Լրահոս
Օրվա լրահոսը

Որքանո՞վ է ճիշտ 20 միլիոն ծախսել խաղահրապարակի վրա, բայց մեկ միլիոն չտալ վթարային շենքի համար. ավագանու ԲՀԿ անդամ

Օգոստոս 09,2019 16:15

Այսօր, երբ Երեւանի քաղաքապետարանում ավագանու նիստ էր տեղի ունենում, քաղաքապետարանի շենքի դիմաց Վարդաշենի հանրակացարանների բնակիչները բողոքի ցույց էին անում՝ պահանջելով 66/1 եւ 68ա շենքերի սեյսմակայունությունը կրկին որոշել: Բանն այն է, որ 2015 թվականին այդ շենքերը ճանաչվել են 3-րդ կարգի վթարային, սակայն, բնակիչները խիստ կասկածներ ունեն, որ իրենց շենքերն արդեն դարձել են 4-րդ կարգի, քանի որ այդ տարիների ընթացքում ամրացման աշխատանքներ չեն կատարվել՝ չնայած, որ նախատեսված է եղել վերանորոգում եւ ամրացում: Նրանց խոսքով, շենքերն արդեն թեքվել են, պատերին մեծ-մեծ ճաքեր են առաջացել, անձրեւաջրերը վերեւի հարկից մինչեւ նկուղ են լցվում եւ այդ ամենը խարխլել է շենքի հիմքերը: Սակայն, ինչպես բնակիչներն են ասում, շենքի կարգը ոչ միայն նույնն է մնացել, այլեւ հրաժարվում են կրկին սեյսմակայունություն որոշել:

Վարդաշենցիների բողոքները լսելու իջան Երեւանի ավագանու ԲՀկ խմբակցության անդամները: Նրանք բնակիչներին հորդորեցին սպասել՝ մինչեւ ավագանու նիստը կվերջանա: Ապա հարցը հնչեցրին ավագանու նիստում:

Ավագանու ԲՀԿ անդամ Մարկոս Հարությունյանը փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին հարցրեց՝ որքանով է օպտիմալ 3-րդ կարգի վթարայնություն ունեցող շենքի հարեւանությամբ երկու տասնյակից ավելի գումար ծախսել խաղահրապարակի վրա, բայց ոչ մի միլիոն չի ծախսվում շենքի ամրացման ուղղությամբ:

 

Փոխքաղաքապետը պատասխանեց, որ դեկտեմբերին վթարային երեք շենքերի համար գումար է հատկացվել:

 

Բնակիչներն Aravot.am-ի հետ զրույցում ասացին,որ իրենց բնակվելու պայմանները հակասանիտարական են՝ ընդհանուր լոգարան-զուգարանով, շենքում առնետներ, մողեսներ, մորմեր, օձեր ու կարիճներ են վխտում: Նրանց խոսքով, այդ պայմաններում հիվանդ մարդիկ, փոքրիկ երեխաներ են ապրում, ունեն ապրիլյան պատերազմի մասնակից զինվորներ եւ ապագա զինվորներ:

Վարդաշենցիների խոսքով, 2011 թվականից իրենց պայմանները բարելավելու, շենքը ամրացնելու խնդրանքներով դիմումներ են ներկայացնում Երեւանի քաղաքապետարան, սակայն անօգուտ:

Նիստի ավարտին բնակիչներին ընդունեցին քաղաքապետարանի կոմունալ եւ սեյսմիկ բաժինների պատասխանատուները: Նրանք խոստացան՝ 15-20 օրվա ընթացքում կրկին որոշել շենքի սեյսմակայունության աստիճանը, որից հետո միայն կորոշվի ինչ անել:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031