Այսօր Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ասուլիս էր հրավիրել եւ խոսում էր ժողովրդավարությունից, քաղաքական դաշտից, գործող իշխանությունների վատ կառավարումից, սխալ կադրերից:
Aravot.am-ը նրան հարցրեց՝ ձեր հրապարակային ելույթներից, ասուլիսներից հետո մարդիկ պարբերաբար ձեզ հիշեցնում են, ասում են՝ ժողովրդավարությունից, քաղաքական դաշտից ինչպե՞ս է խոսում մի մարդ, որը 5-6 կուսակցություն է փոխել, ասում են, որ դուք ձեր օրինակով տապալել եք Հայաստանի քաղաքական դաշտի գոյությունը՝ կուսակցությունից կուսակցություն փոխելով այլ նկատառումներով՝ չունենալով գաղափարական հենք, ինչպե՞ս եք արձագանքում այս քննադատություններին: Վահան Բաբայանը պատասխանեց. «Շատ նորմալ եմ արձագանքում: Ես շատ ուրախ եմ, որ քաղաքական գործիչ լինելով՝ ունեմ նման «բացասական» կողմ, որովհետեւ շատ քաղաքական գործիչների քննադատում են այլ խնդիրներով՝ արյան հետ կապված, կոռուպցիայի, հանցագործության՝ կրիմինալի, պետական միջոցները մսխելու, ապօրինի հարստանալու եւ մարդկանց վատություն անելու մեջ: Ես երբեւիցե որեւէ քայլ չեմ արել մեր պետության, ժողովրդի դեմ, վատություն որեւէ մեկին չեմ արել, արել եմ միայն այն, ինչը գտել եմ ճիշտ իմ քաղաքական ծրագրերի շրջանակներում:
Երկրորդը՝ բա ժողովրդավարությունից խոսացող մարդիկ չե՞ն հասկանում, որ ժողովրդավարության հիմնական արժեքը դա մարդու կարծիքի ազատությունն է եւ եթե մենք փոխում ենք այն կուսակցությունները, որտեղ եղել ենք կամ այն կազմակերպությունները, որտեղ եղել ենք, կամ մեր աշխատատեղը, դա մեր ժողովրդավարական արժեքների հիմնասյունն է: Պատմությանը անհայտ բան չի սա, շատ երկրների շատ քաղաքական գործիչներ նույնիսկ փոխել են հակադիր թիմեր եւ հայտնվել են երկրի ղեկավարի պաշտոնում, որեւէ արտառոց բան չկա: Դա մատի փաթաթան է, որ կպնեն:
Ես ինձ վատ չեմ զգում, ես բավականին կոփվել եմ, բայց ուրախ եմ, որ մարդիկ դա են օրինակ բերում: Այդ մարդիկ, ովքեր ինձ անվանում են մի քանի կուսակցություն փոխած, իրենց սրբազան առաջնորդին թող հիշեն, Փաշինյանը քանի կուսակցություն է փոխել: Առնվազն երեք կուսակցություն ես կարող եմ ձեզ հիշեցնել՝ «Իմպիչմենտ» կուսակցությունը, ՀԱԿ-ը, որից Նիկոլ Փաշինյանը հեռացավ… Հնարավոր է այլ քաղաքական հոսանքներում էլ է եղել: Ես երբեւիցե ինձ թույլ չեմ տա Փաշինյանին քննադատեմ նրա համար, որ ինքը եղել է ՀԱԿ-ում, հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ խնդիրներ է ունեցել եւ իր կուսակցությունն է բացել: Պարզ է, որ եթե քաղաքական դաշտում երկար տարիներ գործես, սա ԽՍՀՄ-ը չէ, որ լինես կա՛մ կոմունիստ, կա՛մ չգիտեմ ինչ, ոչ մի բան:
Կարդացեք նաև
Մեր երկրում բազմակուսակցություն է ու որեւէ մեկը դրանում ինձ մեղադրել չի կարող: Ճամբարափոխ լինում են այն մարդիկ, ովքեր իրենց ընդդիմությանը թողնում, անցնում են իշխանության ճամբար: Ես երբեւիցե իշխանությունում չեմ եղել, որ ինչ-որ մեկն ինձ ճամբարափոխ անվանի: Եթե ես այսօր գնամ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում աշխատեմ, այդ ժամանակ ինձ կարող եք ճամբարափոխ անվանել, դա ճիշտ կլինի: Բայց ես նման առիթ չեմ տվել: Մենք որեւէ նպատակ չունենք քաղաքական առեւտրի մեջ մտնելու ինչ-ինչ հարցերի համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