Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ամուլսարի հանքի հետ կապված միջազգային փորձագիտական ընկերության եզրակացությունը հայտնի կդառնա մյուս շաբաթ

Օգոստոս 08,2019 15:44

Վարչապետին պարզաբանումներ են ներկայացվել Ամուլսարի ծրագրի միջազգային փորձաքննության վերաբերյալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Քանի որ մամուլում լայնորեն քննարկվում է, կցանկանայի Քննչական կոմիտեի նախագահ պարոն Գրիգորյանը մեզ տեղեկություններ տար, թե ի՞նչ ընթացքի մեջ է Ամուլսարի հանքի հետ կապված գործը, մեզ տվյալ դեպքում ավելի շատ հետաքրքրում է հրավիրված միջազգային փորձագիտական ընկերության եզրակացությունը: Արդյո՞ք, ի վերջո, այդ եզրակացությունը վերջնականորեն պատրաստ է և կարող է արդյոք կառավարությունը դա ունենալ, որպեսզի մենք քննարկենք և հիմնվելով այդ եզրակացության վրա՝ մեր հետագա անելիքները որոշենք:

Քննչական կոմիտեի նախագահ – Շնորհակալություն:

Քննչական կոմիտեի ՀԿԳ գլխավոր վարչությունում 2018թ. հուլիսի 20-ին քրեական օրենսգրքի 282 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ ընկերության կողմից Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները Բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ: Ամուլսարի հանքավայրի շահագործման հետևանքով շրջակա միջավայրի՝ հող, օդ, ջուր, բուսական և կենդանական աշխարհ, դրանց վրա վնասակար ազդեցության ռիսկերի, դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների հիմնավորվածության, ինչպես նաև ներկայացված շրջակա միջավայրի ազդեցության, բնապահպանական սոցիալական ազդեցության գնահատման հաշվետվությունների անկախ փորձագիտական գնահատման նպատակով Քննչական կոմիտեի կողմից 2018թ. նոյեմբերի 8-ին հայտարարվել է երկու փուլով միջազգային հավատարմագրված կազմակերպություններին նախաորակավորման ընթացակարգ: Նույն օրը համապատասխան հայտարարությունը տեղադրվել է Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում: Նշված հայտարարությունը տեղադրվել է նաև www.devex.com կայքում: Միջազգային մրցույթին մասնակցելու հրավերներ են ուղարկվել տվյալ ոլորտի միջազգային կազմակերպություններին:

2019թ. հունվարի 19-ին մրցութային հանձնաժողովի կողմից ամփոփվել են մրցույթի արդյունքները և որոշվել է նախապատվությունը տալ «Էլարդ» ընկերությանը:

2019թ. փետրվարի 21-ին թիվ 148 որոշմամբ Քննչական կոմիտեին 2019թ. պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից հատկացվել է 396 հազար ԱՄՆ դոլար` «Էլարդ» ընկերության հետ պայմանագիր կնքելու և հետագա գործընթացները կազմակերպելու նպատակով: 2019թ. մարտի 15-ին Քննչական կոմիտեի և «Էլարդ» ընկերության միջև կնքվել է համապատասխան պայմանագիր: Մարտի 18-ին քրեական գործով նշանակվել է էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է «Էլարդ» ընկերության փորձագետների խմբին: Վերջիններս ձեռնամուխ են եղել փորձաքննության իրականացմանը: Համալիր փորձաքննության շրջանակում միջազգային փորձագիտական խմբի կողմից իրականացվել է ջրային ռեսուրսների վրա ազդեցության գնահատում, Սևանա լիճը, Սպանդարյան–Կեչուտ թունելը և ջրամբարը, Արփա, Դարբ և Որոտան, Ջերմուկի աղբյուրները, ստորգետնյա ջրային ավազանները: Երկրաբանության ազդեցության վրա գնահատում, կենսաբազմազանության վրա ազդեցության գնահատում, օդի որակի վրա ազդեցության գնահատում՝ համալիր փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ առաջ քաշված թվով 15 հարցերի օբյեկտիվ պարզաբանում:

Փորձագետների խումբը Հայաստանի Հանրապետություն առաջին այցելությունն իրականացրել են 2019թ. մարտի 26-30-ը: Մարտի 27-ին ես ընդունել եմ փորձագիտական խմբին: Հանդիպման ընթացքում կետ առ կետ քննարկվել են Ամուլսարի ոսկեբեր քվարցետային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության կատարման ժամկետները և գործողությունների հաջորդականությունը: Ձեռք է բերվել պայմանավորվածություն փորձաքննության նախնական եզրակացությունը ստանալ 2019թ. մայիսի 31-ին: Մարտի 28-ին Քննչական կոմիտեում համաձայն նախապես կազմված օրակարգի՝ վարույթն իրականացրած մարմնի գլխավորությամբ տեղի են ունեցել հանդիպում-քննարկումներ փորձագիտական խմբի և տեղական փորձագետների, Բնապահպանության նախարարության, Գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչների, ոլորտի այլ մասնագետների և այլ կառույցների ներկայացուցիչների հետ: Նույն օրը Քննչական կոմիտեում «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի փորձագետներին ներկայացրել է Ամուլսարի նախագծի երկրաբանության և ջրային ռեսուրսների վերաբերյալ պրեզենտացիան:

Փորձագիտական խումբը մարտի 29-ին վարույթն իրականացնող մարմնի գլխավորությամբ այցելել է Ամուլսար ոսկեբեր քվարցետային հանքավայր, այնուհետև հանքի ապարների ստուգման, երկրաբանական փորձանմուշների նախապատրաստման և մշակման լաբորատորիա: Նույն օրը երեկոյան փորձագիտական խմբի հետ ամփոփվել են նախորդ օրերին կատարված աշխատանքները: Կոնկրետ ուղղություններով տեղեկատվության փոխանակման շուրջ ձեռք է բերվել պայմանավորվածություններ: Փորձագետների խումբն ապրիլ-մայիս ամիսներին ներկայացրել է մեկական գործողությունների պլան, իսկ յուրաքանչյուր ամիսը մեկ ընթացիկ հաշվետվություն կատարված աշխատանքների, տրամադրված փաստաթղթերի, փաստաթղթային բացերի և հետագա հաշվետու ժամանակահատվածում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ: Մայիսի 15-ին ներկայացված ընթացիկ հաշվետվությամբ արձանագրվել է, որ որևէ փաստաթղթային բաց կամ պակասող տվյալներ չկան փորձաքննությունը լիարժեք կատարելու և մայիսի 31-ին նախնական եզրակացությունը, ըստ պլանավորված ժամկետի, ներկայացնելու համար:

Փորձագիտական խմբի պահանջով «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից տրամադրվել են «Գոլդեր» ընկերության սեփականություն հանդիսացող ջրային մոդելների վերաբերյալ շուրջ 112 ֆայլեր, որոնց ուսումնասիրման համար պահանջվել է լրացուցիչ ժամանակ, ինչի կապակցությամբ փորձագիտական խումբը վարույթն իրականացնող մարմնին տեղեկացրել է, որ մայիսի 31-ին կներկայացվի մասնակի նախնական եզրակացություն, իսկ այնուհետև հունիսի 14-ին թարմացված ամբողջական՝ դարձյալ նախնական եզրակացություն: Համալիր փորձաքննության որոշման կայացումից անմիջապես հետո մարտ-ապրիլ ամիսների ընթացքում փորձագիտական խմբի հետ վարույթն իրականացնող մարմնի կողմից իրականացվել է ամենօրյա նամակագրական կապ: Նշված ժամանակահատվածում՝ 2-5 օր պարբերականությամբ, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ից պահանջվել է և վարույթն իրականացնող մարմնի միջոցով օպերատիվ կերպով փորձագետներին տրամադրվել են փորձաքննությանն առնչվող թղթեր, ինչպես նաև փորձագետների կողմից առաջադրված առանձին հարցերի պատասխաններ: Բացի այդ, պարբերաբար փորձագետների հետ ճշտվել և թարմացվել է տրամադրվող ելակետային տվյալների բազան, կատարվել են ճշտումներ: Ընդհանուր առմամբ ողջամիտ ժամկետներում «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից վարույթն իրականացնող մարմնի միջոցով փորձագետներին տրամադրվել է փորձագետների կողմից պահանջված շուրջ 300 անուն փաստաթղթեր և ելակետային տվյալներ, որից միայն փաստաթղթերը կազմել են շուրջ 20 հազար թերթ:

Այդ ամենը, պարոն Վարչապետ, պետք էր թարգմանել անգլերենից-հայերեն, հայերենից-անգլերեն և hունիսի 27-ին փորձագետների խմբի և «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների միջև Քննչական կոմիտեում վարույթն իրականացնող մարմնի մասնակցությամբ տեղի է ունեցել կոնֆերանս-տեսազանգ: Նույնօրինակ կոնֆերանս-տեսազանգ օդի որակի և կենսաբազմազանության թեմայով տեղի է ունեցել 2019թ. հուլիսի 1-ին:

Հունիսի 28-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունը ներկայացրել է երկրաբանության և ջրային ռեսուրսների վերաբերյալ նախնական եզրակացություն իր մեկնաբանություններն ու պարզաբանումները: Նույն օրը փորձագետները «Լիդիան Արմենիա» ընկերության պարզաբանման են ուղարկել 12 լրացուցիչ հարցեր, որոնք պատասխանվել է հուլիսի 3-ին, իսկ հուլիսի 4-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունը ներկայացրել է կենսաբազմազանության և օդի որակի վերաբերյալ նախնական եզրակացության իր մեկնաբանություններն ու պարզաբանումները: Այս ընթացքում նախնական եզրակացության վերաբերյալ մեկնաբանություններ են ներկայացրել նաև վարույթն իրականացնող մարմինը և Շրջակա միջավայրի նախարարությունը: Այնուհետև փորձագետների խումբը հայտնել է, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը՝ որպես փորձաքննության կողմ ներգրավմամբ, լրացուցիչ տեղեկություններ ուսումնասիրելու անհրաժեշտությամբ պայմանավորված վերջնական եզրակացությունը տրամադրելու է հուլիսի 22-ին:

