Լրահոս
Օրվա լրահոսը

Հռչակագիր. Հայկական արագացման փուլում «ազգ֊բանակ» մոբիլիզացման կոչը պետք է փոխակերպվի ավելի ընդգրկուն, խորիմաստ և դինամիկ կարգախոսի․ «ազգ֊առաջադեմ արարում֊անվտանգություն»

Օգոստոս 09,2019 13:48

Արագացումը զուտ գիտական կամ տեխնոլոգիական տերմին չէ։ Նրանով ամենայն լրջությամբ բնութագրվում են արդի քաղաքական, հասարակական և տնտեսական այն անկասելի գործընթացները, որոնք հեղաշրջման ճանապարհով ձևավորում են նոր աշխարհակարգ։

Չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ», ամերիկյան “Make America great again”, հնդկական “Make in India” զարգացման ծրագրերը նախ և առաջ արագացման (acceleration) հայեցակարգային ռազմավարություններ են։

Նմանատիպ արագացման ծրագրերը, որոնք առաջադրել են քաղաքակրթական հավակնություններ ունեցող ազգերը, կարելի է երկար թվարկել։ Իսկ կլինի արդյոք արագացման հայկական ծրագիր, դա այսօր շատ մեծ հարց է։

Եթե այս պահին առկա են արագացման հայկական ռազմավարության մշակման և իրագործման բոլոր օբյեկտիվ նախադրյալները (առաջադեմ տեխնոլոգիաների մատչելիություն, մեկնարկի համար անհրաժեշտ մտավոր ռեսուրսների և ենթակառուցվածքի առկայություն, հանրային գիտակցության մեջ անվտանգության բաղադրիչի գերակայություն, բնակչության պատրաստակամություն օժանդակելու արմատական բարեփոխումներին), ապա ցավոք սրտի նույնը չի կարելի ասել սուբյեկտիվ գործոնների մասին։ Առաջնային խոչընդոտը դա ապրիլյան հեղափոխությունից հետո հասարակական-քաղաքական դաշտի ակնհայտ դեգրադացիան և ատոմացումն է, որի պայմաններում նեղ խմբակային կոնյուկտուրան դարձել է տիրապետող և թելադրող միտում։ Դա հավասարապես վերաբերում է օրվա իշխանություններին, ընդդիմությանը և լրատվական դաշտին։ Այլ կերպ չի կարելի բացատրել այն կեղծ օրակարգերի հեղեղը, որոնք շեղում են հանրության ուշադրությունը կարևորագույն խնդիրներից և մարտահրավերներից։

Ինքն իրեն փակուղի մտցրած քաղաքական վերնախավը ամառվա այս շոգ օրերին կարճ դադար է վերցրել, սակայն քաղաքական թեժ աշունը կպարտադրի նրան վերանայել սեփական առաջնայնությունները աննպատակ տեղապտույտներից ելք գնելու նպատակով։

Ահա թե ինչու անհրաժեշտ է հենց այս պահին ի մի բերել բոլոր այն հիմնարար պատկերացումները և համոզմունքները, որոնք օբյեկտիվորեն ձևավորվել են պատմական վերջին զարգացումների արդյունքում և լայնորեն ընդունված են հասարակության կողմից։ Միայն հստակ սահմանված քաղաքական պլատֆորմը թույլ կտա գնահատել, թե որքանով է պահանջված և իրատեսական ազգային զարգացման ծրագիրը։

Այս փաստաթղթում ներկայացված ծրագիրը հանդիսանում է անվտանգային ուղղվածություն ունեցող բոլոր այն կարևոր նախաձեռնությունների և մտահաղացումների հանրագումար, որոնք ծնունդ են առել վերջին տասնամյակում և հատկապես միս ու արյուն են ստացել 2016 ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, քանզի անվտանգության բաղադրիչը շարունակելու է լինել առաջնային և տիրապետող մինչև նոր աշխարհակարգի հաստատումը։

Ինչ վերաբերում է փաստաթղթի ձևաչափի ընտրությանը, ապա աքսիոմատիկ ճշմարտություն է, որ առաջադեմ և ժողովրդավարական ազգերը զարգանում են հանրային հռչակագրերի ընդունմամբ և կիրառմամբ, իսկ հետամնաց ազգերն այդ հարցում ապավինվում են “բարի” ցարերի և իշխանիկների քմահաճույքներին՝ “ոնց կասես շեֆ” բացականչություններով և փափախանետմամբ։

Անգամ եթե չարդարանան սպասելիքները և ապագայի համար պատասխանատվություն կրող օրվա վերնախավը հերթական անգամ ընդունի ջայլամի կեցվածք՝ հավատարիմ մնալով իր սիրած իրավիճակային աննպատակ ու անպտուղ քաղաքականությանը, այնուամենայնիվ հույս կա, որ հեռու չէ այն օրը, երբ նոր սերունդը ի դեմս Արմաթի և Թումոյի այսօրվա սաների գետնից կբարձրացնեն այս հռչակագիրը և ողջ ծավալով կիրագործեն նրանում ներկայացված նպատակները։ Հենց նրանք էլ կտան արժանի գնահատականը այսօրվա գործիչներին, որոնք մանր ինտրիգներով տարված անհեռատեսորեն ու անխնա վատնում են անչափ կարևոր հանրային եռանդը։

