400 քմ ընդհանուր մակերեսով խաղադաշտը նախատեսված է թե՛ բակային բասկետբոլի, թե՛ ֆուտբոլի, թե վոլեյբոլի, ցանկության դեպքում՝ նաեւ թենիսի համար: Նախագծի համահեղինակ, մասնագիտությամբ մարկետոլոգ Պետրոս Ծամերյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրականանում է իր մանկության երազանքը. «Մենք միշտ խնդիր ենք ունեցել, որ Երեւանում չեն եղել հանրային դաշտեր, որտեղ ընկերներով կարողանայինք բասկետբոլ խաղալ: Իսկ եթե այդպիսիք եղել են, ապա՝ խիստ անմխիթար վիճակում: Կասկադի մերձակա տարածքի այս խաղադաշտը շատ հարմար է ամբողջ աշխարհում լայն թափով զարգացող Street Art-ը նաեւ Երեւանում զարգացնելու համար: Այս ընթացքում, ինչ զբաղված ենք խաղադաշտով, մեզ մոտենում են մարդիկ, հիմնականում արտասահմանցի զբոսաշրջիկներ, հետաքրքրվում ու հիացական խոսքեր են ասում»:
Պետրոս Ծամերյանը նաեւ ասաց, որ սկզբնական շրջանում որոշակի դժվարությունների առաջ են կանգնել Երեւանի ղեկավար պատկան մարմիններին հանդիպելու եւ իրենց ծրագիրը ներկայացնելու համար: Սակայն հանդիպելուց հետո ամեն բան տեղն է ընկել: «Կենտրոն» թաղապետարանը զուգահեռ սկսեց խաղադաշտի մոտով անցնող փողոցը բարեկարգել: Այսօր նաեւ փողոցի լուսավորության հարցն են լուծելու: Ուրախացնում է նաեւ, որ շրջակա շենքերի բնակիչներն են իրենց գոհունակությունը հայտնում»:
Հարցին, թե ինչ ներկեր են օգտագործում, Պետրոս Ծամերյանը վստահեցրեց, որ ամենը, ինչ իրենք են օգտագործում, էկոլոգիապես մաքուր ջրադիմացկուն ցրտադիմացկուն, ջերմադիմացկուն նյութեր են, որոնք անգամ կարելի է համտեսել:
Կարդացեք նաև
Սա տարածաշրջանում եզակի խաղադաշտ է լինելու: Նմանատիպ խաղադաշտեր կան միայն զարգացած երկրների հայտնի այն քաղաքներում, որտեղ զարգացած է Street Art-ը:
Նկարիչը՝ Դմիտրի Պոտապովը, հատուկ հրավիրվել է Մոլդովայից: Այդ հարցում օգնել է Մոսկվայից վերջերս ժամանած Էդուարդ Հովսեփյանը, որը տեղեկանալով այս նախագծի մասին, որոշել է աջակցել նախագծի համահեղինակներ Պետրոս Ծամերյանին եւ Գեւորգ Բաղդագուլյանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