Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկություն չունի, որ տնտեսագիտական համալսարանից 200 դասախոս հնարավոր է գործազուրկ մնան: Այսօր այս մասին նախարարն ասաց կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում:
«Նրանք մրցույթի արդյունքների վերաբերյալ դիմել են դատարան, իրավական գործընթաց է, խնդիրը կկարգավորվի օրենքի սահմաններում: Որեւէ խնդիր չեմ տեսնում»:
Դիտարկմանը, որ դասախոսները պնդում են, թե բուհում անառողջ մթնոլորտ է, նախարարն ասաց. «Այդ բուհում առողջացման գործընթացներ են գնում»:
Պետական տնտեսագիտական համալսարանի մի խումբ դասախոսներ հայտարարել են, որ համալսարանում մշակված գիտամանկավարժական կազմի ընտրության եւ տեղակալման կարգը ոչ մի կապ չունի այսօրվա գործող օրենքի հետ, եւ այդ կարգի հիման վրա ապօրինի մրցույթ է հայտարարվել: Ռեկտորն այս առնչությամբ պարզաբանում է տվել Aravot.am-ին:
Կարդացեք նաև
«Բողոքողներից մեկը ժամանակին ցանկանում էր ռեկտոր դառնալ: Հիմա ռեկտորն այլ մարդ է դարձել, ու այդ ուղղությամբ են գնում», -ասաց Հարությունյանը: Նա վստահեցրեց. «Ես ունեմ տեղեկություն, որ տեղի է ունեցել մրցույթ, նոր կարգ է սահմանվել, ըստ որի, այսպես ասած՝ լավագույն դասախոսները կշարունակեն դասավանդել: Առհասարակ բուհերում ունենք ուռճացված աշխատակազմեր եւ գուցե ռեկտորն այդ ուղղությամբ աշխատանք է տանում»:
Նախարարը նկատեց՝ բուհերն ունեն բավականին մեծ ինքնավարություն. «Հիմա նույն տնտեսագիտականը ՊՈԱԿ-ից վերածվում է հիմնադրամի, որպեսզի էլ ավելի մեծ ինքավարություն եւ ակադեմիական ազատություն ունենան: Պետք է նման հարցերը ներսում լուծվեն, եթե չէ, գնան դատարան: Հիմա այդ ճանապարհով են գնում»:
Նախարարը վստահեցրեց՝ պատրաստ է վաղը հանդիպել այդ դասախոսների հետ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