Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվաբնակ հայ գործարարն առաջարկում է Երեւանում աղբի տեսակավորման կետեր հիմնել

Օգոստոս 09,2019 13:05

Մոսկվաբնակ գործարար Սարգիս Մինասյանը մտադիր է ՌԴ մայրաքաղաքում գործող աղբի վերամշակման գործարանի աշխատանքը կազմակերպել նաեւ Երեւանում: Նրա խոսքով՝ հնարավոր կլինի օրական մոտ 200 տոննա աղբ տեսակավորող եւ վերամշակող գործարան հիմնել: Երեւանի քաղաքապետարանն էլ ամիսներ առաջ առաջարկել է ներկայացնել գործարար-ծրագիր, որը գրավոր տարբերակով հանձնվել է օրերս՝ մոսկովյան համապատասխան ընկերության երաշխավորագրով: Թե ինչ առաջարկներ ունի գործարարը, այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նա նախ շեշտեց՝ հայաստանյան աղբանոցները որպես այդպիսին անվանելը դժվար է, որովհետեւ դրանք պետք է լինեն աղբի ընդունման կետեր, որտեղից սկսվում է աղբի վերամշակումը, ոչ թե բարձիթողի վիճակում գտնվող աղբակույտեր:

Գործարար-ծրագրում Սարգիս Մինասյանը նշել է, որ մասնավորապես Նուբարաշենի աղբավայրում անհրաժեշտ է կառուցել ըստ տոննայի կշռման աշխատող աղբի ընդունման կետեր, ինչը մասնավոր ընկերություններին կշահագրգռի ավելի շատ աղբ հավաքագրելու հարցում. «Հնարավոր կլինի մինչեւ 400 տոննա աղբ տեսակավորել եւ դրանք ուղղել երկրորդական արտադրության գործարաններ: Աղբավայրերում պետք է տեղադրվեն կշեռքներ, թաղապետարաններն էլ պետք է տրամադրեն տեղափոխման համար անհրաժեշտ վճարովի հիմունքներով 1-2 բեռնատար մեքենաներ: Անհատները՝ բնակիչները, հաստատ կցանկանան համայնքային մեքենաներով աղբ տեղափոխել եւ գումար վաստակել»:

Ըստ Մինասյանի՝ թղթի թափոնների վերամշակումից Հայաստանում հնարավոր է ստանալ ձվի տուփեր, պլաստմասե շշեր, որոնց համար անհրաժեշտ հաստոցներն ինքն ունի, իսկ հնարավորության դեպքում աղբի վերամշակումը կարելի է կազմակերպել նաեւ Մոսկվայում:

Սարգիս Մինասյանը հավելեց, որ իր գործարար-ծրագիրը Երեւանի քաղաքապետարանում արդեն բանավոր ներկայացրել է, բայց մերժում է ստացել. «Պատճառաբանել են, որ արդեն զբաղվում են Նուբարաշենի աղբավայրի խնդրով: Հուսամ՝ գրավոր ծրագրին կարձագանքեն»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/721517051641358/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031