Լրահոս
Օրվա լրահոսը

2008 թվականի մարտի 1-ի գործերը կվերանայվեն. Արմեն Խաչատրյան

Օգոստոս 09,2019 17:33

2008 թվականի մարտի 1-ի գործերը կվերանայվեն: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը: Այն գործերը, որոնցում կլինեն նոր երեւան եկած հանգամանքներ, դատական սխալ կամ դրանցում կլինի արդարադատության էության խախտում՝ նորից կքննվեն:

Հիշեցնենք, երեկ Հայաստանի հելսինկյան ասոցիացիա հ/կ ներկայացուցիչ Նինա Կարապետյանցը, Ժուռնալիստներ հանուն մարդու իրավունքների հ/կ ներկայացուցիչ Ժաննա Ալեքսանյանը, Իրավունքի եւ ազատության կենտրոն հ/կ ներկայացուցիչ Վարդան Հարությունյանը եւ ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը հանդիպել են ՀՀ Գլխավոր դատախազի Արթուր Դավթյանի հետ։ Հանդիպման նախաձեռնողները հ/կ ներկայացուցիչներն են եղել։ Քննարկվել է քաղաքական դրդապատճառներով դատապարտված մարդկանց արդարացումը։

Ենթադրվում է, որ վերանայումներից հետո կլինեն արդարացման վճիռներ, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված է, որ արդարացվողն ունի պետությունից փոխհատուցում ստանալու իրավունք: «Եթե որեւէ մեկը ցանկություն կունենա դիմելու եւ վնասի փոխհատուցում ստանալու, դա կլինի իր իրավունքը»,- ասաց Արմեն Խաչատրյանը:

Հետաքրքրվեցինք` ժամանակին քաղաքական կոնյուկտուրայից ելնելով վճիռներ կայացրած դատավորների համար պատիժներ սահմանվա՞ծ են: «Եթե կունենանք բավարար ապացույցներ կամ առերեւույթ հանցագործության մասին կունենանք փաստական տվյալներ, առնվազն կդիմենք դատախազին` քրեական գործեր հարուցելու պահանջով»,- պատասխանեց մեր զրուցակիցը:

Թե գործերի վերանայման գործընթացը երբվանի՞ց կսկսվի, հարցին էլ Արմեն Խաչատրյանն այսպես արձագանքեց. «Գործընթացը մեծ հաշվով սկսված է. այս պահն ՀՀ վճռաբեկ դատարանում կա երեք դիմում, որոնցից երկուսը վարույթ են ընդունված: Խոսքը Մուշեղ Սաղաթելյանի եւ Արամ Բարեղամյանի գործերի մասին է: Մուշեղ Սաղաթելյանի գործով անգամ վճռաբեկը որոշում է կայացրել`ուղարկել վերաբացման`առաջին ատյանի դատարան: Արամ Բարեղամյանի բողոքը վճռաբեկ դատարանի վարույթում է եւ մեկ բողոք էլ վերջերս է գնացել, արդեն արդարադատության բուն էության խախտման փաստով»:

Հարցին`նախկինում`1995-96 թվականներից սկսած եղած քաղաքական դատավարություններով եւ անօրինական վճիռներով գործերով ե՞ւս վերանայումներ կլինեն, մեր զրուցակիցը օրինակ բերեց Աշոտ Բլեյանի գործը եւ հավելեց. «Մեր հանդիպումը վերաբերելի է եղել մարտի 1-ի գործերին, բայց դա չի նշանակում, որ որեւէ մեկն իրավունք չունի դիմելու այն բոլոր հիմքերով, որոնք թվարկեցի: Մենք դատախազի հետ չենք քննարկել 2008-ին դատապարտված, ազատազրկված անձանց արդարացված հայտարարելու մասին հարցը, մենք զբաղվել ենք մաքուր իրավաբանությամբ`գործերը կվերանայվեն ՀՀ քրեական դատավարության, գործող օրենսգրքի նորմերին համապատասխան: Վերջին տասը տարիներին մենք այդ ճանապարհով չէինք գնում, որովհետեւ քաղաքական իշխանությունը, իրավապահ համակարգը թույլ չէր տա, որպեսզի օբյեկտիվ քննություն անցկացվեր, հիմա, կարծում ենք, որ այդ արգելքը հաղթահարված է եւ հիմքեր ունենք վստահելու դատախազությանը, որ օբյեկտիվ քննություն կանցկացվի»:

Նկատենք, որ 2008-ի մարտի 1-ի գործով դատապարտված է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը`զանգվածային անկարգություններ կազմակերպելու հոդվածով: Նիկոլ Փաշինյանի գործը նույնպե՞ս կվերանայվի` հարցին, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Ես որեւէ տարբերություն, այդ իմաստով, չեմ դնում»:

Ժուռնալիստներ հանուն մարդու իրավունքների հ/կ ներկայացուցիչ Ժաննա Ալեքսանյանն էլ մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ իր տպավորությամբ, դատախազությունը պատրաստակամ էր:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Արման ՎԵԶԻՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031