Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա Ծռերը» պահանջում են նաեւ հանել Արցախի մուտքերին տեղակայված մաքսակետ-անցակետերը

Օգոստոս 08,2019 13:09

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Արցախի տարածքում ռոումինգի և ինտերնետ ծառայությունների սակագների որոշակի նվազեցման վերաբերյալ, միաժամանակ նշելով, որ դրանք որոշակի պարբերականությամբ շարունակելու են նվազել՝ նպատակ ունենալով ի վերջո հաստատել միասնական համակարգ։ Այս քայլը գնահատելով որպես առաջընթաց, այդուհանդերձ արձանագրում ենք, որ նման մասնակի և զգուշավոր մոտեցումը խիստ անբավարար է և չի կարող ընդունելի լինել քաղաքական, սոցիալ-տնտեսական և ներազգային-բարոյական նկատառումներով։

Տարիներ ի վեր օպերատոր ընկերությունները բառիս բուն իմաստով կեղեքում են մեր ժողովրդին, չեն ուզում զսպել իրենց ագահ ախորժակը, չեն ուզում ձեռքը հանել Արցախում բնակվող մեր հայրենակիցների և, հատկապես՝ այնտեղ ծառայող մեր զինվորների ու նրանց հարազատների գրպաններից։ Ի դեպ՝ նշված սոցիալական խմբերի գերակշիռ մեծամասնությունն անապահով է, ուստի ոչ միայն իրավական ու բարոյական, այլև սոցիալական առումներով իրավունք ունի իր միասնական պետության տարածքում հավասար պայմաններով օգտվելու հեռախոսային և ինտերնետային ծառայություններից։

Արցախը հետնախորշ կամ գորշ զոնա չէ։ Ընդհակառակը՝ Արցախը պետք է առաջիկայում դառնա արտոնյալ վարչատնտեսական գոտի, որտեղ նաև նշված ծառայությունները պետք է մատուցվեն զեղչային տրամաբանությամբ։ Ներկայումս առկախելով տարիներ շարունակ մեր ժողովրդին բաժանած ու կեղեքած ընկերություններին ու պաշտոնյաներին պատասխանատվության կանչելու հարցը, Նիկոլ Փաշինյանից և Ստեփանակերտի իշխանիկներից պահանջում ենք Արցախի տարածքում մեկ քայլով վերացնել ռոումինգը և ՀՀ ամբողջ տարածքում սահմանել հեռախոսային ու ինտերնետ ծառայությունների սակագների միասնական համակարգ։

Նրանց հիշեցնում ենք նաև մեր մյուս պահանջները՝

– հանել Արցախի մուտքերին տեղակայված մաքսակետ-անցակետերը,

– Արցախում վերաբնակված մեր հայրենակիցներին սեփականության իրավունքով անհատույց կերպով հատկացնել տնամերձ և գյուղ. նշանակության հողատարածքներ,

– Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիներին տալ ՀՀ համապետական ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու ընտրական իրավունք։

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարության հաղորդագրությունը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031