Արտակ Հովսեփյան

——————————————–

Արագացումը ժամանակակից զարգացումների կարևորագույն հատկանիշ-բնութագրությունն է։ Գիտատեխնիկական առաջընթացը ոչ միայն լուրջ շտկումներ է կատարել մարդկային կյանքի բոլոր ոլորտներում, այլև որակապես աննախադեպ արագության պատճառով նրանցում գեներացրել է արմատական հեղաշրջման պահանջ։ Համընդհանուր ավտոմատացումը, արհեստական ինտելեկտը, կենսաբանական գործընթացներին ակտիվորեն ազդելու փորձերը իրապես բացահայտել են զարգացման աննկարագրելի հեռանկարներ, բայց միաժամանակ դրանք ստեղծել են լուրջ վտանգներ բոլոր այն ազգերի համար, որոնք անտեսում են գիտատեխնիկական առաջընթացին համաքայլ դառնալու պահանջը կամ ուղղակի պատրաստ չեն դիմակայելու ժամանակակից մարտահրավերներին։ Ոչինչ չի կարող նրանց ապահովագրել արտաքին աշխարհում առաջացած մեծ արագացման վտանգից, այնպես ինչպես դա սպառնում է անթույլատրելի հատվածում ճանապարհը հատել ցանկացող յուրաքանչյուր արարածին, որն անընդունակ է գնահատել սուրացող տեխնիկական սարքերի արագությունը, մանևրելու հատկությունը և արգելակման հետագիծը։

Ավանդապաշտությունը կամ ինքնամեկուսացման ձգտումը չեն կարող հանդիսանալ համարժեք մակարդակով արդիականացումից հրաժարվելու հիմնավոր բացատրություններ, քանի որ արագացումը, որը մեր ժամանակներում դարձել է օբյեկտիվ իրականություն, էապես կրճատել է տարածական և ժամանակային սահմանները։

Դրա վառ ապացույցը նոր հազարամյակի մեկնարկով բարձրացված գլոբալիզացիայի հուժկու ալիքն էր, որի հետևանքները անզեն աչքերով տեսանելի են աշխարհի անգամ ամենաանմատչելի կամ մեկուսացված անկյուններում։

Քաջ գիտակցելով գալիք սերնդի հանդեպ մեր պատասխանատվությունը և ելնելով մեր նախնիների հանդեպ երախտագիտության պարտավորեցնոց զգացումից, ովքեր իրենց անձնուրաց գործունեությամբ ձևավորել և անզիջում պայքարով պաշտպանել են հիմնաքար հանդիսացող արժեքային համակարգը, գոյության և առաքելության հայաստանակենտրոն փիլիսոփայությունը, առանձնահատուկ ազգային նկարագիրը և մշակութային հարուստ ու բազմաշերտ ժառանգությունը:

Նկատի ունենալով ազգային քաղաքակիրթ զարգացման շարունակականությունը պահպանելու անհրաժեշտությունը,

Կարևորելով ընդհատված պետականության հետևանքները հաղթահարելու պահանջը,

Հավաստելով հավատարմություն 1990 թվականի օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրի դրույթներին,

Անբավարար գնահատելով նախկինում պետականության կայացման Երրորդ հանրապետության ջանքերը,

Դատապարտելով պետականաշինության անունով իրականացված բոլոր կործանարար գործողությունները, որոնք ծնել են կոռուպցիա, հանրային բարիքների կողոպուտ և մսխում, մենաշնորհություն, թայֆայականություն, ինքնապարգևատրման և անձեռնմխելիության նպատակով հերոսականացման արատավոր պրակտիկան,

Դրսևորելով անհանդուրժողություն սոցիալական անհավասարության կործանարար մակարդակի հասած միտումներին,

Ժխտելով դրսից մեզ էլ ավելի համառորեն պարտադրվող նեոլիբերալիզմը որպես իբր թե այլընտրանք չունեցող քաղաքական մոդել,

Դիտարկելով «սպառողականություն հանուն սպառողականության» պարտադրանքը որպես համընդհանուր դեգրադացման տանող կործանարար գործիք, որը նպատակ է հետապնդում կազմաքանդել հասարակական առողջ օրգանական կապերը, ավանդական կայուն ինստիտուտները և անհատի եսասիրական շահերը, բնազդային մոլուցքները դարձնել գերակա իր միջավայրում,

Ահազանգելով մարդկային գոյությանը սպառնացող բնապահպանական աղետների մասին, որոնք գլխավորապես պայմանավորված են ներկա պահին ֆինանսատնտեսական իշխող խմբերի կողմից բնական պաշարների անխնա և անվերահսկելի շահագործմամբ և դա նույնիսկ այն պայմաններում, երբ ժամանակակից գիտությունը հասանելի է դարձրել այլընտրանքային և վերականգվող միջոցները,

Ընդունելով հին աշխարհակարգի փլուզման և ներկա իրողությունների համաձայն ազգային պետությունների միջև նոր սահմանների գծման անխուսափելիությունը,

Մերժելով ռազմաքաղաքական խնդիրների այսպես կոչված «խաղաղ» կարգավորման պատրանքային մոտեցումները, որոնք ոչ միայն չեն կարող լուծել այդ խնդիրները հին աշխարհակարգի փիլիսոփայությամբ, այլ ավելի կսրեն և կբարդացնեն դրանք՝ ապագայում գեներացնելով անհամեմատ մեծ ցնցումներ,

