Լրահոս
Օրվա լրահոսը

Gallup-ի վերջին հարցումները ցույց են տալիս, որ Պուտինի կողմնակիցների 12 տոկոսը ցանկանում է լքել երկիրը

Օգոստոս 09,2019 10:19

«Ամերիկայի ձայն». Ռուսաստանի բնակչությունը մի քանի տասնամյակում զգալիորեն կնվազի: Այս զարգացումը մեծ ազդեցություն կունենա երկրի տնտեսական վիճակի վրա: Առաջնային խնդիրներից է կրթություն ստացած երիտասարդ մասնագետների արտահոսքը երկրից:

Ռուսաստանի Պերմ քաղաքում, ինչպես բազմաթիվ այլ շրջանային բնակավայրերում, երիտասարդները ցանկանում են արտագաղթել:

«Ես ինձ ապահով չեմ զգում այստեղ: Այս երկրում բացակայում է կայունություն»,- ասում է Դմիտրի անունով մի երիտասարդ:

Դմիտրին մասնագիտությամբ ինժեներ է Պերմի գործարաններից մեկում: Քաղաքը տեղակայված է Մոսկվայից մոտ 1500 կմ հեռավորության վրա: Ինչպես Ռուսաստանի շատ շրջանային քաղաքներում այստեղ ևս բնակչության կարևոր խնդիրներից է ցածր աշխատավարձերը, որը նպաստում է արտագաղթի ուժեղացմանը: Նվազագույն աշխատավարձը տատանվում է 400-600 դոլարի սահմաններում:

Gallup-ի վերջին հարցումները ցույց են տալիս, որ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմնակիցների 12 տոկոսը ցանկանում է լքել երկիրը: Նրա քաղաքականության հակառակորդների շարքում այդ թիվը կազմում է 40 տոկոս:

Ռուսաստանի նավթագազային սեկտորը երկրի հիմնական տնտեսական ոլորտներից է, որը կազմում է երկրի արտահանման շուրջ 60 տոկոսը: Պերմի պոլիտեխնիկական համալսարանը կարևոր կրթական հաստատություններից է էներգետիկ ոլորտի մասնագետներ պատրաստելու համար: Այս համալսարանի ուսանող Մաքսիմը ցանկանում է մնալ և աշխատել Ռուսաստանում: Նա աշխատանքի է անցել Լուկոյլ նավթային ընկերությունում:

Դրա հետ մեկտեղ, սակայն, նա չի բացառում, որ կարող է աշխատել արտասահմանում համապատասխան աշխատանքի առաջարկ ստանալու դեպքում:

Ռուսաստանում ուսուցում անցնող արտասահմանցի ուսանողները գոհ են այստեղի համալսարանների մակարդակից:

«Այստեղ թե՛ կրթության մակարդակը, թե՛պայմանները բավականին բարձր են: Նյու Յորքում չեմ կարծում հնարավոր կլինի համարժեքը գտնել մատչելիության առումով»,- նշում է իրաքցի ուսանող Հանի Մուհամեդ Ֆալիհը:

Հանին համալսարանը ավարտելուց հետո ցանկանում է վերադառնալ Իրաք, սակայն եթե աշխատանքի առաջարկ ստանա Ռուսաստանում, կընդունի այն:

Երեխաների եւ դեռահասների համար ֆինանսական ոլորտի գրքերի հեղինակ Էդուարդ Մատվեևը իր հերթին նշում է, որ գլոբալիզացիան և համացանցը մեծապես ազդել են ռուսաստանցիների հայացքների վրա:

«Կարծում եմ երիտասարդ ռուսաստանցիները ոչնչով չեն տարբերվում աշխարհի այլ երիտասարդներից: Նրանք չեն դիտարկում արտագաղթը որպես դավաճանություն հայրենիքին, ինչպես դա անում էր նախորդ սերունդը: Նրանք դա ընկալում են որպես աշխարհը ճանաչելու սովորական գործընթաց»,-նշում է Մատվեևը

Այսպիսով Ռուսաստանի զարգացած ոլորտներն այսօր շարունակում են գրավել երիտասարդ տաղանդավոր մասնագետների: Սակայն դրա հետ մեկտեղ ռուսաստանցի շատ երիտասարդներ ավելի լավ ապագա են փնտրում երկրի սահմաններից դուրս, ինչպես ֆինանսական միջոցների, այնպես էլ քաղաքական վիճակի պատճառով:

Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031