2019թ. օգոստոսի 8-ին կառավարությունն ընդունել է որոշում, որով սահմանվել են անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները:
Շահառուներին ներկայացվող հիմնական և լրացուցիչ պահանջներն են.
Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեն 2 տարի և ավելի անպտղություն ունեցող (բացարձակ ցուցումների դեպքում առանց 2 տարվա սահմանափակման) անզավակ զույգերը, եթե ամուսիններից մեկը`
- զինծառայող է կամ զինծառայողներին հավասարեցված անձ (սահմանված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, կցվում է), կամ
- զինվորական ծառայության ընթացքում կամ ծառայության ավարտից հետո դրա հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու ծնող, կամ
- ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառու է կամ
- ունի հաշմանդամի կարգավիճակ, եթե կնոջ մոտ չկա հղիությունը կրելու հակացուցում, կամ
- սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքներում բնակվող զույգ են (ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N1 հավելվածով սահմանված ցանկին համապատասխան` կցվում է):
Միաժամանակ զույգերը պետք է բավարարեն հետևյալ լրացուցիչ պահանջները`
Կարդացեք նաև
1) ամուսինները կամ ամուսիններից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և ամուսնությունը գրանցված է օրենսդրությամբ սահմանված կարգով,
2) կինը 20-35 (ներառյալ) տարիքային խմբում է (բացառություն է սահմանված միայն զինվորական ծառայության ընթացքում կամ ավարտից հետո դրա հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու ծնողների դեպքում` կնոջ տարիքը մինչև 42 տարեկան), ընդ որում 35 տարեկանում դիմելու և որպես շահառու հաշվառվելու դեպքում կինը պահպանում է ծրագրի շահառուի կարգավիճակը մինչև 38 տարեկան դառնալը:
Դիմումների մուտքագրումը և հերթագրումը
Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար քաղաքացիների դիմումների մուտքագրումն ու հերթագրումն իրականացվում է ըստ դիմելիության ժամկետի` կենտրոնացված ընթացակարգով, միասնական առողջապահական էլեկտրոնային համակարգի միջոցով` այն կազմակերպության կողմից, որին դիմել է շահառուն:
Դիմումները մուտքագրվում են միայն այն դեպքում, եթե դիմումատուն համապատասխանում է վերը նշված հիմնական և լրացուցիչ պայմաններին և դիմումին կից ներկայացնում է համապատասխան փաստաթղթերը` լրիվ կազմով (այն թվում` նշված 5 խմբերից որևէ մեկին պատկանելու կարգավիճակը հավաստող հիմքերը): Նախատեսված փաստաթղթերի թերի լինելու դեպքում դիմումատուն տեղեկացվում է և առաջարկվում է ներկայացնել բացակայող փաստաթղթերը:
Կառավարության որոշումը ուժի մեջ կմտնի նիստին հաջորդող շաբաթվա ընթացքում` պաշտոնական հրապարակումից հետո, հետևաբար բժշկական կազմակերպությունները հերթագրման գործընթացը կսկսեն ծրագրի մեկնարկից հետո:
Ծրագրի մեկնարկի մասին ՀՀ առողջապահության նախարարությունը լրացուցիչ կհայտարարի:
Լրացուցիչ տեղեկացնում ենք, որ պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնությունը և սպասարկումը չի ներառում փոխնակ մոր, դոնորական ձվաբջջի և դոնորական սերմնաբջիջների համար փոխհատուցման ծախսերը:
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Հոդված 72.
- Սույն օրենքի 6-րդ բաժնի դրույթների կիրառման իմաստով` զինծառայողներ են համարվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության, հանրապետական գործադիր մարմինների համակարգերում համապատասխան ծառայության մեջ գտնվող անձինք:
- Զինծառայողներին հավասարեցված անձինք են`
1) մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը վարժական հավաքների կանչված զինապարտները, ինչպես նաև սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին մասնակցող անձինք, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 64-րդ հոդվածի 5-րդ մասի, 65-րդ հոդվածի 3-րդ մասի, 66-րդ հոդվածի 1-ին մասի, 68-րդ հոդվածի, 69-րդ հոդվածի և 71-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակ ունեցող անձինք, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 64-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասի, 65-րդ հոդվածի 3-րդ մասի, 66-րդ հոդվածի 1-ին մասի, 67-69-րդ հոդվածների և 71-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները.
3) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 6-րդ բաժնի դրույթները, և հարկադիր կատարողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները.
4) պաշտպանության հանրապետական գործադիր մարմնում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ զբաղեցնող կամ քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձինք, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 64-րդ հոդվածի, 65-րդ հոդվածի 1-ին մասի, 67-69-րդ հոդվածների, 71-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթները, ինչպես նաև պաշտպանության հանրապետական գործադիր մարմնում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 64-րդ, 67-69-րդ հոդվածների դրույթները.
5) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները:
- Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ է տրվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարին կից կարող է գործել անհայտ կորածների հարցերով խորհրդատվական հանձնաժողով:
- Սույն օրենքի այն դրույթները, որոնք վերաբերում են զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին, տարածվում են նաև`
1) ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո մահացած այն զինծառայողների ընտանիքների վրա, որոնց մահվան պատճառը ծառայության ընթացքում ստացած վնասվածքն է, խեղումը կամ առաջացած հիվանդությունը.
2) ծառայողական պարտականությունները կատարելիս կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքների վրա:
(72-րդ հոդվածը լրաց. 21.06.18 ՀՕ-344-Ն)
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման |
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՑԱՆԿ
Մարզը | Համայնքը | Բնակավայրը |
ՀՀ Արարատի մարզ | Երասխ | գ. Երասխ |
Պարույր Սևակ | գ. Պարույր Սևակ | |
գ. Տիգրանաշեն | ||
ՀՀ Գեղարքունիքի մարզ | Ճամբարակ | ք. Ճամբարակ |
գ. Վահան | ||
ՀՀ Վայոց ձորի մարզ | Արենի | գ. Արենի |
գ. Խաչիկ | ||
Զառիթափ | գ. Խնձորուտ | |
գ. Սերս | ||
գ. Նոր Ազնաբերդ | ||
գ. Բարձրունի | ||
ՀՀ Տավուշի մարզ | Նոյեմբերյան | ք. Նոյեմբերյան |
գ. Բաղանիս | ||
գ. Բարեկամավան | ||
գ. Բերդավան | ||
գ. Դովեղ | ||
գ. Կոթի | ||
գ. Ոսկեպար | ||
գ. Ոսկեվան | ||
Բերդ | գ. Այգեձոր | |
գ. Այգեպար | ||
գ. Արծվաբերդ | ||
գ. Մովսես | ||
գ. Ներքին կարմիր աղբյուր | ||
գ. Չինարի | ||
գ. Չորաթան | ||
գ. Պառավաքար | ||
գ. Վերին կարմիր աղբյուր | ||
Ազատամուտ | գ․ Ազատամուտ | |
Այգեհովիտ | գ. Այգեհովիտ | |
գ. Կայան | ||
Բերքաբեր | գ. Բերքաբեր | |
Ծաղկավան (Իջևանի շրջ.) | գ. Ծաղկավան | |
Կիրանց | գ. Կիրանց | |
Կողբ | գ. Կողբ | |
Սարիգյուղ | գ. Սարիգյուղ | |
Սևքար | գ. Սևքար | |
Վազաշեն | գ. Վազաշեն | |
Ընդամենը | 16 համայնք | 38 բնակավայր |
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