Այսօր Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը հրավիրած ասուլիսում խոսեց Հայաստանում հավանական իշխանափոխության սցենարների մասին. «Քննարկումներն ու վերլուծությունները ցույց են տալիս, որ շատերը՝ այն մարդիկ, ովքեր շատ ոգեւորված էին 2018-ի իրադարձություններով, հասկանում էին, որ մի քանի ամիս հետո իրենց կյանքը թռիչքաձեւ աճ է գրանցելու, տարի ու կես է անցել, տեսնում են, որ որեւէ առաջընթաց չկա երկրում: Չկա, որովհետեւ ստերի, մանիպուլյացիաների եւ հեքիաթների ոլորտից լիքը բաներ կան, բայց իրական կյանքում մարդկանց հուզող խնդիրների լուծումներ չկան: Մարդիկ, որոնք խոսում են մեր հետ, ասում են՝ լավ, Նիկոլը չլինի, բա ո՞վ լինի, ո՞վ է լինելու այն լիդերը, որի հետեւից ժողովուրդը գնալու է: Այս հարցը ՀՀ քաղաքական դաշտի օդում կախված է»:
Վահան Բաբայանն ասաց, որ նման ձեւակերպումներով չպետք է քաղաքական քննարկումները շարունակել: ՀՀ քաղաքական դաշտը բավականին հարուստ է, կան բավականին շատ քաղաքական գործիչներ, այլ բան է, թե որ իրադարձությունների ժամանակ այդ մարդիկ ինչպիսի դիրքավորում ու դերակատարում կարող են ստանձնել: Որեւէ մեկը նախկինում, ըստ նրա, չգիտեր, թե Փաշինյանը վարչապետ է լինելու, այսօր էլ կարող են լինել անակնկալներ. «Ինչպես վերջին դասականն է ասում՝ աշխարհը ցուրտ է եւ խաբուսիկ»:
Բաբայանի խոսքով՝ այս պահին Հայաստանում իշխանափոխության հավանականությունը շատ մեծ է. «Եթե հանկարծ որեւէ ուժ 20 հազար մարդ հավաքի Ազատության հրապարակում, այսօրվա իշխանությունները զորք են հանելու եւ ես վստահ եմ՝ չեն ընդունելու, որ որեւէ քաղաքական իրադարձություններ ընթանան: Բայց եթե մեր քաղաքում 50 հազար մարդուց ավելի ոտքի կանգնեց, ես վստահ եմ, կես ժամ հետո Նիկոլ Փաշինյանը կրկին դառնալու է ընդդիմադիր գործիչ: Մեր հասարակության մեծ մասն այսօր թեպետ չի տեսնում ով է լինելու հաջորդ ղեկավարը, այն լիդերին, ով կլինի կյանքը բարելավողը, բայց մարդիկ եթե զգան, որ իրավիճակն իրոք չի փոխվում, նրանք փոխելու են իշխանությունը: Դա Նիկոլ Փաշինյանի քաղաքական խոստումների հիմնական թեզն էր՝ մենք իշխանությունը վերադարձնում ենք ժողովրդին ու որ օրը ժողովուրդը որոշեց, որ նա չի կատարում խոստումները, ուզում է, որ նա հեռանա, նա կհեռանա: Հիմա հասարակության մեջ կան դժգոհություններ ու այդ դժգոհությունները ոչ թե պետք է արհեստականորեն գեներացվեն, այլ իրական քաղաքական կոնցեպտների միջոցով պետք է համախմբվեն մեկ դաշտում ու այդ մեկ դաշտը դառնա հարթակ ապագա հզոր ընդդիմության, որը կկարողանա այլընտրանք դառնալ այն ուժին, որն այսօր գտնվում է իշխանության ղեկին»:
Ըստ Բաբայանի, մեր իշխանությունները դա շատ լավ գիտակցում են ու ստեր, մանիպուլյացիաներ են անում. «2050-ի հեքիաթային խոստումները, որ ասվեցին Ստեփանակերտում, դա ի՞նչ է: Երբ իրենք իրենց խոստումերի 10 տոկոսն էլ չեն արել ու խոսում են 2050-ի մասին, դա ձեռառնոցի է, ժողովուրդ ջան: Ես շատ ցավում եմ,որ մեր հասարակության մեջ դեռ կան մարդիկ, որ ծափահարում են եւ ուրախությամբ հպարտանում են, որ 2050-ին իրենց աշխատավարձը 7 անգամ կավելանա: Փաշինյանն ընտրվել է 5 տարի ժամկետով, նա պարտավոր է կատարել 5 տարվա ժամկետում տեղավորված բոլոր խոստումները, որից հետո կարող է նոր հայտ ներկայացնել կամ չներկայացնել իշխանության մեջ մնալու համար»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