Դատապարտելով գործակալական մոդելով Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձերը, դրսից ֆինանսավորվող տարաբնույթ ֆոնդերի և կենտրոնների հանրային կարծիք տարածելու ոչ բնական ակտիվությունը,

Արտահայտելով մտահոգություն լրատվական միջոցներում և սոցիալական ցանցերում կեղծ օրակարգերի բարձրացման և ֆեյք տեղեկությունների տարածման, առանձին անձանց, անգամ հասարակական խավերի թիրախավորման դեպքերի կապակցությամբ,

Զգուշացնելով բոլոր այն գործիչներին, որոնք քաղաքական գործունեությունը և պետական ծառայությունը դիտարկում են որպես անձնական երկարաժամկետ պլանների իրագործման դաշտ և բարիքներից օգտվելու ապահով միջավայր,

Համարելով հայեցակարգից զուրկ և զուտ իրավիճակային քաղաքականությունը որպես անպտուղ քաղաքական գործիք, որը միմիայն հնարավորություններ է ստեղծում ինչպես արտաքին, այնպես էլ ներքին մանիպուլյացիաների համար,

Անընդունելի համարելով հանրային խնդիրներում քաղաքացիների կամ պասիվ, կամ ցաքուցրիվ, կամ էլ ժամանակ առ ժամանակ դրսևորվող ամբոխային իմպուլսիվ գործելաոճը, որոնք վերջին հաշվով դաշտ են ստեղծում քաղաքական վտանգավոր և անվերահսկելի շահարկումների համար

Մենք հռչակում ենք արագացումը որպես հանրային պահանջ և հրամայական։

Այն պահանջում է հասարակական մեծ մոբիլիզացիա, հանրային ողջ ներուժի կենտրոնացում։ Եւ ինչպես ենթադրում է ամեն մի մոբիլիզացիայի գործընթաց, առաջնահերթ հարցը ընդհանուր նպատակների վերաիմաստավորումն է, որը պատմական նման փուլերում թույլ է տալիս հստակ զանազանել առաջնային և երկրորդական խնդիրները, նրանց լուծման ռեսուրսները և գործիքները։

Անժխտելի փաստ է, որ անվտանգությունը եղել և մնում է մեր առաջնային մարտահրավեր։ Անվտանգությունը որպես գլխավոր բաղադրիչ էլ ավելի կարևոր դեր կխաղա համընդհանուր արագացման գործընթացում։ Եւ ընդհանրապես Անվտանգությունը չի կարող ստորադասվել մեկ այլ բաղադրիչի քանի դեռ իր ավարտին չի հասել նոր աշխարհակարգի հաստատման բարդ գործընթացը։

Ժամանակակից անվտանգության համար անբավարար պայման է փոքր խմբերի հերոսական անձնուրաց գործողությունները։ Մարդկային որակները եղել և մնում են անուրանալի, սակայն ուժային առճակատման պայմաններում էլ ավելի որոշիչ են դառնում տեխնիկական միջոցները։ Այս իմաստով գիտնականները, ինժեներական անձնակազմը, գործարարները, որոնք լավագույն մեթոդներով են իրականացնում արտադրության կազմակերպումը, մատակարարումների լոգիստիկան նույնչափ հանդիսանում են անվտանգության ճարտարապետ֊երաշխավորներ, ինչպես առաջնագծում կամ շտաբներում մշտապես հերթապահող զինվորականները։

Ուստի անվտանգությունը և առաջադեմ արարումը մեր ժամանակներում առավել քան անքակտելի են։

Հայկական արագացման փուլում «ազգ֊բանակ» մոբիլիզացման կոչը պետք է փոխակերպվի ավելի ընդգրկուն, խորիմաստ և դինամիկ կարգախոսի․ «ազգ֊առաջադեմ արարում֊անվտանգություն»

Արագացման առաջնահերթ խնդիրները, գերակա սկզբունքները և տեսանելի նպատակները

1․Պետականորեն ընդունել ազգային զարգացման առաջնահերթ ծրագիր ճանապարհային հստակ քարտեզով առնվազն առաջիկա 3 տասնամյակների կտրվածքով (2020-2050թթ)

2․Սահմանել այս ծրագրի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների հստակ կարգ և հանրային վերահսկման մեխանիզմներ

3․Իրավաբանորեն ամրագրել պատասխանատու մարմինների իրավունքները և պարտականությունները

4․Ծրագրի իրականացման նպատակով գլխավորապես օգտագործել պետություն֊մասնավոր գործընկերություն մոդելը, ինչը զերծ կպահի պետական պաշտոնյաների կողմից հնարավոր չարաշահումներից և կոռումպացման վտանգից

