Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը «Պոստ Սկրիպտում» ակումբում անդրադարձավ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած հանրահավաքին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հղած ուղերձներին, Ադրբեջանի արձագանքին ու ԱԳՆ հայտարարությանը:
«Առհասարակ նմանատիպ հայտարարությունները, որ Արցախը Հայաստանն է, Ադրբեջանի կողմից ներկայացվում են որպես ագրեսիայի արտահայտություն՝ Հայաստանի Հանրապետության կողմից: Նման հայտարարություններ միշտ էլ եղել են նաեւ ՀՀ նախկին իշխանությունների օրոք, սա ամենեւին չի նշանակում, որ Հայաստանը խափանում է բանակցային գործընթացը… Սա նշանակում է, որ մենք թե մշակութային, թե պատմական, թե բնակչության եւ թե բոլոր առումներով Արցախի հետ մեկ ենք ու մեկ հայրենիք ենք: Սա միայն քաղաքական հայտարարություն չէ…
Եթե դա այսօր կոչվում է Արցախի Հանրապետություն, մեր տարածքն էլ կոչվում է Հայաստանի Հանրապետություն, դա որեւէ բան չի փոխում: Սրան զուգահեռ հայաստանյան կողմը միշտ նշել է, որ բանակցային գործընթացին մենք հավատարիմ ենք եւ հավատարիմ ենք խնդրի խաղաղ կարգավորմանը՝ ի տարբերություն ադրբեջանական կողմից»,-նշեց Տարոն Հովհաննիսյանը։
Ապա հիշեցրեց. «2018թ. փետրվարին Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ Զանգեզուրը, Սեւանը եւ Երեւանը ադրբեջանական պատմական հողեր են, եւ իրենք վերադառնալու են այդ հողեր: Այսինքն, սա հավակնություն էր Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ՝ Ադրբեջանի նախագահի կողմից ու բավականին ագրեսիվ բնույթի: Մյուսը, եթե իրենք ասում են, որ նման հայտարարություններով Հայաստանը խաթարում է բանակցային գործընթացը եւ բանակցային կարգավորումը, ապա ինչպես որակենք իրենց այն հայտարարությունը, որ այս խնդիրն ունի միայն մեկ լուծում՝ Ղարաբաղն իրենց լեզվով, պետք է լինի միմիայն Ադրբեջանի կազմում:
Կարդացեք նաև
Բանակցային առարկան այս պահին սա է՝ Արցախի ժողովուրդը որոշել է 1988-ի փետրվարից գնալ ինքնորոշման ճանապարհով, որը Արցախի բնակչության իրավունքն է: Արցախյան պատերազմը Արցախի ժողովրդի ինքնորոշման համար իրենց պայքարն էր, որտեղ Արցախի ժողովուրդը հաղթող է դուրս եկել: Այստեղ որեւէ այլ բանի մասին խոսք լինել չի կարող, Արցախի ժողովուրդն օգտվում է իր իրավունքից, որը սահմանված է նաեւ Հելսինկյան եզրափակիչ ակտում»: Նա վկայակոչեց նաեւ Ադրբեջանի կողմից իրականացվող ջարդերը, «կոլցո» օպերացիան եւ Արցախի ժողովրդի գոյության վտանգը Ադրբեջանի կազմում:
«Հայկական կողմից նման հայտարարությունները ագրեսիայի որեւէ միտում չունեն: Չմոռանանք, որ ադրբեջանական կողմն անընդհատ փորձում է խուսափել հրադադարի հետաքննության մեխանիզմների տեղադրումից: 2011թ. Սոչիում ՀՀ, ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո տարածվեց հայտարարություն, որ կողմերը համաձայնել են հետաքննության մեխանիզմներ տեղադրել, այնուհետեւ բազմաթիվ հայտարարություններ եղան նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից:
Խոսքը տեխնիկական ապահովման մասին էր, որով հնարավոր կլիներ ֆիքսել, թե ով է կրակում առաջինը, որտեղից է կրակում եւ ինչով եւ ինչպես է խախտում հրադադարի ռեժիմը…ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մի քանի անգամ հայտարարել են, որ Հայաստանը համաձայն է, Արցախը համաձայն է, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Ինչ է նշանակում համաձայն չլինել հետաքննության մեխանիզմների տեղադրմանը, դա նշանակում է, որ համաձայն չես, որպեսզի ֆիքսեն, որ դու ես հրադադարի ռեժիմի խախտողը եւ դու ես կրակում; Իսկ եթե Հայաստանն ու Արցախը համաձայն են, դա նշանակում է, որ մտավախություն չունենք, թե կպարզվի ինչ-որ ենթադրյալ ագրեսիա ՀՀ կողմից: Մենք առաջինը չենք կրակում, մենք հարկ եղած դեպքում պատասխանում ենք, եւ պատասխանում ենք ոչ համաչափ, ինչն անհրաժեշտ պաշտպանություն է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