Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան. Հեղափոխության արտահանումն Արցախի Հանրապետություն շատ վտանգավոր է ոչ միայն՝ Արցախի Հանրապետության, այլև՝ ՀՀ-ի համար. «168 ժամ»

Օգոստոս 08,2019 09:51

168.am-ի զրուցակիցն է արտակարգ և լիազոր դեսպան, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար, 1991-95թթ. և 1995-99թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանը:

– Պարոն Շահնազարյան, օրերս Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ բավականին ընդարձակ ելույթով, որն ըստ էության սկսեց «Միացում», «Արցախը Հայաստան է, և վերջ» ձևակերպումներով, որոնք այս օրերին լայնորեն քննարկվում են մեր մամուլում: Ինչպե՞ս եք գնահատում ելույթը և, մասնավորապես, այս ձևակերպումները:

– Երեք գնահատական տամ այդ ելույթին: Առաջին գնահատականը՝ անսահման պոպուլիզմ՝ ամբոխահաճություն, երկրորդ՝ բացարձակ անպատասխանատվություն, երրորդ՝ նոր վտանգներ Արցախի համար:

Չեմ ուզում անդրադառնալ նույնիսկ, թե ինչ նվաճումներ պետք է տեղի ունենան 2050 թվականին, դա իլֆպետրովյան ժանրից է, այդտեղ քաղաքագիտական որևէ բովանդակություն չեմ տեսնում: Հիշեք, թե ինչ էր ասում մոտ մեկ տարի առաջ՝ անցյալ տարի մայիսի 9-ին, ՀՀ վարչապետ դառնալուց հետո Ստեփանակերտ այցի ժամանակ, հետո ինչ էր ասում և այս ելույթում ինչ էր ասում, խիստ հակասող բաներ ասաց Փաշինյանը:

Նախ ասաց, որ բանակցային գործընթացում Արցախի ինքնորոշման իրավունքն է լինելու առաջնահերթ, բայց դրանից հետո անում է այն հայտարարությունը, որը նշեցիք, և որը բացարձակ պոպուլիզմ է: Դա և Արցախի ինքնորոշման իրավունք թեզերը խորը հակասության մեջ են մտնում:

Պատահական չէ, որ Ադրբեջանից այդքան աղմուկ բարձրացավ իշխանական մակարդակով, լրատվական մակարդակով, պահանջներ հնչեցին անհապաղ պատերազմ սկսելու: Պատճառն այն է, որ Ալիևի, եռանախագահողների հետ հանդիպելիս՝ նա մի բան է ասում, ՀՀ-ում՝ մեկ այլ բան, Արցախում՝ մեկ ուրիշ:

Կոնկրետ օրինակ. բազմիցս Փաշինյանը հրապարակել է այն անհեթեթ թեզը, որ Արցախյան հակամարտության ցանկացած կարգավորում պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների կամ հասարակությունների համար: Արցախում այդ բանը նա չասաց:

Արցախում նա ասաց՝ Արցախի և Հայաստանի կառավարությունների և ժողովուրդների համար: Սա նույնպես ուղղակի հարվածում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին: Ի՞նչ գործ ունի Հայաստանը: Նա մեկ տարուց ավելի բանակցում է, և եռանախագահողների որևէ հայտարարության մեջ նույնիսկ ակնարկ չկա, որ նման հարցեր բարձրացվում են:

Մյուս մտահոգիչ հանգամանքն այն էր, երբ նա հայտարարեց, թե որևէ մեկը թող չկասկածի, որ մենք բանակցային գործընթացում ինչ-որ զիջումներ ենք անելու: Ես բազմիցս հայտարարել եմ, որ ոչ թե կասկածում եմ, այլ ուղղակիորեն հայտարարել եմ, որ արդեն ոչ թե անելու է, այլ արել է:

Հիշո՞ւմ եք՝ նա հայտարարեց, որ մենք բանակցությունները սկսելու ենք ոչ թե նախորդ իշխանությունների թողած կետից, այլ մեր կետից: Այդ կետը բխում է Ադրբեջանի շահերից, և ողջ բանակցային գործընթացն է այդպես գնում: Անդրադառնալով ՀՀ ԱԳՆ արձագանքին Ադրբեջանի կոշտ հայտարարության վերաբերյալ, ասեմ, որ, հավանաբար, ԱԳՆ-ն մոռացել է, որ ՀՀ ԱԳ նախարարն աշնանը հերթական հանդիպումից հետո հայտարարել էր, թե ինքը ոգևորված է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ի, եռանախագահողների հետ համաձայնեցրին հայտարարություն, որն ամբողջապես, կրկնում եմ, Ադրբեջանի շահերից էր բխում:

Փաշինյանն արեց նաև շատ վտանգավոր հայտարարություն՝ խոսելով Արցախի Հանրապետությունում նախագահական ընտրությունների մասին: Նա ասաց, որ ՀՀ-ն է Արցախում ազատ և արդար ընտրությունների երաշխավորը: Սա հարված էր Արցախի սուվերենությանը, սա նշանակում է, որ ՀՀ կառավարությունը, այսինքն՝ Փաշինյանը, պետք է ընդունի ընտրությունների արդյունքները:

