Կ. Պոլսի 85-րդ հայոց պատրիարքի ընտրությունները կազմակերպելու համար ձևավորված նախաձեռնակ մարմնի ղեկավարությունն օգոստոսի 7-ին հանդիպումներ է ունեցել Թուրքիայի ներքին գործերի նախարարությունում: Հաղորդվում է, որ նախաձեռնակ մարմնի ատենապետ Խոսրով Քյոլեդավիթօղլուն և փոխատենապետ Սարգիս Չավուշյանը հանդիպել են Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի, փոխնախարարի և նախարարության այլ պաշտոնյաների հետ:
Քյոլեդավիթօղլուն թեմայի վերաբերյալ հայկական «Ակոս» թերթին տված պարզաբանման մեջ ասել է, որ հանդիպումների ժամանակ քննարկվել են պատրիարքական ընտրությունների գործընթացի հետ կապված քայլերը, անդրադարձ է կատարվել նաև պետության կողմից մարմնին փոխանցվելիք ընտրական կանոնադրությանը:
Նախաձեռնակ մարմնի ղեկավարը նաև նշել է, որ հանդիպումներն անցել են դրական մթնոլորտում և առաջիկայում ևս մի քանի հանդիպումներ տեղի կունենան:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Նախաձեռնակ մարմինը նիստ էր գումարել, որի ժամանակ որպես պատրիարքական ընտրությունների անցկացման նախնական ժամանակահատված հստակեցվել էր դեկտեմբեր ամիսը: Նիստին որոշում էր կայացվել նաև դիմել Ստամբուլի նահանգապետարան և պատկան մարմիններին՝ պատրիարքական ընտրություններն անցկացնելու համար հատուկ կանոնադրության մշակման համար։
Կանոնադրության մեջ պիտի նշվի վերջնաժամկետ, որով հնարավոր կլինի պատրիարքի ընտրությունները կազմակերպել մինչև տարեվերջ։
Աղբյուր` Ermenihaber.am