահեռ փորձելով դեպի բեմահարթակ տանել իրենց երկրի դրոշները: Սադրանքը տեղում կանխվել է խաղերի կազմակերպիչների կողմից: ՀՀ ՊՆ-ից հայտնեցին, որ ուսումնասիրում են միջադեպը, իսկ «Հայաստանի օրը» միջոցառումը շարունակվել է` առանց խնդիրների: