Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի վարույթում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանի կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ հաղորդում տված, սակայն հետո իր խոսքերից հրաժարված Վյաչեսլավ Հարությունովի վերաբերյալ գործը:
Ըստ «Դատալեքս» համակարգում հրապարակված մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության՝ «Վյաչեսլավ Նիկոլայի Հարությունովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ծանր հանցագործության մեջ մեղադրանքի առնչությամբ քննվող թիվ 10107418 քրեական գործով հանդիսանալով տուժող, նախազգուշացված լինելով սուտ ցուցմունք տալու համար ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գործի նախաքննության և դատաքննության ընթացքում տվել է սուտ ցուցմունք»:
Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության համաձայն՝ Էդուարդ Բաբայանը 2018-ի հուլիս 2-ին «Օլիմպավան» մարզական համալիրի հանդիպումների դահլիճում հարվածներ է հասցրել Վյաչեսլավ Հարությունովին՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս։ Էդուարդ Բաբայանը սկզբում կալանավորվեց, հետո՝ 2018-ի օգոստոսի 21-ին, 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց: Գործով տուժող ճանաչված Վյաչեսլավ Հարությունովը դատարանում հայտարարել էր, որ իրեն տուժող չի ճանաչում:
2019-ի ապրիլի 5-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, դատապարտեց 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման եւ համաներմամբ ազատ արձակեց պատիժը կրելուց։