Շատ վտանգավոր հայտարարություն է: Ընդհանուր առմամբ, այս պոպուլիզմն Արցախի հարցում ոչ պակաս վտանգավոր է, քան Ադրբեջանի քաղաքականությունը:

– Ի՞նչ եք կարծում՝ «Միացման» կոչին անդրադարձն ի՞նչ հետևանքներ կունենա բանակցային գործընթացի վրա, որովհետև մեկնաբանություններ են հնչում, որ սա կարող է մինչև անգամ խզել բանակցային գործընթացը:

– Ադրբեջանին ինքն արդեն բազմաթիվ փաստարկներ է տվել, որոնց մասին ժամանակին հրապարակայնորեն խոսել եմ, որոնց շնորհիվ Ադրբեջանը կարող է միջազգային հանրության առաջ արդարացնել իր հարձակողական գործողությունները: Բանակցային գործընթացում Հայաստանը հայտնվել է մի այնպիսի իրավիճակում, որ երբեք չի եղել, երբ եռանախագահողները և Ադրբեջանը մի դիրքորոշում ունեն, իսկ ապակառուցողականը դարձել է Հայաստանը: Ամեն ինչ եկել է այդ օրակարգը փոխելուց:

Գիտեք՝ ես այդ ելույթից առաջ հարցազրույց էի տվել և նշել էի այն կետերը, որոնք պարտադիր պետք է ասվեին այդ ելույթում, որոնք ուղղված կլինեին ռացիոնալ դաշտ բանակցային գործընթացում վերադառնալուն, ինչպես նաև, երբ հայտարարվում է, թե Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի մաս, դա Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանություն է: Երբ ասվում է. «Արցախը Հայաստան է, և վերջ», հարվածում է Արցախի ինքնորոշմանը՝ լինելով ամբողջովին պոպուլիզմ:

Ցավոք սրտի, մամուլում քիչ է քննարկվում Արցախի նախագահ Բակո Սահակյանի ելույթը, դա լուրջ ելույթ էր, մեծ քաղաքական բովանդակություն ունեցող ելույթ էր՝ ի տարբերություն Փաշինյանի ելույթի, որում քաղաքական բովանդակությունն իսպառ բացակայում էր: Հստակ ծրագիր էր նշվում Բակո Սահակյանի ելույթում:

Նախ գնահատական տրվեց 1988 թվականի շարժմանը, ասվեց այն հստակ բանաձևը, որը բազմիցս ասվել է՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչում, հետո արդեն միացման հարց կարող է դրվել:

Ըստ էության Փաշինյանը հակասեց նաև Արցախի նախագահին:

Քաղաքական առումով Սահակյանի ելույթը դաս էր Փաշինյանին, որից նա հետևություն, կարծում եմ, չի անի, և հետո, ուզում եմ հիշեցնել, որ, ինչպես բանակցել են, այնպես էլ շարունակելու են բանակցել: Այսինքն՝ այն օրակարգով, այն քննարկումներով, որոնք ամբողջապես ձեռնտու են Ադրբեջանին: Սա, իհարկե, նոր վտանգներ է ստեղծում թե՛ ռազմական, թե՛ բանակցային գործընթացի առումով:

Ուրիշ հարց էլ կար այդ ելույթում: Կրկին խոսում էր օտարերկրյա գործակալների մասին: Եթե օտարերկրյա գործակալներ է փնտրում, թող նայի իր մերձակա շրջապատում այն ուժերին, որոնք նպաստել են անցյալ տարվա ապրիլին ՀՀ-ում տեղի ունեցած իշխանազավթմանը:

Ավելին ասեմ, այդ ուժերից մեկի ներկայացուցիչը՝ արտասահմանյան կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավարը, հայտարարեց, որ իրենք ամբողջովին աջակցել ու օժանդակել են իշխանափոխությանը և, այսպես կոչված, հեղափոխությանը: Սա լուրջ իրավական խնդիր է: Այնպես որ, այդ ուժերին ինքն իր շրջապատում կամ, կներեք, հայելու մեջ պիտի փնտրի՝ արտասահմանյան ազդեցություն ունեցող, այնտեղից կառավարվող և այնտեղի ծրագրերն իրականացնող:

– Ըստ Ձեզ՝ այդ պոպուլիզմի նպատակը ո՞րն էր:

– Այդ պոպուլիզմի նպատակն էր՝ ցույց տալ, որ ընտրությունների արդյունքն ինքը պետք է ճանաչի, ինչն ուղղակի միջամտություն էր Արցախի ներքին գործերին: Ես տեսնում եմ, որ ինքը շարունակում է առաջին օրվանից իր որդեգրած քաղաքականությունը, այսպես կոչված, հեղափոխության արտահանումն Արցախի Հանրապետություն, որը շատ վտանգավոր է, և ոչ միայն՝ Արցախի Հանրապետության, այլև՝ ՀՀ-ի համար:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031