Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխքաղաքապետը չի կարող ասել՝ սեպտեմբերին «Սանիթեքի» հետ պայմանագիրը խզելո՞ւ են, թե՞ ոչ

Օգոստոս 09,2019 14:59

Երբ քաղաքապետարանը ձեռք բերի նոր աղբատար մեքենաները, արդյոք պատրաստվո՞ւմ է սեպտեմբերին խզել «Սանիթեք» ընկերության հետ պայմանագրերից որեւէ մեկը. այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած ավագանու նիստում հետաքրքրվեց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը: Նա ասաց, որ քաղաքապետարանը մի քանի անգամ հավաստիացրել է, որ օգոստոսին աղբի խնդիրը լուծված կլինի:

 

Հարցն ուղղված էր փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին, սակայն ավագանու նիստը վարող Հրաչյա Սարգսյանն ինքը պատասխանեց՝ նշելով, որ երբ ասում էին՝ օգոստոս ամսին խնդիրը լուծվելու է, ենթադրվում էր, որ այն տեխնիկան, որն անհրաժեշտ էր, ժամանակին կլինի Երեւանում, եւ կլուծվի խնդիրը: Սակայն, ըստ պարոն Սարգսյանի, որոշ փոփոխություններ են տեղի ունեցել արտադրողի մոտ, ինչի պատճառով տեխնիկայի ժամանումը Հայաստան ուշացել է:

«Այս պահի դրությամբ ունենք 12 ավտոմեքենա, որը սպասարկում է Երեւան քաղաքը այն վայրերում, որտեղ «Սանիթեքը» չի կատարում իր պարտականությունները»:

Իսկ թե խզելու է «Սանիթեքի» հետ պայմանագիրը, պարոն Սարգսյանն ասաց, որ քաղաքապետարանը հակված չէ որեւէ մի սուբյեկտի հետ պայմանագիր խզել, եթե նա կատարում է իր պարտականությունները. «Չեմ կարող ասել՝ սեպտեմբեր ամսին «Սանիթեքը» կկարողանա՞ իր պայմանագրային կետերին վերադառնալ եւ ամբողջությամբ սպասարկել ամբողջ Երեւանը, թե՞ ոչ: Իհարկե, եթե պայմանագրի կետերը շարունակի ամբողջությամբ չսպասարկել, այդտեղ պետք է մտածենք, թե ինչ գործողություններ է իրականացնելու քաղաքապետարանը»:

Մյուս փոխքաղաքապետը հավելեց՝ եթե «Սանիթեքը» բերի խոստացված 4 միլիոնը, որն արդեն ութ ամիս է խոստանում է բերել, պայմանագիրը չի խզվի»: Նա ասաց, որ այս պահին այդ հետեւանքները առնվազն 20 մեքենայով մեղմված են:

 

Հրաչյա Սարգսյանը հավաստիացրեց, որ քաղաքապետարանն ամեն կերպ փորձում է աջակցել կազմակերպությանը, որպեսզի այն վերականգնվի եւ անցնի համապատասխան ծառայությունների մատուցմանը: Սակայն, եթե շարունակվի այդ նույն գործելաոճով աշխատել, ապա քաղաքապետարանը պետք է մտածի համայնքի բնակիչների շահերը պաշտպանելու մասին:

Թեհմինա Վարդանյանն ասաց, որ իր հարցի պատասխանը չստացավ. «Ես հստակ հարցրել եմ, եթե մենք ունենանք շարժակազմ, ե՞րբ պատրաստ կլինենք խզել պայմանագիրը»:

Հրաչյա Սարգսյանն ի պատասխան ասաց, որ այժմ չգիտեն՝ սեպտեմբերին պայմանագիրը խզելո՞ւ են, թե՞ ոչ. «Եթե-ներով հարցերի չեմ կարող պատասխանել»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031