Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղեւորին դանակով վնասած գրպանահատին բաց են թողել, նա ազատության մեջ է. Մարդասիրական օրենք՝ գրպանահատների համար

Օգոստոս 08,2019 18:07

Քանի որ սոցցանցերում, մամուլում ակտիվորեն քննարկվում է գրպանահատների հարցը, այսօր ոստիկանությունը ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու գրպանահատության դեմ իրենց կատարած քայլերը: Ոստիկանության շտաբի տեսչական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հակոբ Պետրոսյանն ասաց, որ այս տարվա առաջին կիսամյակին գրպանահատությունների դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 70 դեպքով. «Գրպանահատության շուրջ 95 տոկոսը կատարվում է Երեւանում, առավել մեծ տարածում ունի Կենտրոնի, Արաբկիրի եւ Մալաթիա-Սեբաստիայի շրջաններում: Հայտնաբերված գրպանահատների 90 տոկոսի դեպքերում քրեական հետապնդում չի իրականացվում»:

Պետրոսյանն ասաց, որ գրպանահատների համար իրենց «գործը» արհեստ է. «Դա կատարում են՝ որպես արհեստ, մշտական զբաղմունք ու բարձր է այս հանցատեսակի քրեաբանական ռեցիդիվը»: Ոստիկանության գնդապետը կոչ արեց, որ գրպանահատների զոհը դառնալու դեպքում անպայման դիմեն ոստիկանություն ու բողոք գրեն. «Գրպանահատներն իրենց ցուցմունքներում նշում են, որ նմանատիպ դեպքեր կատարում են՝ ֆինանսական իրենց խնդիրները լուծելու, նաեւ փաստաբանական ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու համար: Կա որոշակի առկա խնդիր, հափշտակության այս տեսակը հիմնականում որակվում է կա՛մ որպես մանր գողություն, դա մինչեւ 5000 դրամի հասնող գողության դեպքերն են, իսկ մինչեւ 500 հազարի հասնող գողության դեպքերը գողության հասարակ տեսակ են որակվում՝ ՔրՕրի 177 հոդվածի 1-ին մասով: Այսօրվա քրեադատավարական կարգավորումներով գողության այս տեսակը, ցավոք սրտի, դեռեւս դասվում է մասնավոր մեղադրանքի գործերի շարքին, ինչը ինքնին դժվարացնում է ոստիկանության աշխատանքները: Մասնավոր մեղադրանքի գործերը հարուցվում են միայն տուժողի բողոքի հիման վրա: Եթե չկա տուժողի բողոք, քրեական հետապնդում չի կարող իրականացվել, պետք է գործը կարճվի: Ունենք դեպքեր, որ քրեական գործի վարույթը, եթե չկարճվի անգամ, պետք է հաշվի առնենք, որ 10 տոկոս դեպքերում է ուժի մեջ մտնում դատավորի մեղադրական վճիռը, մեղադրական դատավճիռն էլ, ինչքան էլ խիստ լինի, չի կարող գերազանցել 2 տարի ազատազրկումը: Մարդասիրական օրենսդրի այս մոտեցումը որոշակի բացասական էֆեկտ է ունենում: Նախատեսված պատիժը կրող քաղաքացիները, եթե անգամ դատապարտվում են մինչեւ 2 տարի՝ առավելագույն ժամկետով, շատ արագ հայտնվում են նորից ազատության մեջ ու նորից է իրենց համար հնարավորություն ստեղծվում այս գործունեությամբ զբաղվել: Պատժի խստացման անհրաժեշտություն ունենք»:

Արդարադատության նախարարությունը ներկայումս Քրեական եւ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխությունների նախագիծ է մշակել, որով գրպանահատությունը կորակվի արդեն ոչ թե մասնավոր մեղադրանք, այլ՝ հանրային: Այս դեպքում, եթե անգամ տուժողը չբողոքի, հնարավոր չի լինի գործը կարճել ու արժանի քրեաիրավական գնահատական կտրվի արարքին:

Ֆեյսբուքում բարձրացված աղմուկից, օգտատերերի գրառումներից այնպիսի տպավորություն էր, որ ոստիկանությունն անգործության է մատնված, մինչդեռ Հակոբ Պետրոսյանը վստահեցրեց, որ Երեւանում մասնագիտացված բաժին է գործում գրպանահատության դեմ ու ամենօրյա, ամենժամյա աշխատանք են տանում:

Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության պետի տեղակալ Հարություն Անոյանն ասաց, որ այս տարի Երեւանում բացահայտվել է գրպանահատության 518 դեպք, 334-ը բացահայտվել է, իսկ 2018-ից մինչեւ առ այսօր արձանագրվել է 363 դեպք, բացահայտվել 179-ը:

Սոցցանցերում լայն արձագանք գտած դեպքերին նույնպես անդրադարձան: Կոնկրետ թիվ 70 երթուղայինում Aravot.am-ի լրագրողի արձանագրած դեպքի մասին խոսելով՝ Անոյանն ասաց, որ գրպանահատը հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել, տուժողը հրաժարվել է հաղորդում տալուց, իսկ հետագայում նաեւ բողոքից, քանի որ գողոնը վերադարձվել է:

Իսկ ինչ վերաբերում է այն դեպքին, երբ նույն գրպանահատը այս անգամ էլ 44 համարի երթուղայինում էր փորձել գողություն անել ու դանակով վնասել էր ուղեւորներից մեկին, նրան նորից բերման են ենթարկել, նախապատրաստվում են նյութեր:

Aravot.am-ի հարցին՝ ուղեւորին վնասած այդ սպիով գրպանահատին, որին բերման էիք ենթարկել, ի՞նչ է կիրառվել նրա նկատմամբ: Ոստիկանության գնդապետը պատասխանեց, որ ստորագրությամբ բաց են թողել, նշանակվել է փորձաքննություն: Այսինքն, ուղեւորի մատը վնասելու դեպքում էլ խափանման միջոցը կալանքը չի կիրառվել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աննա says:

    Ու՞մ մտքով կանցներ,որ այսքան գեղեցիկ արտաքինով,խնամված ու կոկիկ հագնված երիտասարդները <>գողեր են: Շատ եմ ցավում,իսկ նրանք,իսկապես,շատ հմայիչ երիտասարդներ են…..միայն արտաքինից:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031