Լրահոս
Օրվա լրահոսը

Սեդրակ Մամուլյանը՝ Խորովածի փառատոնի ու զբոսաշրջիկների հոսքի մասին

Օգոստոս 09,2019 12:05

Օգոստոսի 18-ին Ախթալայում 11-րդ անգամ կկայանա Խորովածի համահայկական փառատոնը: Այս անգամ փառատոնին կմասնակցի խոհարարների 20 թիմ: Երեւանից գրանցվել է 14 հայտնի ռեստորան: Թե ինչ խոհարարական անակնկալներ են սպասվում մասնակիցներին և հյուրերին, այս մասին «Սպուտնիկ Արմենիայի» մամուլի սրահում պատմեցին Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը եւ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

Մեխակ Ապրեսյանը նշեց, որ ավանդական դարձած փառատոնը միջազգային նշանակություն ունի, այն տարածաշրջանում ամենակայացած եւ սպասված փառատոնն է, որին մասնակցելու համար աշխարհի տասնյակ երկրներից հազարավոր մարդիկ այցելում են Հայաստան:

«Մեր առաջ նպատակ էինք դրել, որ պետք է գա մի օր, որ զբոսաշրջիկները հենց այս փառատոնի համար այցելեն Հայաստան, նույնիսկ ընտրեն, օրինակ` Բրազիլիայի դիմակահանդեսին մասնակցե՞ն, թե Հայաստանի խորովածի փառատոնին…Եվ դա այսօր իրականություն է դարձել»,-հայտնեց Մեխակ Ապրեսյանը: Նրա խոսքով, նման փառատոները նպաստում են հյուրընկալող եւ շրջակա համայնքների տնտեսական ակտիվացմանը, ներդրումների գրավմանը:

Սեդրակ Մամուլյանը նշեց, որ ժամանակին փառատոնի վերաբերյալ թերահավատությունը շատ էր, որովհետեւ սկսել էին այն ժամանակ, երբ խոհարարական միջոցառումներ չէին կայանում: Նա ասաց, որ Ախթալայի ընտրությունն էլ պատահական չէր, որովհետեւ պետական ծրագիր կար՝ հյուսիսային դարբասների մոտ զբոսաշրջությունը զարգացնելու: Նաեւ խնդիր կար՝ կապված տարածքների համաչափ զարգացման, զբոսաշրջային միջավայր զարգացնելու, ազգային խոհանոցը հանրահռչակելու հետ:

Պարոն Մամուլյանը հավելեց, որ միջոցառումը ունի հստակ ծրագիր՝ գեղարվեստական մաս, որտեղ կլինի ազգագրական երգ-երաժշտություն, մրցութային մաս՝ ավանդական անվանակարգերով (լավագույն համ, լավագույն տեսք, լավագույն մտահղացում), նաեւ բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան հենց տաղավարի շուրջ ունենալու նստած սպասարկվելու հնարավորություն: Ասաց, որ մեծ արձագանքներ են ստացվել Վրաստանից եւ Ռուսաստանից, տեղի զբոսաշրջիկները մեծ ցանկություն են հայտնել այցելել փառատոնին:

Սեդրակ Մամուլյանը փաստեց, որ հենց փառատոնի շնորհիվ է, որ շրջակա տարածքները բարեկարգվել են եւ արժանացել զբոսաշրջիկների ուշադրությանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031