Համալիր փորձաքննության վերջնական եզրակացությունը ներկայացվել է հուլիսի 22-ին: Այն բաղկացած է եղել 188 թերթից և 2 հավելվածից: Ընդհանուր փաստաթղթերի թերթերի քանակը կազմում է 237 թերթ: Վերջնական եզրակացությունը, հավելված փաստաթղթերով օգոստոսի 6-ի դրությամբ Քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից ամբողջությամբ թարգմանված է հայերեն լեզվով՝ խմբագրված է: Թարգմանության ծավալը կազմում է 341 թերթ: Վերջնական եզրակացությունը՝ վերջնական սրբագրված, 2019թ. օգոստոսի 7-ին վաղ առավոտյան փորձագետների կողմից ուղարկվել է վարույթն իրականացնող մարմնին և դրա համապատասխան հայերեն թարգմանությունը վերջնական սրբագրվում է:

Շնորհակալություն պարոն Վարչապետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պարոն Գրիգորյան, հիմա արդեն սրբագրված վերջնական տարբերակը դուք ե՞րբ կարող եք տրամադրել կառավարությանը, որպեսզի մենք դա քննարկենք և կողմնորոշվենք մեր հետագա անելիքներում:

Քննչական կոմիտեի նախագահ – Պարոն Վարչապետ, կարծում եմ առավելագույնը երկուշաբթի կամ երեքշաբթի, որովհետև մենք վերջնական սրբագրված տարբերակը ստացել ենք երեկ՝ վաղ առավոտյան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Եկեք պայմանավորվենք, հարգելի գործընկերներ, որ մենք կստանանք այդ եզրակացությունը: Պարոն Պապիկյան, Ձեզ դա ուսումնասիրելու, ծանոթանալու բովանդակության համար ինչքա՞ն ժամանակ է պետք: Այսինքն` մյուս շաբաթ մենք արդեն պետք է որոշակի գոնե նախնական կողմնորոշում ունենանք, թե ինչ ենք անելու:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար – Պարոն Վարչապետ, նախնական եզրակացությանն արդեն ծանոթ ենք այնքանով, ինչքանով հասանելի է եղել ինֆորմացիան: Կարծում եմ այն նոր բաները, որ պիտի հնչի, կհասցնենք դրան մինչև երեքշաբթի օրը պատրաստվել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ, դա ենթադրում է, որ այնտեղ հավելյալ հարցեր չեն ծագի չէ, այսինքն` բոլոր այն հարցերը, որ ենթադրաբար և՛ կառավարությանը, և՛ Քննչական կոմիտեին հետաքրքրում են, բոլոր այդ հարցերին պատասխաններ տրված են: Նկատի ունեմ ինչ պոտենցիալ կա, որ կարող են հավելյալ հարցեր ծագեն:

Քննչական կոմիտեի նախագահ – Պարոն Վարչապետ, նախնական եզրակացությունները երբ ստացել ենք, մենք իրենց մի քանի անգամ հրավիրել ենք, փորձաքննությանը ներգրավվել ենք նաև «Լիդիան Արմենիա» ընկերության մասնագետներին: Այսինքն` մենք հնարավորություն ենք տվել, որպեսզի կողմերը կարողանան միմյանց հնարավորություն ունենան հարցեր տալու, իրենց նկատառումները կիսվելու և այլն: Կարծում եմ, որ լրացուցիչ հարցեր այլևս չեն առաջանա, քանի որ մինչև վերջնական եզրակացություն տալը, պարբերաբար մեզ մոտ այդ հարցերն առաջանում էր, այդ իսկ պատճառով էլ փորձաքննությունը երկարաձգվել է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այդ եզրակացությունը հրապարակման ենթակա չի՞:

Քննչական կոմիտեի նախագահ – Պարոն վարչապետ, Քրեական դատավարության օրենսգրքի դրույթների համաձայն մենք պարտավոր ենք կողմերին ծանոթացնել փորձաքննության որոշմանը և ծանոթացման արձանագրությունում ներառել նրանց նկատառումները, միջնորդությունները, հայտարարությունները և այլն: Կարծում եմ, որ այդ քննչական դատավարական գործողությունից հետո որևէ բան չի խանգարում այն հրապարակելուն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Քանի որ այստեղ հանրային մեծ հետաքրքրություն կա, պետք է հանրությունն էլ իրազեկված լինի, թե մենք ինչ փաստաթուղթ ունենք, որպեսզի մեր գործողություններն էլ հասկանալի և թափանցիկ լինեն: Շատ լավ, պայմանավորվեցինք:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031