5․Ճյուղային բոլոր ոլորտներում ավարտին հասցնել ինստիտուցիոնալ կառույցների ձևավորման գործընթացը։ Պետություն֊հասարակություն հարաբերություններում մասնագիտական ճյուղային միավորումները պետք է դառնան այն կարևոր և առավել արդյունավետ ինտերֆեյսը, որոնց միջոցով հասարակությունում գեներացված գաղափարները, մտահաղացումները, առաջարկները և դիտողությունները հասնում են գործադիր կամ օրենսդիր իշխանություններին։ Մասնագիտական ճյուղային միավորումները իրավասու պետք լինեն գործադիր իշխանությանը առաջարկելու կոնկրետ թեկնածուներ նախապես համաձայնեցված նախագծերի իրականացման համար՝ պետության հետ հավասարապես կրելով պատասխանատվություն։ Այս ճանապարհով նաև մասնագիտական ճյուղային միավորումները կապահովեն իրական ժողովրդավարության շարունակականությունը ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում իշխանությունների լեգիտիմությունը հասցնելով նոր մակարդակի, ինչն անհրաժեշտ է դիմակայելու հին աշխարհակարգի փլուզմամբ պայմանավորված արտաքին սուր մարտահրավերներին։

6․Բարձր լեգիտիմությունն այն գլխավոր գործոնն է, որը հնարավորություն կտա ամրագրել պետական կառույցները նոր խնդիրների լուծման նպատակով և ինքնիշխանությունը պաշտպանել արտաքին ճնշումներից։ Ինքնուրույն քաղաքականություն վարելու տեսանկյունից հատկապես վտանգավոր են նեոլիբերալիստական ֆինանսավարկային և քաղաքական միջամտությունները։ Անհրաժեշտ է արագացման նպատակահարմարությունից ելնելով արմատապես վերանայել այն բոլոր մոդելները, որոնք պարտադրվել կամ պատճենվել են անկախության հռչակումից ի վեր։ Հաճախ նպատակահարմար է հրաժարվել հին և անարդյունավետ կառույցից ստեղծելով ամբողջապես արդիական և սեփական գործիք թեկուզ և համեստ կամ անշուք, քան թե տիտանական ջանքեր գործադրել հարմարեցնելու օտարածին «էտալոնային» մարմինը այսօրվա և ապագա խնդիրներին

7․Հին աշխարհակարգի հայեցակարգի և ինստիտուտների խորացող ճգնաժամի պայմաններում ազգաբնակչության կենսականորեն կարևոր շահերի պաշտպանությունը և զարգացման իրավունքը պետք է լինեն առանցքային ՀՀ միջազգային քաղաքական դոկտրինայում։ ՀՀ պարտավոր է հակազդելու բոլոր այն փորձերին, որոնք սպառնալիք են ստեղծում ազգաբնակչության ազատ և անկաշկանդ զարգացման համար, անգամ կանխարգելիչ մեթոդների կիրառմամբ։ Միջազգային դասական իրավունքը միշտ էլ դիտարկել է շրջափակումը, սահմանամերձ շրջանների գնդակոծումը որպես միջազգային նորմերի կոպիտ խախտում, որը թույլ չի տալիս երկրին և նրա բնակչությանը բնականոն զարգանալ։

8․Անվտանգությունը գերակայություն հռչակած իշխանությունները չեն կարող ներգրավել խոշոր ներդրումներ գլոբալիստական դաշտի թելադրող կենտրոններից։ Արագացման ամբողջ փիլիսոփայությունը կայանում է նրանում, որ ձեռքի տակ գտնվող փոքրաթիվ, սակայն անկախ ռեսուրսներով հնարավոր է հասնել ավելի լավ արդյունքների, քան խոշոր կորպորացիաները իրենց անսահման կարողություններով

Արագացման համար անհրաժեշտ ներդրումների իրատեսական աղբյուրները երեքն են․

ներքին խնայողությունները, այդ թվում նաև սփյուռքից;
պայմանական հյուսիսում նեոլիբերալիզմին/գլոբալիզմին դիմակայող փոքր և միջին գործարարները, որոնք իրականացնում են նորարական ծրագրեր սոցիալական, բնապահպանական բարձր պատասխանատվության մոդելով։ Օրինակի համար ընդամենը մեկ որոշմամբ Հայաստանը կհայտնվի Open Source հանրության ուշադրության կենտրոնում, որի ստեղծած փայլուն լուծումները հանդիսանում են համակարգչային պլատֆորմ համաշխարհային շուկան նվաճած Google֊ի և Apple-ի համար, եթե իշխանությունները հայտարարեն իրենց աջակցությունը տեխնոլոգիական այլընտրանքային գաղափարախոսությանը՝ դարձնելով հեղափոխական Հայաստանը Open Source համայնքի պաշտոնավայր։ Միաժամանակ այս գործիքակազմով գործող հայ գյուտարարները կազատվեն proprietary դաշտում հեղինակային իրավունքների և սերտիֆիկացման անպտուղ, իսկ հաճախ անհաղթահարելի քաշքշուքներից;
պայմանական հարավում ինքնիշխան քաղաքականություն վարող երկրները, որոնք հեղափոխական Հայաստանը դիտարկում են որպես բնական դաշնակից պատրաստ լինելով նրա հետ հաստատել տնտեսական ամենասերտ կապեր։

