Լրահոս
Օրվա լրահոսը

«Անահիտ Բախշյանի եւ մյուսների գործով» հստակեցվել է հայցապահանջներից մեկը

Օգոստոս 09,2019 13:30

Զրպարտության համար պատասխանողներից յուրաքանչյուրից մեկ դրամ է պահանջվում

Հատուկ դպրոցի 31 աշխատողները, որից 23 մանկավարժներ, 8 սովորող երեխաների ծնողները բացատրություններ են տվել՝ ԿԳ նախարարին ուղղված դիմումից հետո: Սակայն հարցը տեղափոխվել է դատարան, երբ բարձրաձայնվել է «Առավոտի» միջոցով:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան էր դիմել ԿԳՆ «Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ը՝ ընդդեմ Անահիտ Բախշյանի, Գայանե Ավետիսյանի, Սիլվարդ Ռուստամյանի, Հակոբ Հովհաննիսյանի: Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնողը Ալեքսան Ահարոնյանն է, իսկ ինքնուրույն պահանջ չներկայացնողը՝ «Առավոտ» օրաթերթ ՍՊԸ-ն:

Տեղեկացնեմ, որ դատավոր Զարուհի Նախշքարյանի նախագահությամբ հուլիսի 10-ին տեղի է ունեցել նախնական դատական նիստ, որի ժամանակ հատուկ դպրոցը հստակեցրել է հայցի հիմքն ու առարկան: Գայանե Ավետիսյանի, Սիլվարդ Ռուստամյանի, Թամարա Գեւորգյանի դեմ պահանջը ձեւակերպվել է այսպես. «ՀՀ կրթության եւ գիտության նախարարին հասցեագրված դիմումում անցյալ տարվա սեպտեմբերի 14-ին արտահայտած դատողությունները որակել որպես զրպարտություն եւ պարտավորեցնել ՊՈԱԿ-ին փոխհատուցել 1 միլիոն 500 հազար դրամ գումարը»:

Երրորդ անձ Ա. Ահարոնյանը նույնպես հստակեցրել է իր պահանջը. պատասխանողներից յուրաքանչյուրից նրանց զրպարտություն համարած դատողությունների համար պահանջել է մեկական դրամ:
Պատասխանողների ներկայացուցիչ, փաստաբան Գրիգոր Առաքելյանը երկու միջնորդություն է ներկայացրել դատարան՝ «Առանձին հայցապահանջների նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելու մասին»:

Ըստ փաստաբան-ներկայացուցչի, կրթության նախարարին հասցեագրված դիմումում առկա որեւէ արտահայտություն չի կարող զրպարտություն համարվել. «քանի որ այդ արտահայտությունները պարունակող դիմումը ներկայացվել է հասցեատիրոջը՝ ՊՈԱԿ-ի կառավարման բարձրագույն մարմին հանդիսացող ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը՝ ի դեմս նախարարի»:

Նշենք, որ դիմումը նախարարություն է մուտքագրվել անցյալ տարվա սեպտեմբերի 14-ին, հինգ օր հետո վերահասցեագրվել է ՀՀ կրթության տեսչական մարմնին՝ ներկայացվածի իսկությունը ճշտելու համար:

ՊՈԱԿ-ում սեպտեմբերի 20, 24, 25-ին իրականացվել են ուսումնասիրություններ՝ տեսչական մարմնի պատասխանատուի հրամանով, բացատրություն է տվել երեք տասնյակ մարդ:

Փաստաբանը հայտնել է, որ հայցվոր կողմն ու երրորդ անձը տեղյակ են եղել, եւ նրանցից մեկը՝ դպրոցը, դատարան է դիմել հայցադիմումը մեկամսյա ժամկետի բացթողնմամբ, երրորդ անձն էլ այս տարվա մայիսի տասնվեցին՝ վեց ամսվա բացթողնմամբ:

Վերջինի դեպքում, այդ ժամկետը վերականգնման ենթակա չէր: Օրենքով: Հետեւաբար, այդ հիմքով, պատասխանողների ներկայացուցիչը միջնորդել էր, որպեսզի մերժվի երրորդ անձի հայցապահանջը պատասխանողների դեմ:

