Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողներն ու մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները շարունակում են ապօրինի ծառահատման դեպքերը բացահայտելուն ուղղված ուժեղացված ծառայությունը։ Միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մի շարք հատվածներում տեղակայվել են հենակետեր, որտեղ ոստիկանության ծառայողները ստուգման են ենթարկում բոլոր կասկածելի մեքենաները, մեծամասամբ՝ բեռնատար։ Կանխարգելիչ միջոցառումներից զատ Տավուշի ոստիկաններն իրականացնում են նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ իրացնելով դրանց արդյունքում ձեռք բերած օպերատիվ տվյալները։
Օգոստոսի 7-ին ոստիկանության Իջևանի բաժնում արձանագրվեց հերթական բացահայտումը։ Բաժնի քրեական հետախույզները նոր տեղեկություններ էին ստացել, որ Գանձաքար գյուղում գտնվող փայտամշակման արտադրամասում ապօրինի փայտանյութ կա։ Տեղեկությունները հավաստի էին։ Արտադրամասում հայտնաբերվեցին տարբեր չափերի 12 խորանարդ մետրից ավելի կողահատ տախտակներ, տարբեր տրամաչափի 15 գերան, ինչպես և «Կամազ» մակնիշի երկու բեռնատար, որոնք բարձված էին գերաններով։ Արտադրամասի սեփականատերը հայտնաբերվածի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Բեռնատարարերը տեղափոխվել են ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ արտադրամասի գործունեությունը կասեցվել է։
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, որի շրջանակներում էլ իրականացվում է մասնագիտական ստուգում։
Ապօրինի ծառահատումների դեմ ոստիկանության անզիջում պայքարը ամենօրյա է։ Միջոցառումները շարունակվում են։
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն