Լրահոս
Օրվա լրահոսը

«Միացումը» մնում է օրակարգում

Օգոստոս 09,2019 12:00
Nikol pashinyan stepanakert

Սկիզբը՝ այստեղ

Փաշինյանի ստեփանակերտյան ուղերձն՝ առանց Ադրբեջանի մասին հիշատակման ու Ղարաբաղյան շարժման զարթոնքի գլխավոր կարգախոսով

Օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Նիկոլ Փաշինյանն իր ելույթի մեխը դարձրեց համահայկականության գործոնը՝ Արցախի կենտրոնական հրապարակից ողջունելով աշխարհի բոլոր հայերին եւ հիշեցնելով 1988թ. կարգախոսը, որը հնչել էր այդ հրապարակում՝ «Մի-ա-ցում…»։

1988-ից հետո Հայաստանի եւ Արցախի իշխանությունների մասնակցությամբ հանրահավաքի շեշտադրումներն, անշուշտ, կունենան ազդեցություն ղարաբաղյան կարգավորման ապագայի վրա, վստահաբար՝ պաշտոնական Բաքվի դիրքորոշման վրա:

Խոսելով անցյալ տարի գարնանը Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանում նոր իրողությունները պետք է իրենց ուղղակի ազդեցությունն ունենան Սփյուռքի եւ Արցախի կյանքի վրա։ Նա նկատեց, որ՝ «հեղափոխության օրերին Արցախը կարողացավ ամուր եւ կայուն պահել առաջնագիծը, աննկարագրելի զորություն եւ վստահություն տվեց Հայաստանին, հեղափոխությանը, որովհետեւ առաջնագծում տեղի ունեցած ցանկացած սադրանք կարող էր գլխիվայր շրջել Հայաստանում քաղաքական զարգացումների տրամաբանությունը եւ բերել անկանխատեսելի հետեւանքների։ Հեղափոխության այդ օրերին, ըստ էության, դերերի խորհրդանշական փոփոխություն տեղի ունեցավ։ Եթե հեղափոխությունից առաջ եւ հետո Հայաստանի Հանրապետությունն է կանգնած Արցախի թիկունքին, 2018թ. գարնանը Արցախը կանգնեց Հայաստանի եւ հեղափոխության թիկունքին՝ ամուր պահելով այդ թիկունքը եւ մեծ ուժ տալով հեղափոխության գործընթացներին»։ Նրա պարզաբանմամբ՝ «ժողովրդական հեղափոխություն, պետք է հասկանալ համահայկական հեղափոխություն», ապա հավելեց, որ՝ «համահայկական հեղափոխություն նշանակում է, որ հեղափոխությունը տեղի է ունեցել ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլեւ համայն հայության շրջանում, համայն հայության մեջ։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ հեղափոխության արժեքները համահայկական արժեքներ են, եւ այդ արժեքների շարունակական ինստիտուցիոնալ արմատավորումը հայության շրջանում մեզ կրկին դնելու է աշխարհի առաջատար ժողովուրդների շարքում։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ հեղափոխությունը տեղի է ունեցել, բայց չի ավարտվել, որովհետեւ արժեքների հաստատումը, ամրագրումը, մարսումը տեւական քաղաքական պրոցես է, որը շարունակվում է եւ դեռ պիտի շարունակվի Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում»։

Նա կարեւորեց երկար տարիներ գերիշխած հատվածականության փոխարինումը՝ համահայկականությամբ. «Սա առաջին հերթին նշանակում է, որ մենք պետք է հրաժարվենք այն մտածելակերպից, երբ իրար բաժանում ենք ղարաբաղցիների, իջեւանցիների, գյումրեցիների, սփյուռքահայերի։ Սա ամենեւին չի նշանակում, թե մենք պետք է հրաժարվենք մեր ծննդավայրից, նրա նկատմամբ մեր ունեցած զգացմունքներից։ Դա ընդամենը նշանակում է, որ մեզնից յուրաքանչյուրի համար մեր ծագումը պետք է լինի մեզ համայն հայության մաս դարձնող եւ ոչ թե նրանից անջատող, նրանից առանձնացնող գործոն։ Մի-ա-ցում, մի-ա-ցում»։

Հայաստանի զարգացման ստրատեգիական նպատակների իրագործման շուրջ հայկական ներուժի կենտրոնացումը կարեւորելով, նա հայտնեց, որ Հայաստանի կառավարությունն արդեն երկար ժամանակ աշխատում է Հայաստանի երկարատեւ զարգացման մեգանպատակների շուրջ եւ առանձնացրեց այն խնդիրների լուծումը, որը Հայաստանը պետք է կարողանա լուծել մինչեւ 2050 թվականը, եւ թվարկելով դրանք՝ շեշտեց, որ Արցախի մասին ոչինչ ասված չէ՝ «որովհետեւ Արցախը Հայաստան է եւ վերջ»։

Ռազմավարական նպատակների իրագործումը՝ «համահայկական օրակարգի ողնաշար» համարելով, նա նշեց, որ այն, ինչ հնարավոր է իրականացնել՝ այլեւս հետաքրքիր չէ. «Մեզ հետաքրքիր է այն, ինչի իրականացումը բոլորը համարում են անհնար, որովհետեւ հայ ժողովուրդն անհնարինն իրականացնող ժողովուրդ է։ Եթե 1988 թվականին այս հրապարակում հավաքված մարդիկ մտածեին՝ հնարավո՞ր է, արդյոք, ազատագրել Արցախը, եթե այսպիսի հարց դնեին, շատերն այն ժամանակ էլ ասում էին՝ այդ ինչի՞ հետեւից եք ընկել, դա հնարավոր չէ, բայց այսօր այստեղ՝ 2019թ. օգոստոսի 5-ին, մենք իրար հետ կանգնած ենք Արցախի Վերածննդի հրապարակում եւ արձանագրում ենք, որ այո՛, հայ ժողովուրդը վերածնվել է, եւ հայ ժողովուրդը պետք է հաղթի»։

Այնուհետեւ նա պարզաբանեց, որ համահայկականության առաջարկվող տրամաբանությունն իսկապես կարող է գոյություն ունենալ եւ արդյունավետ լինել, եթե հենվենք համահայկական մի քանի առանցքային կոնսենսուսների վրա եւ այդ հարցերում արձանագրենք մեր ազգային համերաշխությունը: Կոնսենսուսներից մի քանիսը վերաբերում էին Արցախին եւ հակամարտության կարգավորմանը:

Հատկանշական է, որ Փաշինյանը չափազանց կարեւորեց Արցախում սպասվող նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացումը ազատ, մրցակցային, ժողովրդավարական միջավայրում եւ ժողովրդի ազատ կամարտահայտման իրական երաշխիքների ապահովմամբ եւ ընդգծեց, որ Հայաստանը, ըստ այդմ, պետք է հանդես գա եւ հանդես կգա որպես Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման եւ այդ կամարտահայտման միջոցով լեգիտիմ իշխանության ձեւավորման երաշխավոր։

Հաջորդ կարեւոր արձանագրումը հետեւյալն էր՝ Հայաստանի եւ Արցախի, հայ ժողովրդի ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է. «…եւ բոլոր այն ուժերը, ովքեր կփորձեն օտար ուժերի ներգրավել ներհայկական, ներհայաստանյան հարցեր լուծելու համար, բոլոր այն ուժերը, ովքեր մեր երկրում հանդես կգան որպես օտարերկրյա շահերի ներկայացուցիչ, պիտի արժանանան եւ կարժանանան հայ ժողովրդի եւ նրա լեգիտիմ ներկայացուցիչ Հայաստանի կառավարության ամենակոշտ հակազդեցությանը»։