9․Պատմականորեն իրեն արդարացած Իրական տնտեսությունը (Real Economy) պետք է հռչակվի արագացման ռազմավարության հենակետ, քանի որ այն մարդկությանը հայտնի տնտեսական ամենապարզ, ժողովրդական և սոցիալապես արդար մոդելն է։ Իրական տնտեսությունը բոլոր ժամանակներում փողը համարել է ընդհանուր համարժեք և ոչ թե հավելյալ շահույթի գոյացման ապրանք/գործիք դրանով իսկ մերժելով մարդկության բնականոն զարգացմանը մեծ վնասներ և խեղաթյուրումներ պատճառած վաշխառության ինստիտուտը, որը պարադոքսալ կերպով ավելի մեծ շահառու է ցանկացած տնտեսական գործարքում, քան արտադրողը կամ սպառողը։ Հենց վաշխառության ինստիտուտն է հաստատել ջունգլիի օրենքները հանրային գործունեության այս դաշտում արդարացնելով ցանկացած գործողություն շահույթի նպատակով։ Եւ որքան մեծ է շահույթն այնքան «պատվավոր» և ընդօրինակման արժանի է նրա սեփականատերը։ Սակայն ամենախոշոր վտանգը դա հասարակության տրոհումն է եսակենտրոն, փափկամարմին և քմահաճ սպառողների, քանզի միայն այս անհագ տեսակը կարող է ապահովել անվերջ սպառում։

10․Նոր արդյունաբերական հեղաշրջման զգայուն մարտահրավերներից մեկը դա առաջիկա 10 տարիների ընթացքում մոտ 800 մասնագիտությունների հնարավոր կրճատումն է։ Իսկ անցումային շրջանում հնարավոր է ընդհանուր գործազրկության շոշափելի աճ։ Նման պայմաններում պետությունը և հանրային բարիքներ գեներացնող կառույցները չեն կարող չորդեգրել ընդգծված սոցիալական գործառույթ։ Սոցիալական հավասարությունը հնարավոր է ապահովել ոչ միայն գեներացված հանրային բարիքների ճկուն բաշխման մեխանիզմներով, այլև ակտիվ խրախուսելով հանրային առողջացման չափավորական և վերաիմաստավորման այն միտումները, որ նյութական ինքնանպատակ սպառումը հանդիսանում է լուրջ մոլորություն և ոչ թե կյանքի որակի բարձրացման և երջանկության հասնելու աքսիոմատիկ բանաձև։

11․Բնապահպանության հանդեպ հանրային վերաբերմունքի փոփոխությունը նույնպես պետք է դիտարկվի որպես արդյունավետ միջոց արագացման ազգային ծրագրի նպատակների իրականացման ճանապարհին։ Անհրաժեշտ է օրենսդրորեն կյանքի կոչել Անկախության հռչակագրի 7֊րդ կետը, ուր հստակ նշված է, որ Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները նրա ժողովրդի սեփականությունն է: Միաժամանակ չպետք է բացառել վարչական և քրեական պատասխանատվության խստացման միջոցառումներ։

12.Կրթական համակարգում պետությունը պետք է լիակատար աջակցություն ապահովի տևական ժամանակ հանրային նախաձեռնությամբ իրականացվող առաջադիմական նորագույն նախագծերին (Արմաթ, Իրական դպրոց, Թումո), որոնք կդառնան մասշտաբային դարբնոց արագացման ծրագրի իրականացման համար այդքան անհրաժեշտ գիտատեխնիկական, ինժեներական, ստեղծագործական կադրերի պատրաստման համար

13․Արագացման խնդիրների իրազեկման և հասարակական անհրաժեշտ բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորման նպատակով պետք է իրականացվեն տեղեկացման և քարոզչական համալիր միջոցառումներ, որոնցում առանցքային դեր պետք է խաղան գիտության, մշակույթի և արվեստի գործիչները ցանկալի է ստեղծագործական/ճյուղային միությունների ձևաչափով։ Կարևոր է, որ արագացումը չներկայացվի որպես տուրք մոդային, այլ բնական արձագանք մեզ առնչվող զարգացումներին, այնպես ինչպես մեր նախնիները արձագանքում էին Բաբելոնի, Հին Հռոմի կամ Բյուզանդիայի քաղաքակրթական տպավորիչ թռիչքներին։ Միաժամանակ պետք է շեշտվի, որ այսօրվա արագացված տեմպերով արարման համար անհրաժեշտ որակները (ազնվություն, ճշտապահություն, թիմային համագործակցություն, ինքնակատարելագործվելու ձգտում, գործնական արդյունքը խոսքից կարևորելու համոզմունք) դրանք մոռացության մատնված մեր ազգային ապաքինություններն են։

14․Ողջունելի կլինի տեղեկատվական դաշտում ջենտլմենական համաձայնագրի ստորագրում, որով լրատվական միջոցների ղեկավարները, հանրային հեղինակություն վայելող լրագրողները, բլոգերներ, փորձագետները, վերլուծաբանները հանդես գան ընդհանուր կանոնների հայտարարագրով համաձայն, որոնց չեն խրախուսվի կեղծ օրակարգերի շահարկումները, ֆեյք և չճշտված լուրերի տարածումը, արագացման իրական նպատակների, ռազմավարության, մարտավարության, գործող օղակների անհարկի թիրախավորումը առանց խոսքի հիմնարար ազատության էական սահմանափակման

15․Հանրային աջակցության և լիարժեք մասնակցության տեսանկյունից կարևոր և պատմականորեն խորհրդանշական կլինի, եթե ազգային նոր ծրագրի մեկնարկը տրվի շրջակա բնության, ենթակառուցվածքների, արտադրական կարողությունների, կրթական համալիրների բարեկարգման զանգվածային միջոցառումներով, ճիշտ այնպես, ինչպես մեր իմաստուն վարպետ նախնիները որպես պարտադիր ծիսակատարություն բարեկարգում էին իրենց աշխատատեղը բուն աշխատանքներից առաջ, քանի որ նրանք հավատում էին, որ միան այդ ճանապարհով կարելի է ստեղծել կատարյալ և մնայուն արդյունք։

