«Մենք նորից գնում ենք հին ճանապարհով. այսինքն` մենք ունենք միահեծան իշխանություն, որը վերահսկողություն է հաստատել իշխանության երեք ճյուղերի նկատմամբ, այնինչ նրանք պետք է առանձին լինեն»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը մտահոգություն հայտնեց «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Արա Գասպարյանը:
Կուսակցության համահիմնադիր Արա Հակոբյանը հայտարարեց, թե մինչև տարեվերջ նոր զարգացումներ են լինելու: Aravot.am-ի հարցին՝ փակագծեր կբացի՞, մասնավորապես ի՞նչ զարգացումներ նկատի ունի, Արա Հակոբյանը պատասխանեց. «Մենք կարծում ենք, որ թվարկված բոլոր թեմաներով և, ավելին, լինելու են զարգացումներ: Կառավարության կողմից լինելու է վերջնական դիրքորոշում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ կապված. «Մինչև հիմա Նիկոլ Փաշինյանը փորձում է խուսափել իր անձնական դիրքորոշումը հայտնելուց՝ չնայած իր կառավարության անդամ նախարարները՝ արդարադատության և սոցիալական, իրենց խիստ դրական դիրքորոշումը հայտնել են: Նիկոլ Փաշինյանը վերջին պահին, տեսնելով հանրային դիմադրողականության և անհանդուրժողականության չափը, կապված այս կոնվենցիայի վավերացման հետ, կարող է հայտնել, թե տեսեք՝ ես էլ այդ կարծիքին եմ, և դա իմ որոշումն է, որ չգնա վավերացում: Ուզում եմ հայտնել, որ եթե նա նման բան ասի, իր դիրքորոշումը չի լինի, քանի որ իր դիրքորոշումն արտահայտված է իր իսկ նշանակված նախարարների կողմից»:
Ըստ Արա Հակոբյանի՝ մյուս զարգացումը լինելու է արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում. «Հնարավոր չէ Արցախի հարցի բանակցություններն անընդհատ սառեցնել, քանի որ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում արված հայտարարություններին ադրբեջանական կողմն արձագանքել է, որոշակի արձագանք կարող է լինել նաև համանախագահների կողմից: Նիկոլ Փաշինյանը դա ասելով՝ նկատի ունի, որ բանակցային օրակարգը պետք է փոխվի, նկատի ունի, որ սրանից հետո ՀՀ-ն լիազորվա՞ծ է լինելու Արցախին ներկայացնել: Զարգացումներ կլինեն մասնավորապես դատաիրավական համակարգի հետ կապված, Սահմանադրական դատարանի հետ կապված, մասնավորապես դատական գործընթացների մասով: Մենք ունենալու ենք քաղաքական տեսակետից բուռն աշուն, ինչպես ունեինք բուռն ամառ»:
Մյուս հարցին՝ Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշված «Արցախը Հայաստանն է և վերջ, միացում» թեզերն արդյոք ճանապարհ չե՞ն փակում Արցախի՝ բանակցային սեղան վերադարձի համար, Արա Հակոբյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ փակում են: Դա դիրքորոշում է, և Նիկոլ Փաշինյանը դա դիտարկում է որպես տեսլական: Նա կարող է իր համար որոշակի իրավիճակ ստեղծել, որ ասի՝ այս նոր մոտեցմամբ կկարողանանք Արցախին ներկայացնել բանակցային սեղանի շուրջ: Ի վերջո, առնվազն նա փորձում է նոր մոտեցում հայտնել: Հույս ունենք, որ կլինի արմատական փոփոխություն, եթե Նիկոլ Փաշինյանն այդ արմատական փոփոխության մասին էր խոսում, որ նոր օրակարգ կարող է ձևավորվել, հույս ունենք՝ կլինի և նոր իրավիճակ կունենանք բանակցային գործընթացի շուրջ: Հույս ունենք, բայց վստահ չենք»:
Կարդացեք նաև
Արա Գասպարյանն էլ հակասություն է տեսնում Նիկոլ Փաշինյանի և ԱԳՆ-ի հայտարարություններում. «ԱԳՆ-ն շարունակում է հայտարարել, որ Արցախի հարցը պետք է լուծվի Արցախի, ՀՀ ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համաձայնության պայմաններում: Այսինքն՝ մի կողմից Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, մյուս կողմից ԱԳՆ-ի հայտարարությունը կարծես թե մեկը մյուսի հետ չեն բռնում»:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ 2050-ին հինգ միլիոն բնակչություն ունենալու մասին հայտարարությանը, Արա Հակոբյանը հիշեցրեց՝ նախորդներն էլ ասում էին՝ 2040-ին չորս միլիոն բնակչություն ենք ունենալու և իր կարծիքը հայտնեց. «Այսօրվա մեր մահացության, ծնելիության և արտագաղթի տեմպերով դա հնարավոր չէ: Ինչպե՞ս պետք է արվի, ի՞նչ գործիքակազմ ու մեխանիզմներ են պետք, որ դա դառնա հնարավոր: Պարոն Նիկոլ Փաշինյան, հարգելի կառավարություն, օրենսդիր իշխող ուժ, որո՞նք են այն գործիքները, մեխանիզմները, որ դուք մեզ ցույց կտաք, որով այդ թիրախները կդառնան հասանելի: Մենք սպասում ենք դրան»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