Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թույլատրել են վարսավիրանոց՝ հուշարձանի պատի վրա: Հիմա միզում են հուշակոթողին

Օգոստոս 10,2019 13:00

Ողբերգություն է սեփական իրավունքներդ միայնակ պաշտպանելը:

Ողբերգություն է ձայնդ լսելի չդարձնելը, պատին հանդիպելը:

Մարդիկ շաբաթվա յուրաքանչյուր հինգշաբթի օրը կառավարության շենքի մոտ հացադուլ, նստացույց, բողոքի ցույցեր են անում՝ անցյալ դարի 90-ականների կեսերից սկսած: Մենք՝ մայրաքաղաքում ապրողներս, երազում ենք այն օրվա մասին, երբ հինգշաբթի օրը ոստիկանական պատ չի շարվի կառավարության շենքի դիմաց, բաց կլինի շենքի մոտով անցնող ճանապարհը, փոխադարձ վիրավորանքներ եւ աղմուկ չեն հնչի այդ տարածքից:

Երեկվանից հացադուլ սկսելու մասին «Առավոտին» ասաց Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Վ.Համբարձումյան փողոցի 7 տան բնակչուհին՝ Վեռա Կարապետյանը: Հուլիսի 17-ից ցմահ երկրորդ կարգի հաշմանդամ, միայնակ կենսաթոշակառուն նստացույց է անում, վերջերս քնում կառավարության շենքի մոտ:

Երեկ առողջական վիճակը վատացել էր, ուստի նրա հետ շենքի մոտից եկել եմ խմբագրություն՝ որոշ անհրաժեշտ օգնություն ցույց տալով նրան:

Տարեց կինը պատմեց, որ քաղաքապետարանի հետ ծագել են մի շարք խնդիրներ: Նախ՝ Խաղաղության հրապարակի մոտից հանել են իրենց շարժական տաղավարը:

Վ. Կարապետյանի հանգուցյալ եղբայրը Արցախյան պատերազմի նվիրյալներից է եղել, երկրորդ կարգի հաշմանդամ, Շուշիի ազատագրման մասնակից, ունի պարգեւներ: 1995թ. մարտին Վարդենիսի շրջխորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ, եղբորը՝ Շմիդտ Կարապետյանին հատկացվել է Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշակոթողի հյուսիսային մասում 170 քմ տարածք՝ հավաքովի կոնստրուկցիաներից տաղավար տեղադրելու համար: Թույլատրվել էր նաեւ «երկու հավաքովի զրուցարան» այդ տարածքում: Եղբայրն այդ հուշակոթողը բարեկարգել է, հետեւել է, նրա մահվանից հետո տղան տարածքը մաքրել է աղբից: Սակայն այդ տարածքը տրվել է հարեւան Ա.Հակոբյանին՝ կառուցապատման համար: Կառուցապատման նախագծով այն հատկացվել էր վարսավիրանոցի համար, ինչը նույնպես գրավոր բողոքներից հետո կանխվել է: Հողատարածքների համար զրուցակիցս վճարումներ է կատարել, սակայն տարածքը ցանկանում են խլել:

Շ. Կարապետյանի երեք երեխաներին, ըստ էության, մեծացրել է Վ. Կարապետյանը: 1996թ.-ին Շ. Կարապետյանի մահից հետո անշարժ գույքը ժառանգել է ավագ որդին՝ Առնակը: Վ. Կարապետյանը հանդիպել է մարզպետի հետ, եւ ըստ էության մարզպետարանը վերահաստատել է, որ տարածքը Կարապետյաններինն է:

Հոշակոթողի վրա միզում են, տարածքը ավերակների է վերածվել, ծառերն արմատախիլ են արվել, եւ այդ մասին հաղորդում է եղել ոստիկանությանը, քաղաքապետարանին:

