Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Բաբայանը ներկայացնելու է իշխանափոխության ճանապարհային քարտեզը ու խոստանում է՝ «շատ մարդիկ շատ անվստահ եւ անհանգիստ կլինեն»

Օգոստոս 09,2019 16:57

«Կոռուպցիայի մասին խոսում են, կոռուպցիայի դեմ են պայքարում, բայց բազմաթիվ կոռուպցիայի դեպքեր… Խոսում էին նախկին թալանի մասին, բա ո՞ւր կորան էդ թալանչիները: Դրախտ էին խոստանում: Պատկերացնո՞ւմ եք՝ մառազմը որտեղ է հասել, որ խոսում են նրա մասին, որ Հայաստանի հետախուզությունը պետք է դառնա աշխարհի 10 լավագույն հետախուզություններից: Եթե այդպես է, եկեք մի հատ գերտերության խոստում ենք, թե 2050-ին ՀՀ-ն դառնալու է գերտերություն: Դե, ժողովուրդ ջան, եթե հավատալով է, մենք վաղվանից կսկսենք այնպիսի խոստումներ տալ, որ բոլորդ զարմանաք»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Ռեֆորմիստների կուսակցության» նախագահ Վահան Բաբայանը:

Դիմելով իշխանություններին՝ նա ասաց. «Վաղը մարդիկ հարցնելու են՝ ինչի՞ համար մենք ձեզ ընտրեցինք: Մենք ձեզ ընտրեցինք, որ խալի լվանալու համար գումարնե՞ր հատկացնեք, կամ ընտրեցինք նրա համար, որ անիմաստ տեղը պարգեւավճարնե՞ր տաք մարդկանց…Կարմիր գծերը բա ի՞նչ եղան, կամերաները, էդ ամեն ինչը շուտ մոռացվե՞ց: Մի օր վեթթինգ են հնարում, մի օր չգիտեմ ինչ են հնարում, մի օր ասում են՝ Ղարաբաղը Հայաստան է, մի օր ասում են՝ եկեք ռոումինգի գներն իջեցնենք երկու պետությունների մեջ, մի օր քաղաքական պատվերներ են անում, մի օր վենդետաներ են անում: Մարտի 1-ը սարքել են ամբողջ իշխանության, պետության հիմնական խնդիր»:

Նա սկսեց դժգոհել՝ «Ամբողջ երկրով մեկ լույսերը գնում են, էլեկտրաէներգիայի տատանումներ, բա ինչի՞ առաջ էդ խնդիրները չկային»:

Բաբայանը նաեւ ասաց. «Իշխանության են բերել մարդկանց, ովքեր ուղղակի քայլել են, ուրիշ ոչ մի բան չեն արել, «զասլուգաներ» չունեն եւ ավելին՝ սկսել են վարկաբեկել հերոսներին: Հետեւողականորեն վարկաբեկվում են բոլոր հերոսները: Այդ մարդիկ, որ այսօր վարկաբեկում են, ֆեյսբուքում լավ բաներ են գրում մեր հերոսների մասին, իրենք պատկերացնո՞ւմ են, որ պատերազմի ժամանակ այդ մարդիկ ինչերով են անցել, պատկերացնո՞ւմ են, որ իրենք Երեւանում նստած սուրճ են հիմա խմում, այդ մարդիկ հենց հիմա էլ Ղարաբաղում՝ կիսապատերազմական վիճակում ապրում են ու օգնում են մարդկանց, իրենց երկիրն են պահում: Բոլորը թալանչի են, իրենք սուրբ մարդի՞կ, ժողովու՛րդ սա պայթելու է»:

Aravot.am-ի հարցին՝ հերոս ասելով՝ ո՞ւմ նկատի ունեք՝ Վահան Բաբայանը պատասխանեց. «Հերոսներ ասելով՝ առաջին հերթին Օգանովսկու հետ կապված եմ ուզում ասել: Երբ BBC-ի հարցազրույցն եղավ, BBC-ն այդքան շատ չէր հեղինակազրկելու փորձ արել Օգանովսկիին, ինչքան մեր տեղի ԶԼՄ-ները, ինչի՞ այն ժամանակ մեր հերոսների նկատմամբ նման վերաբերմունք չկար: Նման մեկնաբանություններ գրել ֆեյսբուքում, մարդուն վիրավորել, երբ չգիտեն նրա արժանիքները հայրենիքի նկատմամբ, ուղղակի անթույլատրելի է: Մանվել Գրիգորյանի պահով չեմ կարող որեւէ մեկնաբանություն տալ եւ կա Ռոբերտ Քոչարյան, որը երկրի երկրորդ նախագահն է, կալանքի տակ է գտնվում, կրկին Արցախի հերոս, որի օրոք Հայաստանը բավականաչափ հաջողություններ է ունեցել ու մարդուն այսօր պահում են կալանքի տակ: Գոնե նրա համար, որ ինքը նախկին նախագահ է, կարող էին թեկուզ տնային կալանք նշանակել, կամ ստորագրություն չհեռանալու վերաբերյալ: Նման քայլերի չգնային»:

Վահան Բաբայանը նաեւ ասել էր, որ ներկայիս իշխանությունները կոռուպցիայից են խոսում, բայց կոռուպցիոն դեպքեր կան: Մենք հորդորեցինք կոնկրետ օրինակներ նշել՝ ի՞նչ դեպքերի մասին է խոսքը: Վահան Բաբայանը պատասխանեց. «Թերթերը բացեք, կարդացեք՝ լիքը՝ Դավիթ Սանասարյան, առողջապահության փոխնախարար, լիքը չե՞ն դեպքերը, ԱԱԾ-ն ինչքան դեպք է բացահայտել, սաղ կոռուպցիա է, էլի»:

Վերջում Վահան Բաբայանը հայտարարեց. «Իշխանափոխության հավանականությունը, թեժ աշնան իրավիճակը բավականին ռեալ է, բայց դա կախված է մեր հասարակությունից: Որ օրը հասարակությունը ոտքի կանգնի, այդ օրն էլ կլինեն փոփոխություններ: Ժողովրդավարությունը հենց դա է, ժողովրդավարական ճանապարհն էլ հենց դա է, եթե չի արդարացնում կառավարությունը՝ պահանջում են հեռանալ: Մենք առաջարկել էինք վստահության հանրաքվե անցկացնել, իրենք նույնիսկ չեն էլ արձագանքել այդ առաջարկին: եթե իրենք չգնացին այդ քայլին, լինելու են ակցիաներ, ցույցեր ու այն ժամանակ Փաշինյանն այլեւս չի կարող խոսել, որ ժողովուրդն իրեն ընդունում է, իր շուրջ է միասնական: Յուրաքանչյուր նման ակցիաների ժամանակ, պոռթկումների ժամանակ իրենք փորձելու են դա կապել նախկինների, Ռոբերտ Քոչարյանի հետ: Եթե ես հիմա ընդամենը քաղաքական կարծիք եմ հայտնում, մարդիկ խոսում են պատվիրովի խոսալու մեջ: Բա դուք պատկերացնո՞ւմ եք եթե մենք սկսենք քաղաքական գործընթաց, ինչպիսի վայրահաչություններ են սկսելու մեր դեմ: Դրանք կանխելու համար մենք սեպտեմբերին անցկացնում ենք մեր կուսակցության 3-րդ համագումարը, որտեղ անց ենք կացնելու իշխանափոխության ճանապարհային քարտեզը: Վստահ եմ, մեր երրորդ համագումարից հետո շատ մարդիկ շատ անվստահ եւ անհանգիստ կլինեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031