Ըստ էության, հայցվորի խնդիրն է եղել ապացուցման պարտականությունը կրելը, հայցվորը տեղյակ է եղել դիմումից հետո կատարված զարգացումներին դատարան դիմելուց առնվազն քառասունչորս օր առաջ: Փաստաբանը ներկայացրել էր դատարան ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի անցյալ տարվա հոկտեմբերի 4-ի թվով երեք գրությունների պատճենները:

Ինչ վերաբերում է Անահիտ Բախշյանի «դրվագին», հատուկ դպրոցը պահանջել էր, որպեսզի կրթության բնագավառի ճանաչված փորձագետը ներողություն խնդրի http://www. aravot.am/2018/05/28/959960 կայքում տպագրված հոդվածում աշխատանքից ապօրինի ազատված եւ խախտված իրավունքները դատական կարգով վերականգնած դպրոցի ՄԿԱ գծով փոխտնօրեն Թամարա Գեւորգյանի մասին արված արտահայտությունների համար:

Մասնավորապես, «Ով տնօրեն կերպով աշխատանքից ազատում է ՄԿԱ գծով փոխտնօրենին, ու չնայած նա դատարանի վճռով վերականգնվում է, բայց մինչ օրս չի աշխատում», «Գանք աշխատանքից ապօրինի ազատված ու դատարանով վերականգնված փոխտնօրենին», «աշխատում է որպես տնօրեն, սակայն խախտելով ՀՀ օրենքը՝ քաղաքացուն ազատում է աշխատանքից, ում դատարանը ոչ միայն վերականգնում է, այլեւ պարտադրում է դպրոցի բյուջեից 2,500, 000 դրամ պարապուրդի համար վճարել»…

«Ներողության պահանջատեր» է նաեւ տեսչական մարմնի ղեկավար Ա. Շագաֆյանը: Հայցվորը պահանջել էր, որպեսզի Անահիտ Բախշյանը ներողություն խնդրի դիմումում արված հետեւյալ արտահայտությունների համար. «89 աշակերտներից կույր են ընդամենը 5-ը, 5-ը կրթության առանձնահատուկ պայմանների պահանջ ընդհանրապես չունեն»:

Ի դեպ, նախնական դատական նիստի ժամանակ, երրորդ անձը հստակեցնելով հայցապահանջը Ա. Բախշյանի նկատմամբ, պահանջել է. «Պարտավորեցնել Ա. Բախշյանին ներողություն խնդրել ՀՀ ԿԳՆ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ա. Շագաֆյանին անցյալ տարվա սեպտեմբերի տասնվեցին ներկայացված դիմումի վիրավորանքի՝ «Անկեղծորեն չեմ հասկանում, թե ինչպես է տեսչական մարմնի ուսումնասիրության արդյունքում դպրոցում կրթության կազմակերպման որակը ներկայացվում բավարար, եթե ծնողն իրավացիորեն նման փաստեր է ներկայացնում» համար: Այս վիրավորանքի համար Ա. Բախշյանից պահանջվում է 250 000 դրամ:

Թեմայի հրապարակայնացումը տեղի էր ունեցել նաեւ «Կիսաբաց լուսամուտներ» շոու-հաղորդման ժամանակ էլ, եւ Ա. Բախշյանի ներկայացուցիչը պնդել էր, որ այս դեպքում էլ հայցային վաղեմություն կա, քանի որ հայցվորը խախտել է դատարան դիմելու համար օրենքով սահմանված վեցամսյա ժամկետը, հետեւաբար, պետք է կիրառվի հայցային վաղեմություն:

Նշեմ, որ «Կիսաբացը» խնդրին անդրադարձել էր անցյալ տարվա ապրիլի 23-ին, երբ Ա.Բախշյանն ասել էր. «…հատուկ դպրոցում կրթություն, որպես այդպիսին՝ չկա, եւ այնտեղ խնդիրներին նայում են մատների արանքով»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031