Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկապարտեզներից 91 միլիոն դրամ կկրճատեն՝ աղբահավաք ու ձնահավաք տեխնիկա ձեռք կբերեն

Օգոստոս 09,2019 14:27

Այսօր Երեւանի ավագանու նիստում բուռն արձագանքների արժանացավ օրակարգով նախատեսված երկրորդ հարցը, որը վերաբերում էր «Աղբահանություն եւ սանիտարական մաքրում» ծրագրով նախատեսված գումարները 1 միլիարդ 726 միլիոն դրամով ավելացնելուն: Այս գումարից 1 միլիարդ 571 միլիոն դրամով պետք է ձեռք բերվեն տրանսպորտային սարքավորումներ՝ 5 սանիտարական մաքրման մեքենա, 11 բազմաֆունկցիոնալ կոմունալ ճանապարհային մեքենա, 22 մայթերի ձնահավաք մեքենա, 10 աղբատար մեքենա` հետեւի բարձմամբ եւ 3 կոնտեյներների լվացման մեքենա:

155 միլիոն դրամ կտրամադրվի Երեւան քաղաքում արդեն հնամաշ, այրված, ջարդված եւ շարքից դուրս եկած կոնտեյներները նոր կոնտեյներներով փոխարինելու եւ դրանց քանակը ավելացնելու նպատակով՝ թվով 1000 նոր կենցաղային թափոնների կոնտեյներների ձեռքբերման համար:

Հարցը զեկուցեց քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը: Նա առաջարկեց. 91 միլիոն հոդվածատեղափոխություն կատարել նախադպրոցական հաստատություններ վերանորոգելու հոդվածից, որպեսզի ամբողջանա անհրաժեշտ 1 մլրդ 726 մլն դրամը:

Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը հետաքրքրվեց՝ ինչու են կրճատում մանկապարտեզների համար նախատեսված գումարները, արդյոք հնարավո՞ր չէր կրճատել պարգեւավճարներից ու գործուղումներից:

Հայկ Սարգսյանն ի պատասխան ասաց, որ, եթե այդ 91 միլիոն դրամը մնա այս հոդվածում, տարեվերջին այն համարվելու է որպես տնտեսում. «Ուստի որոշումը, որ հոդվածից արվի տեղափոխությունը, բացառապես հիմնավորված է այն հոդվածների վրա, որոնցով մենք նախատեսում ենք տարեվերջին տնտեսումներ: Հավաստիացնում եմ՝ որեւէ մանկապարտեզի վերանորոգում չի տուժում այս կրճատման արդյունքում»:

Ավագանու նիստը վարող Հրաչյա Սարգսյանը տեղեկացրեց, որ մանկապարտեզների վերանորոգման համար բյուջեով հաստատել են 1 մլրդ 400 միլիոն դրամի չափով գումարը. «Գիտեք, շինարարական աշխատանքը նախատեսում է նախագծանախահաշվային փաստաթղթեր: 2018 թվականի նոյեմբերին փոփոխություն էր տեղի ունեցել նախագծողների լիցենզավորման կարգում, այդ պատճառով միայն փետրվար-մարտ-ապրիլին նախագծանախահաշվային փաստաթղթերի մրցույթ հայտարարեցինք»:

Նրա խոսքով՝ այս պահին 21 մանկապարտեզների նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստ են, իսկ շինարարական աշխատանքները կատարելու համար պետք է մրցույթ հայտարարվի: Նա նշեց, որ մրցույթի արդյունքները հայտնի կլինեն դեկտեմբերին եւ միայն մյուս տարի գարնանը հնարավոր կլինի իրականացնել վերանորոգման աշխատանքները:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031