Ինչ վերաբերում է ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացին, ապա Փաշինյանն ընդգծեց, որ նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը. «Բանակցությունների արդյունքում Հայաստանի եւ Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որեւէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում եւ Արցախում ժողովրդական հավանության դեպքում»: Այս համատեքստում նա կարեւոր համարեց մեկ շեշտադրում էլ անել. «Հատկապես այս սկզբունքը կարեւոր եմ համարում ընդգծել՝ ցույց տալու համար, որ անիմաստ է, ուղղակի անիմաստ է Հայաստանի գործող կառավարությանը կասկածել Արցախի դեմ որեւէ հնարավոր դավադրության մեջ։ Դավադրությունը բացառված է հենց մեր կառավարության ծագումնաբանության բերումով։ Մենք Արցախի հարցի կարգավորման բանակցային սեղանի շուրջ հայտնվել ենք որպես ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ եւ, հետեւաբար, այդ բանակցային սեղանի շուրջ կարող ենք պաշտպանել միայն ժողովրդի ցանկություններն ու իղձերը, հենվել միայն ժողովրդի ցանկությունների եւ իղձերի վրա, դառնալ ժողովրդի ցանկությունների եւ իղձերի արտահայտողը»։

Նա ընդգծեց, որ այն, ինչ հայտարարել է 2019թ. մարտի 12-ին՝ Ստեփանակերտում տեղի ունեցած Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում եւ հուլիսի 17-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, շարունակելու են մնալ Արցախի հարցի բանակցային գործընթացում հայկական կողմի գործողությունների առանցքը։ «Եվ չնայած Արցախի հարցի խաղաղ կարգավորումը մեզ համար սկզբունքային նշանակություն ունի, եւ մենք լիարժեքորեն նվիրված ենք հարցի խաղաղ կարգավորման տրամաբանության, Արցախի եւ Հայաստանի անվտանգությունը մեր զինված ուժերի մարտունակության շարունակական բարձրացման միջոցով մեզ համար մնում է բացարձակ առաջնահերթություն։ Իհարկե, մեծաքանակ եւ մարտունակ զինված ուժեր ունենալը մեր երկրի, մեր բյուջեի ծախսային մասում հսկայական տեղ ունի, եւ շատերը դա համարում են էական խոչընդոտ մեր երկրի տնտեսության զարգացման համար։ Բայց մեզ համար չափազանց կարեւոր է արձանագրել այն հայեցակարգային փոփոխությունը, որ իրականացրել է մեր կառավարությունը։ Ըստ այդմ, մարտունակ բանակ ունենալու տեսլականը մեր երկրի տնտեսության զարգացման ոչ թե խոչընդոտ, այլ խթան պիտի հանդիսանա»,- ասաց Փաշինյանը։

Հատկանշական է, որ եթե նախորդ ելույթներում Փաշինյանը, խոսելով ղարաբաղյան կարգավորման գործընթացի մասին՝ մշտապես նշում էր, որ կարգավորումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար, այս անգամ նա Ադրբեջանը չհիշատակեց: Նախկինում մի քանի անգամ արդեն արձանագրելով, որ նմանատիպ հայտարարություններ այդպես էլ չլսեցին Ադրբեջանի նախագահից, ըստ ամենայնի, Փաշինյանը Ստեփանակերտում հարկ չհամարեց հիշատակել ադրբեջանական հասարակության մասին:

Ընդհանուր առմամբ Փաշինյանը մի քանի քաղաքական նպատակներ լուծեց. Հայաստան-Արցախ միասնության իր պատկերացումներով նա ցույց տվեց, որ Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ պառակտումներ ինքը թույլ չի տալու, Հայաստանը երաշխավորելու է Արցախում կայանալիք հաջորդ ընտրությունները, ղարաբաղյան բանակցություններում ընդդեմ Արցախի ժողովրդի որեւէ լուծում բացառվում է իր իշխանավարման պայմաններում, ավելին՝ 1988-ից ղարաբաղյան շարժման զարթոնքի գլխավոր կարգախոսը՝ «միացումը» ուժի մեջ է:

Սկիզբը՝ այստեղ

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 08.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031