Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իջեւանում խախտվում է օրենքը. քաղաքապետի ընտրությունը նշանակվել է դեկտեմբերին

Օգոստոս 09,2019 16:00

ՀՀԿ-ն «ինչքան ուզում՝ այնքան էր խփում», ՔՊ-ն`«ինչպես ուզում՝ այնպես է խփում»

2015 թվականի սեպտեմբերին Տավուշի մարզում համայնքի ղեկավար են ընտրել Տավուշի մարզի Խաշթառակ (սեպտեմբերի 20-ին) եւ Իջեւան (սեպտեմբերի 13-ին) համայնքներում: Այս համայնքներում հերթական ընտրությունն այս տարի է: ՀՀ ընտրական օրենսգրքի 145-րդ հոդվածի համաձայն, համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նշանակում է մարզպետը` համայնքի ղեկավարի, ավագանու անդամների լիազորությունների ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան 70 օր առաջ: Տավուշի մարզպետը Խաշթառակում ՏԻՄ ընտրությունը նշանակել է սեպտեմբերի 29-ին, իսկ Իջեւանում ընտրության օր չէր նշանակվել, համենայնդեպս, մարզպետարանի կայքում որեւէ տեղեկատվություն Իջեւանում կայանալիք ընտրությունների մասին՝ չկար:

Մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առավոտի» հարցմանը, թե ինչո՞ւ Իջեւանում ընտրության օր չի նշանակվել, պատասխանեցին, որ նշանակվել է եւ տեղեկությունը հրապարակված է Իջեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում: Իջեւանում ընտրության օր է նշանակվել դեկտեմբերի 8-ը: Թե ինչո՞ւ մարզպետարանի կայքում այդ տեղեկությունը չկա, բացատրեցին տեխնիկական խնդիրներով:

Մեր աղբյուրների համաձայն, սակայն, այս հետաձգումը թելադրված է իջեւանցի վարչապետ Նիկոլ Փաշինյանից:

Հուլիսին Իջեւանում ծառահատումների թեմայով բողոքի ակցիաներից հետո, այստեղ մեծապես սասանվել է Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը: 2011 թվականից Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանն առանձնապես մեծ հեղինակություն չունի էլ, իսկ Փաշինյանը մտադիր է քաղաքապետ դարձնել իր ընկեր եւ կնքահայր Հայկ Ղալումյանին, նախկին մարզպետ Վահե Ղալումյանի եղբորը:

Հայկ եւ Վահե եղբայրները գործող քաղաքապետ Վարդանի հեռավոր ազգականներն են: Եթե ընտրությունն անցնի սեպտեմբերին, Նիկոլ Փաշինյանի թեկնածուն հաղթելու շանս չունի, դեռ թարմ է «անտառային պատերազմի» հիշողությունը: Ու որոշվել է հետաձգել ՏԻՄ ընտրությունը: Մինչ նոր ընտրությունները նշանակվելու է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար:

Սա իշխանության սցենարն է: Սակայն ակնհայտ է, որ սեպտեմբերի փոխարեն դեկտեմբերին ընտրություն նշանակելը բան չի փոխելու: Մեղմ ասած, քիչ հավանական է, որ երկու ամսում իջեւանցիների հիշողությունից ջնջվեն հուլիսյան բողոքի ակցիաներին առնչվող դրվագները: Այլ խոսքով, Իջեւանում քաղաքապետի ընտրության օրը հետաձգելով եւ օրենք խախտելով, գործող իշխանությունը ոչ մի բանի չի հասնելու եւ ապացուցելու է, որ առաջնորդվում է «մեր դեմ խաղ չկա» սկզբունքով, ինչի մասին խոստովանել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: ՀՀԿ-ն իր առաջնորդի շուրթերով հայտարարեց` «ինչքան ուզենք՝ այնքան կխփենք»: ՔՊ-ն իր պահվածքով խոստովանում է` «ինչպես ուզենք՝ այնպես կխփենք»:

