Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիննախն առաջարկում է հիփոթեքային արձակուրդ տալ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց

Օգոստոս 09,2019 14:00
gorc

Ֆինանսների նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Բնակարանային Հիփոթեքային կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Այս նախագծով առաջարկվում է հիփոթեքային վարկ ունեցող քաղաքացիների համար սահմանել հիփոթեքային արձակուրդ: Այս արձակուրդը կարող է տարածվել այն վարկառուների վրա, որոնք հայտնվել են դժվար պայմաններում: Ընդ որում, նախագծով նաեւ սահմանվում է, թե որ չափանիշներով պետք է հաստատվեն կյանքի դժվարին պայմանները:

Նախարարությունը վստահեցնում է՝ նախագծով օրենսդրորեն ամրագրվում է հիփոթեքային արձակուրդից օգտվելու վարկառուների իրավունքը եւ դրա իրացման պայմանները՝ զգալիորեն մեղմելով հիփոթեքային վարկավորման պայմանները:

Առաջարկվում է հիփոթեքային արձակուրդ տալ մեկ անգամ՝ մինչեւ 6 ամիս տեւողությամբ:

Հիփոթեքային արձակուրդ ստացող վարկառուին, ինչպես գրված է նախագծում, պետք է նախազգուշացնեն՝ հիփոթեքային արձակուրդի ընթացքում վարկի տոկոսագումարները շարունակում են հաշվարկվել:

Հիփոթեքային արձակուրդ կարող են ստանալ, ինչպես նշել ենք, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված վարկառուները: Իսկ, ըստ նախագծի, կյանքի դժվարին իրավիճակ է համարվում հետեւյալ պայմաններից մեկը.

1) Վարկառուն լիազոր մարմնի կողմից ստացել է գործազուրկի կարգավիճակ:

2) Վարկառուն օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ:

3) Վարկառուն անընդմեջ 2 ամիս եւ ավելի ժամկետով գտնվում է ժամանակավոր անաշխատունակ վիճակում:

4) Դիմումը ներկայացնելու ամսվան նախորդող ամսվա դրությամբ, վարկառուի միջին ամսական եկամուտը (պայմանագրի կողմ հանդիսացող բոլոր կրեդիտառուների միջին ամսական համախառն եկամուտը) նվազել է ավելի քան 30 տոկոսով: Ընդ որում, դիմում ներկայացնելու ամսվան հաջորդող 6 ամիսների համար վարկի մարման ժամանակացույցով սահմանված պարտավորությունների միջին ամսական չափը գերազանցում է դիմում ներկայացնելու ամսվան նախորդող ամսվա դրությամբ վարկառու միջին ամսական եկամտի 50 տոկոսը:

5) Վարկավորման պայմանագրի կնքման օրվանից ավելացել է վարկառուի խնամակալության տակ գտնվող անձանց քանակը, միաժամանակ, դիմումը ներկայացնելու ամսվան նախորդող ամսվա դրությամբ վարկառուի միջին ամսական եկամուտը (պայմանագրի կողմ հանդիսացող բոլոր վարկառուների միջին ամսական համախառն եկամուտը) նվազել է ավելի քան 20 տոկոսով, իսկ դիմում ներկայացնելու ամսվան հաջորդող 6 ամիսների համար վարկի մարման ժամանակացույցով սահմանված պարտավորությունների միջին ամսական չափը գերազանցում է դիմում ներկայացնելու ամսվան նախորդող ամսվա դրությամբ վարկառուի (վարկառուների) միջին ամսական եկամտի 40 տոկոսը:

Հիփոթեքային արձակուրդ ստանալու դիմումը պետք է ներառի նշում արտոնյալ ժամանակահատվածի ընթացքում վարկավորման պայմանագրով ստանձնած պարտավորությունների դադարեցման կամ վճարումների նվազեցված չափի մասին:

Այսինքն, նախագծով սահմանված «կյանքի դժվարին իրավիճակ» սահմանված պայմաններին բավարարելու դեպքում, վարկառուն կարող է դիմել եւ մինչեւ 6 ամիս ժամկետով հիփոթեքային արձակուրդ ստանալ՝ կողմերի՝ բանկի եւ վարկառուի միջեւ համաձայնեցված պայմաններով: Իհարկե, արտոնյալ ժամկետի ավարտից հետո վճարումները շարունակվելու են վարկավորման պայմանագրով սահմանված նախնական պայմաններով, իսկ հիփոթեքի պայմանագրի ժամկետը կողմերի միջեւ կնքված համաձայնագրով երկարացվում է արձակուրդի տեւողության չափով:

Նախարարությունը վստահեցնում է՝ նախագծի ընդունման դեպքում «Հիփոթեքային արձակուրդից» օգտվելու դեպքում վարկը, վարկի դասակարգումը չի փոխվի, տույժեր եւ տուգանքներ չեն գանձվի, ինչպես նաեւ դա չի արտացոլվի ընթացիկ վարկային զեկույցներում, այսինքն՝ վարկային պատմությունում:

Նախագծում նշված է՝ վարկատուների շահերը կշարունակեն մնալ պաշտպանված անշարժ գույքի գրավով, կանխավճարով, ինչպես նաեւ լրացուցիչ ռեզերվ ստեղծելու անհրաժեշտության բացակայությամբ:

Ուշագրավ է, որ ֆիննախը հիմնավորման մեջ նշել է, որ նախագիծը մշակվել է միջազգային լավագույն փորձի հիման վրա եւ օրինակներ է բերել եվրոպական երկրներից: Օրինակ Իռլանդիայում դժվարին իրավիճակում (շտապ վերանորոգում, ուսումնառություն, հղիություն, ծննդաբերություն եւ այլն) հայտնված վարկառուներին հիփոթեքային արձակուրդներ տրամադրվում են բոլոր բանկերի կողմից, հիմնական գումարի մարումները կարող են հետաձգվել մինչեւ 6 ամիս ժամկետով, իսկ տոկոսագումարները՝ մինչեւ 12 ամիս ժամկետով: Ֆրանսիայում աշխատանքը կորցրած եւ այլ դժվարություններ ունեցող վարկառուների համար նախատեսված է վճարումների հետաձգման հնարավորություն ցանկացած տեսակի, այդ թվում՝ հիփոթեքային վարկի դեպքում:

Սակայն ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած նախագծում հստակ չի նշվում, արդյոք հիփոթեքային արձակուրդ տրամադրվելու է նաեւ վարկի տոկոսների՝ ժամանակավոր չվճարելու համար, թե՞ այն գործելու է միայն մայր գումարի համար:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031