Արագացման ազգային ծրագրի թիվ մեկ առաջնահերթություն․ ռազմարդյունաբերություն

Պատմական բոլոր շրջաններում զինագործությունը եղել է կարևորագույն արտադրություն Հայաստանում։ Հայկական արտադրության զենքերը համարվել են ոչ միայն մրցունակ, այլև հաճախ համարվել են անգերազանցելի նորարարական համարձակ և անսպասելի լուծումների շնորհիվ։

Պատահական չէ, որ խորհրդային տարիներին Հայաստանի տասնյակ ձեռնարկություններում, գիտահետազոտական եւ գիտաարտադրական կազմակերպություններում մշակվել եւ թողարկվել է ԽՍՀՄ ռազմական եւ տիեզերական ռադիոէլեկտրոնիկայի ընդհանուր արտադրանքի 30-40%-ը։

Անկախության հռչակումից ի վեր տեղական ռազմարդյունաբերության գաղափարը երկար ժամանակ չէր քննարկվում լրջորեն։ Արտադրական կարողությունները ընդամենը օգտագործվում էին օժանդակ միջոցների պատրաստման և ներկրված սարքավորումների վերանորոգման նպատակով։

Հայաստանում տեղական ռազմարդյունաբերության զարգացման գաղափարը ծնվել և նախնական ձևավորում է ստացել այս դարի երկրորդ տասնամյակի առաջին տարիներին, երբ Տեղեկատվական տեխնոլոգիական ձեռնարկությունների միության (ՏՏՁՄ, ներկայումս ԱՏՁՄ) ընդերքում քննարկումներ ծավալվեցին այն հարցի շուրջ, թե ինչպես կարելի է ավտոմատացման բնագավառում նորագույն տեխնոլոգիական լուծումները, մասնավորապես smart սենսորները և արհեստական ինտելեկտը օգտագործել ռազմական նպատակներով։

Նրանք գործնականորեն հերքեցին խոշոր ռազմաարտադրողների կողմից ակտիվ շրջանառվող այն միֆը, ըստ որի միլիարդավոր դոլարներ են անհրաժեշտ ժամանակակից ռազմարդյունաբերական թեկուզ ոչ մեծ լուծումների համար։ Ինքնավստահության տեսանկյունից կարևոր էր նաև իրական փորձաքննական եզրակացությունը, որ ժամանակակից պայմաններում տեխնոլոգիական անհրաժեշտ բաղադրիչները բավականաչափ մատչելի են։

Այս տարիներին ԱՏՁՄ ընկերությունները փորձարարական եղանակով մշակեցին մի շարք լուծումներ, որոնք առաջարկվեցին ՊՆ։

Զուգահեռաբար Հայաստանի տնտեսագիտական միտքը՝ հանձինս ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գիտաշխատող Գայանե Հարությունյանի համարձակ ենթադրություններ կատարեց վստահեցնելով, որ Հայաստանում լիովին հնարավոր է զարգացնել արդիական ռազմաարդյունաբերություն, որն իր գիտատեխնիկական պոտենցիալով կարող է դառնալ լոկոմոտիվ ողջ տնտեսության համար։

Սպառազինության գծով 2016 թվականի ապրիլյան պատերազմի տխուր բացահայտումները դարձան այն շրջադարձային կետը, որից սկսած արդիական ռազմաարդյունաբերության պահանջը ձեռք բերեց հանրային լուրջ հնչեղություն։

Չափազանց տպավորիչ էր ինժեներական համայնքի մոբիլիզացիան, որի անդամները սեփական նախաձեռնությամբ և միջոցներով իրականացրեցին փայլուն նախագծեր։ Նմուշներից շատերը ցուցադրվել են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ցուցահանդեսներում, արժանանալով ռազմական մասնագետների բարձր գնահատականի։ 2016֊2018 թթ․ հայ ինժեներներն առնվազն 3 ոլորտում՝ կապ, կառավարվող թռչող սարքեր և ավտոմատացված կրակակետեր, նշանակալից ճեղքում իրականացրեցին։

Այս ընթացքում վերջնականապես գիտականորեն ձևավորվեց արդիական ռազմարդյունաբերության հայեցակարգը, որն առաջին անգամ հրապարակվեց 2017 թվականի մայիսին (Հարությունյան Գայանե, «ՀՀ ռազմարդյունաբերության զարգացման առաջնահերթությունները», «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի «21-րդ դար», №5)։ Գիտական այս հոդվածում հեղինակը հանգում էր այն կարևոր եզրակացությանը, որ «երկրի անվտանգության եւ տնտեսական զարգացման փոխկապված խնդիրների լուծման միակ ուղին տեղական ռազմարդյունաբերության զարգացումն է»։

2018 թվականի հունվարին հրապարակվեց նույն հեղինակի «Ռազմարդյունաբերություն. գերակայություններ, հնարավորություններ, հեռանկարներ» մենագրությունը, իսկ հեղինակը նախաձեռնեց նոր հետազոտություն` «ՀՀ ռազմաարդյունաբերության նորարարական զարգացման կլաստերային մեխանիզմները», որոնք ծրագրային նշանակություն ունեցան ռազմաարդյունաբերության հայեցակարգում։