Ի դեպ, համայնքներում հերթական եւ արտահերթ ընտրությունների նշանակման օրենսդրական խախտումների մասին օրերս հայտարարել էր նաեւ Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը: Ըստ նրա, որոշ դեպքերում այդ օրերը նշանակվում են այնպես, որ համայնքի ղեկավարի լիազորությունների ավարտի ու նոր ընտրությունների օրերի միջանկյալ ժամանակահատվածում նշանակվում են պաշտոնակատարներ, որոնց պաշտոնավարման ժամկետը (նշանակովի լինելով) բավականին տեւական է լինում՝ ըստ էության բերելով ինքնակառավարման իրավունքի սահմանափակման։ Էմին Երիցյանն ահազանգել էր ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքում համայնքի ղեկավարի հերթական ընտրության օր չնշանակելու մասին: Սակայն Իջեւանում նույն իրավիճակն է: Իշխանությունը ժամանակ է շահում`յուրայինների «առաջ քաշելու» համար:

Նելլի  ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

09.08.2019

Հ. Գ. «Տեղեկատվության ստուգման կենտրոնն անդրադարձել է այս հրապարակմանը՝ պնդելով. «Տարբերության պատճառը, սակայն, բոլորովին այլ է, քան թերթի ներկայացրածը։

Այսպես, 2015 թվականի ընտրություններից հետո Խաշթառակ համայնքի ղեկավար Անդրանիկ Վիրաբյանը լիազորությունները ստանձնել է սեպտեմբերի 25-ին, մինչդեռ Իջևանի ղեկավար Վարդան Ղալումյանը համայնքի ղեկավարի լիազորությունները ստանձնել է դեկտեմբերի 22-ին։ Պաշտոնի ստանձնման այս տարբերությունը կապված է այն հանգամանքով, որ Իջևանում կայացած նախորդ ընտրություններից հետո ղեկավարը իր լիազորությունները ստանձնել է դեկտեմբերի 22-ին։ Վերջինս չէր կարող ստանձնել լիազորություններն ավելի վաղ, քան նախորդ պաշտոնավարման ժամկետի լրացումն է։

ՀՀ ընտրական օրենսգրքի 120-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Քվեարկության օրը պետք է լինի մինչև լիազորությունների ժամկետի լրանալը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված օրերից լիազորությունների ժամկետի լրանալու օրվան առավել մոտ օրը: Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրությունները նշանակում է մարզպետը՝ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ»:

Հաշվի առնելով, որ Իջևանի համայնքապետը լիազորությունները ստանձնել է 2015-ի դեկտեմբերի 22-ին, հետևաբար կայանալիք ընտրությունների մասին հայտարարություն պետք է արվի ոչ ուշ, քան սույն թվականի հոկտեմբերը։

Հարկ է նշել, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 120-րդ հոդվածի համաձայն՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրություններ կարող են անցկացվել տարին մինչև չորս անգամ: Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրությունների քվեարկության օրերը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ 2018 թվականի հուլիսի 17-ի N 26-Ա որոշմամբ՝ 2019 թվականի ՏԻՄ հերթական ընտրությունների քվեարկության օրեր են սահմանվել 2019 թվականի փետրվարի 17-ը, հունիսի 9-ը և սեպտեմբերի 29-ը։

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ աշխատանքային համագործակցության արդյունքում, ս․թ․ հուլիսի 30-ի N 37-Ա որոշմամբ՝  2019 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության ևս մեկ օր է սահմանել` 2019 թվականի դեկտեմբերի 8-ը։ Տավուշի մարզպետարանը, ընտրության օր նշանակելիս, առաջնորդվելու է հենց այս որոշումով։

Իսկ հերթական ընտրությունների անցկացման ևս մեկ օր սահմանելու հետ կապված՝ ԿԸՀ-ն հայտնում է, որ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով հանրապետության մի շարք համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետները, ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման, ինչպես նաև արդյունքների բողոքարկման համար օրենքով սահմանված ընթացակարգերը և ժամկետները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031