Օգոստոսի 8-ին Երեւանի քաղաքապետարանի առաջ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, միջադեպեր էին գրանցվել: Որպես բողոքի նշան շենքի աստիճանների մոտ շինարարական աղբ թափած «Երեւանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ցուցարարներից երկուսը, եւ մեկ անցորդ, բերման էին ենթարկվել ոստիկանություն: Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը, որը ցուցարարների թվում էր, վեճի էր բռնվել անցորդի հետ:
«Քաղաքապետարանից երկու հոգու ուղարկեցին, որոնք ուզեցան սադրել: Փոխադարձ վիրավորանքներ չեն հնչել, դրանք հնչել են միայն իրենց կողմից, մենք էլ պատասխանել ենք դրանց»,-դառնալով կատարվածին՝ ասաց նախաձեռնության ներկայացուցիչ, Երեւանի նախկին ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության նախկին անդամ Սոնա Աղեկյանը:
Միջադեպի մասնակից Գագիկ Սարուխանյանն էլ համոզմունք հայտնեց, որ երեկվա միջադեպը կազմակերպված «բոլշեւիկյան սադրանք» էր. «Ուղարկում են մարդկանց, որոնք մեզ մեղադրում են իբր փող ստանալու մեջ: Այդ տղամարդուն խղճում եմ, նա մեծ սադրանքի մանրադրամ էր, որին ուղարկել էին կիզակետ: Նրան ուղարկել էր քաղաքապետարանը: Նա այնպե՜ս էր պաշտպանում քաղաքապետարանին, մինչդեռ պնդում էր, թե պարզապես քաղաքացի է»:
Գագիկ Սարուխանյանը պարզաբանեց՝ ողջ քաղաքում աղբը թափված է մայթերին, դրա համար էլ իրենք խնդիրը ցույց տալու համար աղբը բերել-դրել էին հենց քաղաքապետարանի շենքի մայթին:
Կարդացեք նաև
Անդրադառնալով աղբահանության խնդրին՝ Սոնա Աղեկյանը նշեց. «Հանցավոր պայմանավորվածություն ու կոռուպցիայի հոտ է գալիս: Քաղաքային իշխանությունը ջայլամի քաղաքականություն է վարում, մաքրության եւ աղբահանության համար պատասխանատուները մտել են սեղանների տակ»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
https://www.facebook.com/aravot.am/videos/735153096931171/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