Ծրագրի գլխավոր նպատակը այնպիսի «խելացի» համալրի կառուցումն է, որը նվազագույն մարդկային ռեսուրսներով, բայց զգալի գիտատարությամբ ու տեխնոլոգիատարությամբ կարող է առավելագույն արդյունավետությամբ լուծել երկրի առաջ ծառացած ցանկացած անվտանգային խնդիր։

Ծրագիրը նպատակ է հետապնդում լուծել հետևյալ առաջնահերթ խնդիրները․

առաջնագծի լրիվ ռոբոտացում, ինչը թույլ կտա նկատելիորեն նվազեցնել դիվերսիոն հարձակումների ժամանակ զոհերի թիվը,
հետախուզական ռոբոտացված համակարգերի (օդային եւ ցամաքային) զանգվածային օգտագործում խաղաղ եւ պատերազմական իրավիճակում,
բազմաֆունկցիոնալ անօդաչու թռչող սարքերի (այդ թվում նաեւ՝ հարվածային) օգտագործում ռազմական գործողությունների ժամանակ,
արդիականացված սպառազինություններ եւ ռազմական տեխնիկա՝ հագեցած ավտոմատ կառավարման (հեռակառավարման) համակարգերով,
տեղեկատվության փոխանակման եւ վերլուծության նոր կատարելագործված համակարգերի հիման վրա (ամպային տեխնոլոգիաների կիրառմամբ) բարձր արդյունավետությամբ ցանցակենտրոն ռազմական գործողությունների (Network-centric warfare) իրականացման հնարավորություն,
իրերի համացանցի տեխնոլոգիական հնարավորություններով բարձր իրավիճակային իրազեկվածության (Situation Awarness) պայմաններում ռազմական իրավիճակի արդյունավետ կառավարում, հակահարվածի ճշգրտության ապահովում,
բարձր տեխնոլոգիական մարտական համազգեստներ, որոնցում ներդրված են զինծառայողի բարոյահոգեբանական վիճակը գնահատող եւ համապատասխան արձագանքման տարրեր,
ադիտիվ արտադրական տեխնոլոգիաներով հագեցած ռազմարդյունաբերական ձեռնարկություններ, որոնք ճկուն են պատվերների բարձր ճշգրտության (գրեթե անհատական) եւ ժամանակին կատարման հարցում,
ռազմարդյունաբերական համալիրի կատարելագործված լոգիստիկ համակարգ՝ պայմանավորված դրանց պարզեցմամբ, տրանսակցիոն ծախքերի կրճատմամբ՝ կառավարման միջանկյալ օղակների նվազեցման եւ վերացման արդյունքում:
Ներքին տնտեսական մոդելը համաշխարհային նորարարական միտումներին համապատասխանեցնելու եւ ռազմարդյունաբերությունը զարգացնելու նպատակով ծրագրում անհրաժեշտ է դիտվում իրականացնել հետևյալ անհետաձգելի միջոցառումները

1.Նորարարական տեխնոլոգիաները ստեղծվում եւ արտադրական գործընթաց են ներդրվում մարդկային կապիտալի կողմից, ուստի, առաջնահերթ է Հայաստանում մարդկային կապիտալի շարունակական դեգրադացման կասեցումը եւ զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը հետեւյալ կերպ՝

սահմանել խիստ չափորոշիչներ կրթության որակի նկատմամբ՝ սկսած տարրական ուսուցումից մինչեւ հետբուհական կրթություն, ինչը կբացառի «կիսագրագետ» դիպլոմավորված մասնագետների եւ գիտական աստիճան ունեցողների մեծ թվաքանակը հանրապետությունում, որոնք գործնական խնդիրների լուծման ժամանակ դրսեւորում են «մտավոր հաշմանդամություն»,
խստացնել մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ ինֆորմատիկայի դասավանդման մոտեցումները դպրոցական ծրագրերում,
ռոբոտաշինությունը դարձնել պարտադիր առարկա դպրոցներում եւ միջին տեխնիկական կրթություն ապահովող հաստատություններում,
մեծացնել բուհերում ինժեներական եւ ֆիզիկամաթեմատիկական մասնագիտությունների գծով պետական պատվերով նախատեսված տեղերի քանակը, միաժամանակ խիստ պահանջներ ներկայացնելով կրթական ծրագրերով նախատեսված ելքային արդյունքների տիրապետման նկատմամբ,
նպաստավոր պայմաններ ստեղծել բուհ-գործատու սերտ համագործակցության համար՝ մասնագիտական կրթական ծրագրերը գործատուների իրական պահանջներին համապատասխան կառուցելու տեսանկյունից,
հաշվի առնելով, որ «նոր տնտեսությունում» ինչպես տեխնոլոգիական, այնպես էլ կազմակերպական առումով էապես բարդանում են արտադրական գործընթացները, նկատելիորեն մեծացնել միջառարկայական հետազոտությունների ֆինանսավորումը, ինչպես նաեւ՝ խթանել ամենատարբեր մասնագիտությունների համար միջառարկայական կոմպետենցիաների զարգացումը։

2.Ամբողջ տնտեսության մակարդակով (եւ մասնավորապես ռազմաարդյունաբերության ոլորտում) զարգացման գործընթացների հիմնական խոչընդոտ դիտելով տնտեսության տարբեր հատվածների (պետական-մասնավոր, ֆինանսական-արտադրական, գիտակրթական-արտադրական) միջեւ արդյունավետ կապերի բացակայությունը եւ արտադրական տարբեր ոլորտների միջեւ թույլ փոխկապվածությունը, հրամայական է.

«Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքի արագ ընդունումը, որը ներկայում լրամշակման փուլում է,
ռազմարդյունաբերության ոլորտի վերաբերյալ տեղեկատվության մասնակի ազատականացումը (գաղտնի պահելով սպառազինությունների նոր նմուշների արտադրության տեխնոլոգիաները), ինչը հնարավորություն կտա մասնավոր ներդրողներին (այդ թվում նաեւ՝ սփյուռքահայ եւ օտարերկրյա) ճիշտ գնահատել ներդրումային արդյունավետությունը եւ ավելի մեծ նախաձեռնողականություն հանդես բերել,
պետության կողմից պարբերաբար (հարցումների միջոցով) բարձր տեխնոլո­գիական ձեռնարկությունների կադրային պահանջարկի վերլուծության, պահանջվող հմտությունների եւ կարողությունների «գույքագրման» իրականացումը` կրթական գործընթացները դրանց համապատասխանեցնելու նկատառումներով,
բարձր տեխնոլոգիական մասնավոր ընկերությունների, գիտահետազոտական հաստատությունների և պետության միջեւ փոխգործակցության հարթակների դիվերսիֆիկացում՝ համատեղ հետազոտական եւ նախագծման աշխատանքներից մինչեւ դրանց առեւտրայնացումը եւ համաշխարհային շուկա դուրս բերումը։

3.Բարձր տեխնոլոգիական նախագծերի ֆինանսավորման նոր աղբյուրների հասանելիության, «ժամանակակից փողերի» ներգրավման մեխանիզմների (կրաուդֆանդինգ, կրաուդլենդինգ, կրաուդինվեստինգ, ICO) կիրառման հնարավորությունների ապահովում, մասնավորապես.

«Այլընտրանքային ֆինանսավորման» պարտադիր դասընթացի ներառում տնտեսագիտական բուհերում,
հեռահաղորդակցական զարգացած ենթակառուցվածքների ապահովում (որպես «4.0 Արդյունաբերության» հիմնական էկոհամակարգ)՝ համապատասխան ծրագրային հագեցվածությամբ եւ կիբերանվտանգության երաշխիքներով, որն անսահմանափակ հասանելիություն կունենա տնտեսության բոլոր մասնակիցների համար,
բլոկչեյն (block-chain) տեխնոլոգիաների կիրառման համար բարենպաստ պայմանների ստեղծում, այս ուղղությամբ հասարակության լայն զանգվածներին իրազեկման միջոցառումների իրականացում,
կրաուդհարթակներում գործարքների իրականացման իրավական հիմքերի մշակում եւ կատարելագործում,
պետական երաշխավորությամբ մասնավոր պարտքային գործիքների թողարկում, որը նաեւ տեղական ֆոնդային շուկայի զարգացման խթան կարող է դառնալ,
քննարկել կուտակային կենսաթոշակային հիմնադրամների միջոցները նվազ ռիսկային բարձրտեխնոլոգիական նախագծերում ներդրման հնարավորությունները։

4.Սեղմ ժամանակում մշակել «խելացի» ռազմարդյունաբերական համալիրի ճարտարապետությունը եւ դրա թվային կառավարման մոդելը, այս ոլորտում նոր տեխնոլոգիական լուծումների պահանջարկը եւ տնտեսության արձագանքման հնարավորությունները հստակ գնահատելու համար։

5. Որպես ռազմարդյունաբերության ոլորտում ադիտիվ արտադրության պիլոտային ծրագիր առաջարկվում է Գյումրու ավիավերանորոգման զորամասի հիմքով ավիացիոն ռազմական տեխնիկայի վերանորոգման, արդիականացման եւ արտադրության ձեռնարկություն հիմնել (որը կարող է լինել նաեւ հայ-ռուսական համատեղ ընկերություն), որը կմասնագիտանա ռազմական եւ քաղաքացիական ավիացիայի տեխնիկական բարձրակարգ սպասարկման, ավիավերանորոգման եւ արդիականացման, ինչպես նաեւ՝ ավիացիոն տեխնիկայի համար անհրաժեշտ մասերի, համալրող սարքերի արտադրությունում, կիրականացնի ուղղաթիռների եւ ինքնաթիռների հավաքման գործունեություն, կունենա լաբորատորիաներ՝ ավիացիոն տեխնիկայի նոր նմուշների նախագծման, արդիականացման նոր տեխնոլոգիաների ներդրման համար։ Նման առաջարկը հիմնավորված է մի քանի հանգամանքներով.

բարձրորակ աշխատանքային կադրերի առկայություն (Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի շրջանավարտները),
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հարեւանություն,
երկակի նշանակության արտադրանքի թողարկում (ծառայության մատուցում),
102-րդ ռուսական ռազմաբազայի տեղակայումը Գյումրիում,
տրանսպորտային բավարար ենթակառուցվածքների, այդ թվում՝ գործող օդանավակայանի առկայությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031