Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն ասաց, որ բջջային կապի ոլորտում սակագների էական նվազումներ կլինեն Հայաստանում եւ Արցախում։ Նա ասաց, որ սակագները բարձր են եւ պարբերաբար իջեցնելու են. «Օգոստոսի 1-ից ունենք իջեցում Բիլայնի եւ Յուքոմի մասով»:
Բաղրամյանի խոսքերով՝ եկող տարի հունվարի 1-ից Արցախից ելքային զանգերը 38 դրամից կնվազեն մինչեւ 29 դրամ, 2021 թվականի հունվարի 1-ից՝ 27 դրամ կդառնան. «Մուտքային զանգերը 25 դրամից կնվազեն մինչեւ 15, այնուհետեւ՝ 13 դրամ։ Էական նվազեցումներ կլինեն ինտերնետի սակագների հարցում. գործող 45 դրամը հունվարի 1-ից կդառնա 22 դրամ»։
Դիտարկմանը՝ այսինքն` հնարավոր էր սակագներն իջեցնել, սակայն մենաշնորհային տնտեսավարողը նման բան չի արել եւ միլիոններ է աշխատել քաղաքացիների հաշվին, նա պատասխանեց. «Մենք այս պահին բանակցել ենք Արցախում կապի ոլորտում մենաշնորհ ունեցող ընկերության հետ, նաեւ մեր օպերատորների հետ, որովհետեւ փոխկապակցվածություն կա: Այսինքն, բացի այն, որ ռոումինգ ծառայության գներն են նվազում, նաեւ փոխկապակցման գներն են հաստատուն գրաֆիկով նվազելու՝ յուրաքանչյուր տարի 1 դրամով։ Վերջնական նպատակն է հասնել այն փոխկապակցման գնին, որոնք կան մեր օպերատորների միջեւ»:
Ճշգրտող հարցին՝ ռոումինգն ընդհանրապես վերանալո՞ւ է, Բաղրամյանը պատասխանեց. «Հասնելու ենք նրան, որ լինի վերջնական միասնական գին»։
Կարդացեք նաև
Նա տեղեկացրեց, որ առաջիկայում բանակցությունները շարունակվելու են և հուշագրի ստորագրման ժամանակ հայտնի են լինելու այդ ամենին հասնելու ժամկետները։
Արցախում, ըստ Բաղրամյանի, կատարվում են ներդրումներ, 3G ցանց են ներդնում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