Քաղաքապետարանը որոշմամբ հատկացված հողի իրավահաջորդությունը օրենքի ուժով չի ճանաչում ժառանգություն ստացած որդուն: Ահա այս հարցն է, որ Վ. Կարապետյանին բերել է մայրաքաղաք: Վ. Կարապետյանը դիմել է վարչապետ Ն. Փաշինյանին 103 էջից բաղկացած դիմումով, սակայն «ըստ երեւույթին նրան նամակները չեն տալիս, նամակները տեղ չեն հասնում»:

Պաշտոնական գրության համաձայն, Շ. Կարապետյանին հատկացված 170 քմ-ից 20 քմ է տրամադրվել կառուցապատման իրավունքով: Մնացածը զավթվել է:

Ի դեպ, Վարդենիսի Խաղաղության հրապարակի աջ կողմում էլ խաղաղության աղավնու արձանը կոտրել են, տեղը խանութ կառուցել:

«800 միլիոն դոլարի գործով»

Նոր Նորք համայնքի բնակչի՝ Էդվարդ Նավասարդյանի հունիսի 27-ի դիմումն ուղղված ՀՀ արդարադատության նախարարին, ըստ էության, մերժվել է:

ԱՆ վերահսկողական ծառայության 6-րդ բաժնի ժ/պ Էլինա Մադոյանի գրության համաձայն. «Դիմումում նշված հարցի լուծումը դուրս է ՀՀ արդարադատության նախարարության՝ «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված հավելվածի 3-րդ մասում ամրագրված իրավասության շրջանակներից»:

Կենսաթոշակառուն, անցյալ դարի հիսունականներին հանիրավի բռնադատվածը մինչ ԱՆ դիմելը հայցադիմում էր ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ «Հայէկոնոմ» բանկի դեմ, պահանջելով վերնագրում պահանջած գումարը:

Դատավոր Ա. Բադիրյանի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել էր, քանի որ չէր պահպանվել իրավական հիմքերն ու ընթացակարգը:

Դատարանն արձանագրել էր, որ Է. Նավասարդյանը չի ներկայացրել պետտուրքի վճարումը հավաստող որեւէ փաստաթուղթ:

Ծերունին ասում է, որ նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրել է դրամական ավանդ, սակայն գիտեք, թե ինչու մինչ օրս փոխհատուցում չի ստացել, քանի որ տվյալների հաշվառման ժամանակ, ՀՀ կառավարության 2006թ. մարտի 16-ի հ. 352-Ն որոշման կարգի՝ հաշվառվելու իրավունք են ստացել այն քաղաքացիները, ովքեր 2005թ. հուլիսից մինչեւ 2006թ. ապրիլի մեկը ընտանեկան նպաստ են ստացել: Նա նպաստ չի ստացել, պետությունը մի լումա փոխհատուցում, գումար չի տվել:

«Նոր Նորքի սոցիալական ծառայությունների տարածքային բաժնից մեր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են, որ Ձեր ընտանիքն այդ ժամանակահատվածում հաշվառված չի եղել ընտանեկան նպաստի համակարգում»,- հայտնել է համայնքի սոցիալական ապահովության վարչության նախկին պետը՝ Ռ. Զաքարյանը:

Քաղաքացին, ըստ էության, ունի գումար եւ չունի հնարավորություն հոգալու իր ծախսերը՝ հագուստ գնել, ունենալ տուն, ազատ գնումներ կատարել, սնվել, առողջարան գնալ:

Է.Նավասարդյանի առաջ մի անգամ էլ «պատ է շարվել», երբ դիմել է Երեւանի քաղաքապետարան՝ «բնակության համար պիտանի տարածք» ստանալու համար:

Այս կապակցությամբ էլ առկա է քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետի պաշտոնական գրությունը. «Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2013թ. օգոստոսի 1-ի հ. 894-Ն որոշմամբ հաստատվել է բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերին դասված անձանց՝ ընտանիքներ, հաշվառելու, կացարանի, եւ այլ սոցիալական ծառայությունների տրամադրման կարգը, հետեւաբար, Ձեր բնակարանային հարցի քննարկման համար կարող եք դիմել ՀՀ պետական լիազոր մարմնին»:


Ռուզան  ՄԻՆԱՍՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
09.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031